«Գազի համակարգում իմ պատկերացմամբ, մի փոքր տխուր պատկեր է արձանագրվում։ Ցավոք, այն պայմանագիրը, որը կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, որն ԱԺ-ով վավերացվել է,  լավատեսություն չի ներշնչում՝ առ այն, որ այստեղ և հետագա համաձայնագրերում  արձանագրված  են մի քանի դրույթներ։ Այս մասին այսօր հայտարարեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի  նախագահ Միքայել Մելքումյանը՝ Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում: «Առաջին, այսպես կոչված, 9 տոկոսանոց ներքին եկամտաբերության  նորմայի պահանջը, որը մինչև այս  տարվա վերջ պահանջում է մոդելային  պայմանագիր կնքել։ Իսկ սա հանգեցնելու է  սակագնի փոփոխության պրոբլեմի։ Սա նշանակում է, որ երբ հունվարիմեկից այլևս նոր պայմաններ են առաջ գալու, հայաստանյան կողմը պետք է բանակցելու բովանդակությունն այնպես ձևակերպի,  որը չտանի սակագնային քաղաքականության էլավելի լարման»,- ասաց Միքայել Մելքումյանը։ Երկրորդ անհանգստացնող խնդիրը , ըստ Մելքումյանի,  տարբեր համաձայնագրերով  ամրագրված այն դրույթն է, որ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը,  անկախ ամեն  ինչից, պետք է պահպանվի։ «Առաջիկայում, երբ կսկսվեն ծանր բանակցություններ գազի սակագնի սահմանման համար, իմ նշած դրույթները, համոզված եմ, պետք է վերանայվեն»,- ասաց Մելքումյանը։