Սա կոչվում է ազգային պետության վախճան
Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Որքան էլ անձնական խորը ակնածանք ունենամ Վարազդատ Կարապետյանի նկատմամբ, որևէ կերպ չեմ կարող համաձայնվել այս մոտեցման հետ: Սա կոչվում է ազգային պետության վախճան: Ամեն բան հանել տալ մասնավորին: Մասնավոր դպրոցներ, մասնավոր հիվանդանոցներ, մասնավոր ոստիկանություն (ո՞վ ասաց, որ մասնավորը չի կարող հասարակական կարգն ավելի լավ պաշտպանել, քան պետությունը, կամ էլ մասնավոր խուզարկուներն ավելի վատն են քան պետականները), մասնավոր բանտեր, մասնավոր դատարաններ, մասնավոր բանակ (վարձկաններ միշտ էլ եղել են ու կլինեն), մասնավոր նախարար (ի՞նչ տարբերությունը նախարարի աշխատավարձը պետությունն է տալիս, թէ որևէ մասնավոր ընկերություն, ում հետ պետությունը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել): Բա հետո՞… Բա պետության դերը ո՞րն է: Ամեն ինչ մասնավորեցնե՞նք: (Օ, յուղոտ պատառ: Պատկերացրեք ի՜նչ ջեք փոթ կխփի այն մասնավոր ընկերությունը, ով կշահի նախկին պետական հաշվապահությունն իրականացնելու պայմանագիրը:
Մասնավոր ընկերությունը մտածում է իր բաժնետերերի հարստության ավելացման մասին: Դա է մասնավոր ընկերության նպատակը ու պետք չի նոր գյուտեր անել: Իսկ հանրային շահի մասին ո՞վ պետք է մտածի, եթե ոչ պետությունը: Փոխարեն մտածենք պետությունն ուժեղացնելու մասին, հանրային շահի մասին, մի քանի հոգու համար բիզնես ենք ստեղծում:
100.000 մարդ հանել գցել փողոց: Հենց այնպես, մի հարվածով: 100.000 պետական ծառայողը 100.000 ընտանիք են պահում: Լավ, վատ, բայց պահում են: Պետությունը չի կարող այսքան հեշտ, գրչի մի հարվածով 100.000 ընտանիքի ճակատագրի հետ խաղալ: Երկրում ն մասնավոր հատվածի համար բավարար բիզնես չկա: Մասնավոր բիզնեսում աշխատատեղերի պահանջարկը խիստ սահմանափակ է (չեմ խոսում սեզոնային աշխատանքի մասին. օրինակ՝ պահածոների գործարանում սեզոնային բանվոր): 100.000 մարդու մասնավոր հատվածն ինչպե՞ս է կլանելու: Թրեյնինգո՞վ: Լավ էլի, մեծ մարդ եք:
Պետություններն ուժեղ են այն ժամանակ, երբ կա փոխադարձ պատասխանատվություն՝ պետությունը պատասխանատու է քաղաքացիների, իսկ քաղաքացիները պետության համար: Պետության առաքելությունը բոլորի մասին հոգ տանելն է, այլ ոչ թե 100.000 հոգուն զոհ տալը մնացածի ենթադրյալ բարեկեցության համար: 100.000 հոգուն փողոց շպրտելու համար շատ խելք պետք չէ, բայց այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելն է, որ իմաստություն է պահանջում: Այսպես որ գնանք, կարո՞ղ է վաղը մյուս օրն էլ մեկը պահանջի Արցախը զոհել, որ Հայաստանը լավ ապրի: Մտահոգ եմ…:
Արթուր Խաչատրյան
ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար