Ինչո՞ւ է վերջին ընտրություններում Արևմուտքն այդքան բացահայտ աջակցել գործող ռեժիմին. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի աշխարհագրական դիրքն այն հազվագյուտ կետերից մեկն է, որտեղ հատվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի և ավելի ակտիվ դարձող Չինաստանի շահերը։
ԱՄՆ-ում գիտեն, որ տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը հավանական չէ։ Հայաստանն աշխարհագրորեն մեկուսացված է ԵՄ-ից, ունի տարածաշրջանային պրոբլեմներ և օբյեկտիվորեն շարունակում է կապակցված մնալ Ռուսաստանի հետ։
Սակայն ԵՄ մերձեցման թեման ստեղծում է հարմար քաղաքական շրջանակ՝ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու, ռուսական ազդեցությունը նվազեցնելու, արևմտյան ազդեցությունն ընդլայնելու, ինչպես նաև ներդրումների և անվտանգային ոլորտում համագործակցության համար։
Այլ կերպ ասած՝ ԵՄ անդամակցությունն անիրատեսական է, սակայն Հայաստանի աստիճանական տեղափոխումը դեպի արևմտյան (հատկապես՝ թուրքական) ազդեցության գոտի՝ իրատեսական է։
Ուկրաինական պատերազմից հետո, ԱՄՆ-ի ռազմավարությունն ուղղված է ռուսական ազդեցության նվազեցմանն այն տարածքներում, որոնք Մոսկվան ավանդաբար համարում է իր շահերի գոտի։
Պատմականորեն Հայաստանը եղել է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը: ԱՄՆ-ի տեսանկյունից, եթե Հայաստանը սկսում է աստիճանաբար հեռանալ Մոսկվայից, դա աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության թուլացման հերթական ցուցիչ։ Կարծում եմ այս փուլում Արևմուտքի համար այդ գործոնն ավելի կարևոր է, քան Հայաստանի անվտանգությունը կամ «եվրոպական ապագան»։
Հայաստանը շարունակում է մնալ Իրանի քիչ թվով բարեկամ հարևաններից մեկը։ Վաշինգտոնը շահագրգռված է նաև Իրանի հյուսիսային սահմանների մոտ արևմտյան ներկայության ուժեղացմամբ: Նահանգներին անհրաժեշտ են տրանսպորտային, էներգետիկ և այլ կոմունիկացիաներ, օգտակար հանածոներ, ինչպես նաև Հարավային Կովկասում Իրանի հնարավոր ազդեցության սահմանափակում։
Սա նշանակում է, որ երկարաժամկետ ռազմավարական պլանավորման տեսանկյունից, առևտրային ուղիների, ռեգիոնալ կոմունիկացիաների և էներգակիրների համար մղվող պայքարում, Իրանի հյուսիսային սահմանին ՀՀ դեմքով գործընկեր պետության առկայությունն ԱՄՆ-ի համար որոշակի արժեք է ներկայացնում։
Հարավային Կովկասն ընկած է այն խաչմերուկում, որոնք կապում են Եվրոպան, Կենտրոնական Ասիան, Կասպիական տարածաշրջանը և Չինաստանը։ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ եթե ակտիվ ներկայություն չունենա տարածաշրջանում, ապա ապագա ենթակառուցվածքային, հեռահաղորդակցական, լոգիստիկ և էներգետիկ նախագծերը կարող են ամբողջությամբ անցնել Չինաստանի և Ռուսաստանի վերահսկողության տակ։
Ինչո՞ւ է վերջին ընտրություններում Արևմուտքն այդքան բացահայտ աջակցել գործող ռեժիմին: Որովհետև նրանք այդ ընտրություններն իրենց համար գնահատում են որպես ռազմավարական նշանակության հարց: Ոչ թե, որ Նիկոլը «հայտնի դեմոկրատ» կամ «վստահելի արևմտամետ» է, այլ, որովհետև նա պատրաստ է պետությունը դնել աշխարհակարգի վերափոխման փորձարկումների տակ՝ առանց մտածելու հետևանքների մասին:
Արևմուտքի տեսանկյունից՝ ՀՀ ներկայիս անհեռանկար, կապիտուլյացված ու կախյալ կառավարությունն ավելի ընդունելի և հարմարավետ է, քան այն կառավարությունը, որը կարող է փորձել վերականգնել հավասարակշռված հարաբերությունները փոխադարձ շահեր ունեցող դաշնակից և գործընկեր բոլոր երկրների հետ»:











































