Դրել քննում ենք՝ մանդատը վերցնե՞ն-չվերցնե՞ն. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Թանգարան բաց երկինքի տակ»-ը բռի և գռեհիկ ձեռքով դարձրին «բանտ բաց երկնքի տակ»։ Ու հենց այսպես էլ դեռ ապրում ենք էս երկնքի տակ, գիտենք՝ մանանա չի լինելու։ Մարդկանց արգելում են երկրից դուրս գալ, մի քանի օրով գնալ իրենց անձնական գործերով, ու մարդիկ, հայտնի գործարար, նախկին նախագահ, իրենց թիմերը բողոքում են, ընդվզում (իրենց ձևով), անհամաձայնություն հայտնում։
Ինչ-որ լածիրակներ, շատ արագ «քաղաքական նատաշաներ» դարձած գոյացություններ գրում են, թե «փախնում էին, ծլկում էին»: Իրականում ո՛չ փախնում են, ո՛չ ծլկում։ Եվ ոչ մեկս չենք փախնելու. պարտավոր ենք մնալ, որ «սրանք» գնան ու իրենց «քիրվաները» չգան։ Ես ո՛չ հայտնի գործարարի, առավել ևս, նախկին նախագահի դատապաշտպանը չեմ. իրենց շուրջը այդպիսիք շատ են։
Ես, անշուշտ, դատապարտում եմ կատարվածը, բայց եկեք ճիշտ հասկանանք էս երկիրը, նրա էս օրը։ Իսկ մի՞թե խորը զարմացած եք, ապշա՞ծ։ Չէիք հասկանո՞ւմ, որ էս է լինելու։
Հա, սրտանց դատապարտում եմ, բայց մեր դատապարտումները ո՞ւմ են պետք։ Մեր երկիրը դարձել է արհեստական անբանականության տարածք. այո՛, սա մեր ներսի ու դրսի թշնամիների համար լոկ տարածք է, որը ձևում են, կտրում, կտրատում՝ ոնց որ իրենց է պետք, ու հեչ կարևոր չէ, թե մկրատի տակ ով կամ ինչ կմնա։ Հասկանանք նաև, թե ի՞նչ էինք ասում, ինչո՞ւ էինք ասում, որ սրանց հետ ընտրության գնալը ինքնասպանության պես է լինելու։ Երկիրը երկիր չէ, մերը չէ, սա զավթված երկիր է, բռնապետիկն էլ՝ անսանձ։
Դրել քննում ենք՝ մանդատը վերցնե՞ն-չվերցնե՞ն, ըսե՞լ, թե՞ չըսել։
Էհ, քննարկեք, որոշներն էլ կողքից խորհուրդներ են տալիս, հաթաթա են անում։ Դեժավյու չեք ապրո՞ւմ։ Մեկ բան պետք է անցած ութը տարիներին վերջապես հասկացած լինեինք՝ անբարո քայլերին բարոյական քայլերով չեն հակադարձում, կռվի մեջ քեզ կրակողին խելացի, իմաստուն բառերով, իրավական պուպուշ բաներով չեն հակադարձում։ Կասեք՝ իսկ ի՞նչ են անում․․․ Դուք ինձնից լավ գիտեք։ Զուտ հիշեցնեմ, դեռ հնուց է ասված՝ ակն ընդ ակն, ատամն ընդ ատամ։ Խորը փոսի մեջ ենք, իրական անդունդի և դուրս չենք գալու, քանի դեռ մեկս մյուսին ոչ թե ձեռք ենք մեկնում, այլ՝ վերևից խորհուրդներ ենք տալիս՝ աջից բարձրացիր, ձախ գնա, մանդատը վերցրու, վայ, չվերցնես։ Հերի՞ք չի. ծակ փիլիսոփաների պակաս չկա։ Թողեք աշխատեն։ Ժողովուրդը իր մանդատը տվել է, թողեք ստացողները կողմնորոշվեն։ Ես ընտրել եմ ընդդիմությանը, որովհետև հավատացել եմ՝ կգան փոփոխությունները, կարվի փոփոխություն։ Ես իմ մանդատը տվել եմ իշխանափոխության համար և ոչ ընդդիմափոխության։
Ու ոչ մեկը չի գցում պարանը, չի տալիս ձեռքը։
Կորցրե՞լ ենք պարանը, կապե՞լ ենք ձեռքներս։
Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»:











































