Հայ եկեղեցին նշում է Սուրբ թարգմանչաց վարդապետների տոնը
Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Նրանք, իրենց անմահ գործով, գրերի գյուտով և Աստվածաշունչ Մատյանի թարգմանությամբ, հանդիսացան հայ ժողովրդի հոգևոր վերածնության ռահվիրաները: Թեև իրականում այդ մարդիկ շատ-շատ են, սակայն հայոց տոնացույցում հիշատակվում են միայն Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Քերթողը (Մովսես Խորենացին), Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին ու Ներսես Կլայեցին, այսինքն՝ Շնորհալին:
Ղազար Փարպեցին այսպես է նկարագրում այդ տեսարանը. «Պայծառացան եկեղեցիները, սրբերի վկայարանները, ծաղկեց Աստվածաշնչի ուսումը: Թարգմանիչները՝ մշտաբուխ վտակների նման՝ հորդում էին իրենց մեկնաբանությունները: Մարգարեական խորհրդավոր խոսքերը լուսաբանելով՝ մեղրի խորիսխից ավելի քաղցր հոգևոր խորտիկներով լցված սեղաններ էին դնում ամբողջ ժողովրդի առաջ…Հայոց բովանդակ աշխարհը լցվեց Տիրոջ գիտությամբ….»:
Սուրբ Գրքի քարոզչությամբ Թարգմանիչները բացեցին նաև մեր ժողովրդի հոգևոր աչքերը: Աստվածաշնչում գրված է, որ երբ առաջին մարդիկ մեղք գործեցին, բացվեցին նրանց աչքերը, և նրանք հասկացան, որ մերկ են (Ծննդ. 3.6-7): Եկեղեցական մեծանուն հեղինակներից Որոգինեսն ասում է, որ մեղքից հետո բացվեցին առաջին մարդկանց մարմնական աչքերը, և փակվեցին հոգևոր աչքերը:
Իսկ Թարգմանիչները, Սուրբ Գրքի հրաշալի և ամբողջական գանձերը մատուցելով, Աստվածաշնչի խրատներով սովորեցրին նորադարձ հայ ժողովրդին մաքրել սրտերը հեթանոսական մեղքերից և հոգու աչքերով տեսնել ճանապարհը ճշմարիտ աստվածպաշտության, ըստ այն խոսքի, թե` երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն (Մատթ. 5.8):