25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք»

Աստծու պատկերով և նմանությամբ արարված մարդը Աստծու շունչն է և արարչագործության պսակը (Ծննդ. 2:7): Արարիչը նրան կարգեց՝ իշխելու ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա (Ծննդ. 1:26): Ցավալի է, բայց մարդը ոչ միշտ է արտահայտում այն, ինչ իրեն շնորհվել է բնությամբ, այսինքն՝ ոչ միշտ է ապրում Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող անձին բնորոշ կերպով: Քրիստոնյան, որ փրկագնվել է Աստծու Որդու արյամբ, Աստծու որդեգիրն է, Սուրբ Հոգու տաճարը և Երկնքի Արքայության ժառանգակիցը:

Աստծու որդեգիրը համարվող որոշ քրիստոնյայների մոտ նկատելի է կործանարար սառնասրտություն իրենց հավիտենական ապագայի հանդեպ, նրանց մոտ թուլացել կամ բացակայում է  հավիտենական կյանքի հանդեպ ամուր ու կենդանի հավատը, որ ունեն և որով ապրում են ճշմարիտ քրիստոնյաները: Այսինքն՝ նրանք հավատում են հավիտենական կյանքին, բայց այնքան թույլ է նրանց հավատը, որ դա չի հուզում իրենց և այդ մասին հազվադեպ են հիշում:

Նրանք հավատում են, որ հոգին անմահ է, հավատում են, որ կա հավիտենական երանելի կյանք և հավիտենական տանջանք, որ աստվածային արդարադատությամբ արդարներն արժանանալու են հավիտենական երանելի կյանքին, իսկ մեղավորները՝ հավիտենական տանջանքի, հավատում են այդ ամենին, բայց ողջ սրտով չեն ընդունում այդ մեծագույն ճշմարտությունը, չեն խորհում, թե ինչ է նշանակում հավիտենական երանության կամ տանջանքի մեջ լինել, առավելապես՝ հավիտենական տանջանքի, որ անասելի է և ակնթարթով անգամ չի թուլանալու:

Որոշների մոտ էլ սառնասրտությունը հավիտենության հանդեպ առաջ է գալիս՝ աշխարհին և նյութականին կառչած լինելու պատճառով: Նրանք այնպես են կառչած ժամանակավորին, որ չեն կարողանում մտածել հավիտենականի մասին, նրանց սիրտը միայն երկրայինին է գամված, նրանց միտքն այնքան է զբաղված երկրայինով, որ այնտեղ երկնայինի մասին ոչ մի միտք չի կարող մնալ: Հավիտենության հանդեպ անտարբերության հաջորդ պատճառն այն է, որ մարդիկ, որոշ մեղքերի մեջ ապրելով և դրանց սովորելով, չեն ցանկանում հրաժարվել դրանցից, որպեսզի մտածեն դատաստանի, հավիտենական կյանքի մասին, ինչը գուցե ստիպեր ուղղելու իրենց կյանքը:  

Քրիստոնյան պետք է հաճախակի խորհի հավիտենական կյանքի մասին, քանի որ բացի ներկայիս արագահոս կյանքից, կա մեկ այլ կյանք, որ երբեք չի ընդհատվելու: Հավիտենական կյանքը մարդու համար լինելու է այնպիսին, ինչպիսին նա ապրել է երկրային կյանքում. չափազանց երանելի, եթե մարդն առաքինի կյանքով է ապրել, կամ անասելի տանջալի, եթե ապրել է անզղջում և մեղսալից կյանքով:

Հավիտենական երանելի կյանքին արժանանալու համար՝ քրիստոնեությունն Իր հետևորդներին հորդորում է պահպանել ու ջանասիրաբար աճեցնել աստվածատուր շնորհները, որոնցով քրիստոնյան հարթում է աստվածնմանության իր ուղին.  «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ: Հետևաբար, եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ կորստի պիտի մատնի նրան, որովհետև Աստծու տաճարը սուրբ է, և դո՛ւք եք այդ տաճարը» (Ա Կորնթ. 3:16-18): Ս. Պողոս առաքյալն իր խոսքով հիշեցնում է քրիստոնյային, որ պետք է ուշադիր և զգույշ լինել խոսքերի ու արարքների մեջ, որպես Աստծու տաճար՝ պահպանելով տաճարի սրբությունն ու մաքրությունը:

Քրիստոնյան Տիրոջ կողմից արժանացել է Աստծու տաճարը լինելու բարձրագույն պատվին, նրա համար մեծագույն ուրախություն է Սուրբ Հոգու տաճար լինելը, հավիտենական կյանքի աղբյուրին իր մեջ ունենալը, և այդ է քրիստոնյայի առանձնահատուկ առավելությունը, որ իր մեջ՝ որպես ճշմարիտ Աստծու տաճարում, բնակվում է Սուրբ Հոգին:

Աստված կատարում է իր խոստումը, որ տվել է Եզեկիա մարգարեի միջոցով. «Բնակությանս տեղն էլ է իրենց մեջ լինելու, ես նրանց համար Աստված եմ լինելու, և նրանք ինձ համար՝ ժողովուրդ» (Եզեկ. 37:27): Ուստի Քրիստոսի հետևորդը ժամանակ առ ժամանակ պետք է մաքրի իր տաճարն ապաշխարությամբ, որ հանկարծ այն չվերածվի կրքերի ու մոլությունների կռատան: Եվ չլինի, որ այնտեղ դրվեն շահամոլություն, արծաթսիրություն, կաշառակերություն և այլ կուռքեր կամ թագավորի մերձավորի հանդեպ նախանձի և թշնամության ոգին: Ս. Պողոս առաքյալն այս մասին ասել է. «Անհավատներին լծակից մի՛ եղեք բնավ: Ի՞նչ կապ կարող է ունենալ արդարն անօրենի հետ, կամ ի՞նչ նույնության եզր կարող է լինել լույսի ու խավարի մեջ: Ի՞նչ համաձայնություն կարող է լինել Քրիստոսի և սատանայի միջև, կամ ի՞նչ գործ ունի հավատացյալն անհավատի հետ:

Ի՞նչ նմանություն կա Աստծու տաճարի և մեհյանների միջև» (Բ Կորնթ. 6:14-16): Ուստի անհրաժեշտ է, որ քրիստոնյան վերականգնի իր տաճարը և վերականգնի անկեղծ զղջումով ու ապաշխարությամբ, զարդարի այն հավատքով, հույսով, սիրով, խոնարհությամբ և այլ առաքինություններով, անուշահոտ դարձնի Աստծու խոսքով և աղոթքով, որպեսզի հոգու խորքում միշտ լսելի լինի Աստծու խոսքը, որ «օգտակար է թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար» (Բ Տիմոթ. 3:16), լուսավորի Ս. Հաղորդությամբ՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը ճաշակելով: Սա է կատարելության և երջանկության գագաթնակետը, ուր կարող է մարդկային հոգին բարձրանալ:

Աղբյուրը՝ surbzoravor.am

 

Կարինե Սուգիկյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ