28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հիսուս Քրիստոսի վերքերով մենք բժշկվեցինք

Պետրոս առաքյալն այս խոսքերը հիմնավորել է Եսայու ամենանշանավոր մարգարեությունից, որտեղ նկարագրված է Հիսուսի չարչարանքները. «Նա (Հիսուսը) վշտերի Տեր ու ցավերի տեղյակ եղավ… իսկապես Նա մեր ցավերը վերցրեց ու մեր վշտերը Իր վրա առավ… մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մեք բժշկվեցինք» (Եսայի 53. 5)։

Այս խոսքերը մարմնավորների համար ցնդաբանություն է, բայց հավատացողների համար իրական բժշկության միջոց, քանի որ մեր Տերը Իր վրա բազմաթիվ վերքեր ստացավ ձաղկվելիս ու հռոմեական զինվորների բիրտ հարվածներից, և այդ ամենը դեռ քիչ համարելով սուր-սուր փշերից պսակ հյուսեցին ու գլխին հագցրին դաժանաբար։ Եվ խաչելության չարչարանքներից յուրաքանչյուրով մեր Տերը հատուցում էր մարդկության բյուրավոր մեղքերի գինը, այդ թվում և իմ ու քո, ինչպես որ Պետրոս առաքյալն է բացատրում. Տերն Իր մարմնով մեր մեղքերը բարձրացրեց խաչափայտի վրա, որպես քավության նոխազ, որ մենք մաքրվենք մեր մեղքերից, և Նրա վերքերով բժշկվենք հոգևոր ու մարմնավոր հիվանդություններից։

Այս մասին աղոթելիս մի քարոզիչ եղբայր Հիսուսից անձամբ հայտնություն էր ստացել, որ Տիրոջ մարմնի վրայի յուրաքանչյուր վերքը մեր մարմինների տվյալ տեղի բժշկության համար էր. օրինակ գլխի փշե պսակի վերքերը մեր գլխի հետ կապված հիվանդությունների, ու այդպես էլ մեր մարմնի մնացած բոլոր անդամների համար, քանի որ մեր Տիրոջ մարմնի վրա տեղ չկար, որ վերք չլիներ, նույնիսկ Նրա սուրբ Սիրտը վերջում գեղարդով խոցեցին, որով մենք մեր սրտերի չար խորհուրդներից մաքրվենք ու բժշկվենք սրտի հիվանդություններից նույնպես։ 

Հիմա մի անձնական օրինակով վկայեմ. մոտ 23 տարի առաջ սրտի անհասկանալի ցավեր զգացի, որը քանի գնում, սաստկանում էր։ Մենք հինգերորդ հարկում ենք ապրում, ու այդ մութ ու ցուրտ տարիներին բնական է, որ վերելակը չաշխատեր, քանի որ ոչ լույս կար կարգին, ոչ էլ միջոցներ դրանց վերանորոգման։ Ու այն աստիճանները, որոնք մինչ այդ հեշտությամբ էի բարձրանում, սրտիս տկարության պատճառով արդեն դժվարությամբ ու հևոցներով էի իջնում, իսկ բարձարանալը մի կես ժամ էր տևում երևի, քանի որ մեծ դադարներ էի տալիս բոլոր հարկերում։ Ինչևէ, աղոթքներից բացի զուգահեռ ինչ որ գիտեի ժողովրդական բժշկությունից, օգտագործեցի, բայց ոչ մի օգուտ, հևոցներն ու ցավերը շատանում էին։

Եվ ինչպես ասում են խեղդվողը շյուղին էլ ձեռք գցում, ստիպված գնացի այն տարիներին մեր թշվառ պոլիկլինիկաներից մեկը, որ հասկանամ, թե ինչումն է բանը։ Այնտեղ մի կարգին բան չասացին, այլ իրենց իմացածը փոխանցեցին, որ ոչ մի օգուտ չտվեց։ Ես կարծես թե համակերպվում էի, որ այդպես էլ մինչև մահ սրտային պրոբլեմով կգնամ այն աշխարհ, մինչև որ Տերը հասկացրեց, որ իմ սրտի բժշկության համար, Իր Սուրբ Սիրտն է խոցվել, իսկ երբ սաղմոսներից մեկում կարդացի. «Սիրտս ու մարմինս մաշվեցին, իմ սրտի՜ Աստուած, հավիտյան ինձ բաժի՜ն ընկած Աստված»: (72.26)։

Հետո գտա այլ տողեր, որոնք մեր սրտին են վերաբերվում.

«Երեսդ շո՜ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՜ր ինձանից». (50),
«Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՜ր, Աստվա՜ծ, և արդար հոգի նորոգի՜ր իմ որովայնում». (5.12)
Իսկ Սողոմոն թագավորը իրեն տված աստվածային իմաստությամբ զգուշացնում է ամենքիս. ՙԱմենայն զգուշությամբ պահի՜ր և պահպանի՜ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կյանքի աղբյուրը». (Առակներ 4.23)։

Իսկ երբ Հովհաննես առաքյալի ուղերձներից մեկում կարդացի հայրական այս խոսքերով ամեն բան հստակվեց. «Եթե ասենք մենք ոչ մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ, իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ բոլոր անիրավություններից»։ 

Որդյակներ իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք, իսկ եթե մեկը մեղանչի, Աստծո առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին ու Անարատին. և Նա՜ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև ամբողջ աշխարհի»։ (Ա Հովհ. 2.1)

Սուրբգրային այս ու մնացած խոսքերից, ես հասկացա, որ մեր սրտի տկարություններն ու զանազան ցավերն ու հիվանդությունները մեր իսկ մեղքերի ու մեր սրտերում պահած չարություններն են պատճառը, մանավանդ նենգ խորհուրդներն ու աններողամտությունը։ Ու լսել էի, որ յուրաքանչյուր քրիստոնյայի ապաշխարությունը սկսվում է սեփական մեղքերի գիտակցությամբ ու զղջումով խոստովանությամբ, բայց չգիտեի, որ դրանք նաև մեր սրտի ցավերի ու հիվանդությունների հետ կարող են անմիջական կապ ունենալ։ Ու մինչ այդ աղոթում էի, որ Տերն ինձ հիշեցնի մոռացված մեղքերս ու զղջումով մաքրվելու շնորհ պարգևի, որ ես լրջորեն նախապատրաստվեմ խոստովանությանս։

Ու որպեսզի ոչ մի բան բաց թողած չլինեմ, ես գրի էի առնում հիշածս մեղքերը, որոնք մի թերթի էջի վրա չտեղավորվեցին. այնքան թաքուն ու մոռացված, նույնիսկ անտեսված մեղքեր բացահայտեց Տերը, Ում առջև անբան անասունի նման էի ապրել ու բազմաթիվ մեղքեր կուտակել սրտումս։ Իսկ այդ օրը երբ եկավ, կարծես ինձ համար ամենակարևոր քննության շրջանը դարձավ, որից կախված էր մնացած կյանքիս ճիշտ ընթացքը։ Ու գտնելով մի քահանայի, որի հանդեպ վստահություն էի զգում, պայմանավորվեցի, որ այդ ինչ օրը գնամ խոստովանվելու։ Ու երբ ծնկած կարդալով ասում էի մեղքերս, երբեմն-երբեմն բացականչում էի.

«Ինչ անեմ տեր հայր, այսպիսի անպետքն եմ եղել, լսի՜ր ու օգնիր դրանցից ազատվելու»։ Ու երբ ավարտեցի խոստովանությունս, մտածում էի թե, հիմա այս քահանան ինձ դուրս կհանի եկեղեցուց, որպես մի անպետք ու անարժանի այս սրբավայրը մտնելու։ Բայց ի զարմանս ինձ, երբ իրեն տրված քահանայական իշխանությամբ արձակեց իմ մեղքերից (թող ընթերցողը չկարծի, թե քահանան է մեր մեղքերը ներողը, ինչպես շատերն են սխալմամբ կարծում ու գայթակղվում, քանի որ քահանան մեր նման մարդ է ու կարող է ինքն էլ մեղքեր գործած լինի, այլ ներողը Աստված է, Ում հանդեպ մենք մեղանչել ենք, իսկ քահանան միայն Իր ծառան է, ում իշխանություն է տված և մեզ մկրտելու և մեղքերից արձակելու)։ Ու խոստովանահայրս, դարձած այդ քահանան հանկարծ ամբողջ սրտով վերջում ասաց.

«Երանի՛ քեզ»։ Ես զարմացած այդ խոսքերից, հարցրեցի. «Ինչի՞ս երանի այ տեր հայր ջան», նա պատասխանեց. «Որովհետև այլևս այդքան մեղքերդ դատաստանի ժամանակ, երկնքի հրեշտակների առջև չի հիշվի»։

Ու նոր հասկացա, թե այդ ինչ մեծ ու ահավոր բեռից է ազատվել հոգիս։Իսկ երբ մեղքերիս ցուցակը տարա եկեղեցու բակում այրեցի, ու մի խաչքարի տակ լցրեցի, մի մե՛ծ խաղաղություն իջավ սրտումս, հաստատ համոզվելով, որ մարդասեր մեր Տերը իսպառ մաքրեց իմ տասնյակ տարիների մեղքերիս բեռը իմ հոգուց, Իր Խաչի տակ հավիտենապես թաղելով։

Եվ այդ նույն օրը ես մի զարմանալի երազ տեսա. իբր մի քանի տասնյակ մարդկանցով հերթի էինք կանգնել մի կամարաձև դռան մոտ, որ մտնեինք, բայց չգիտեմ թե ուր։ Մուտքի մոտ մի մարդ կար կանգնած, ով հերթով մեկ-մեկ ներս էր թողնում, ու ես ուշադրություն դարձրի, որ մի գեղեցիկ ու սպիտակ, խուճուճ մազերով բալոնկա շնիկ կար այդտեղ, որ անընդհատ ուզում էր հերթ կանգնածների մեկն ու մեկի հետ մտներ, բայց պահակը ամեն անգամ ոտքը դնում էր շնիկի դիմաց, ու նա ետ էր գնում ու հաջորդ մտնողի հետ փորձում խցկվել։ Իսկ երբ իմ ներս մտնելու հերթը հասավ, ես ասացի պահակին.

«Էս սիրունիկ շնիկին ինչո՞ւ ես արգելում, որ ներս մտնի»։ Նա ոչինչ չասաց, այլ ոտքը ետ քաշեց, ու շնիկը ինձ հետ ներս մտավ։ Իսկ այդ վայրը, ուր մտա, մի գեղեցիկ ու զմրուխտ կանաչով ծածկված անծայրածիր մարգագետին էր, առանց մի փշի ու մացառի, որտեղ մեղմ զեփյուռից սուսամբար խոտի ճերմակափաթիլ ծայրերն էին օրորվում, ու ամբողջ դաշտը մեղմության և խաղաղության ծով էր հիշեցնում։

Մինչ հիանում էի այդ երկնային գեղեցկությամբ, նկատեցի, որ այդ շունը վազեց, մտավ խոտերի արանքներն և կորավ դրանց մեջ ու այլևս չտեսա, թե ինչ եղավ։ Ու երբ արթնացա քնից, հիշեցի տեսածս ու իսկույն հասկացա մեկնությունը, ավելի շուտ, Տերը հասկացրեց, որ այդ կանաչ զմրուխտով պատած դաշտը, իմ մաքրված սիրտն ու հոգին էր, որտեղ մեղքի փշի ոչ մի մացառ չկար, քանի որ այն խոստովանությամբ արմատախիլ էր եղել, և երբ հիշեցի փոքրիկ շնիկին, մեկնությունն այս եղավ.

«Դո՜ւ, որ կամավորապես թույլ տվեցիր այդ շունը քո հոգու դաշտը մտնի, հետո տեսա՞ր, թե ուր կորավ, այդպես էլ եթե կամավորապես մեղք գործես, խաբվելով մեղքի փոքր կարծելուց, կամ էլ թեկուզ գեղեցիկ թվացող տեսքից, այն նորից կմտնի հոգևոր դաշտ ու կապականի այն. զգո՜ւյշ եղիր»։

Ահա այսպես ես ապաշխարեցի, որից հետո մեղքի ախտերից մաքրագործված սիրտս սկսեց իր բժշկությունը գտնել, և չանցած մի շաբաթ, ցավերս ու կծկումներս դադարեցին։ Ու այդուհետ, արթնալուց հետո, իմ առաջին խոսքն Աստծուն փառաբանելն է լույս առավոտի ու տրված կյանքի համար (որովհետև բազում, բազումները այդ գիշեր չեն արթնացել), որից հետո ձեռքս տանում եմ սրտիս կողմը ու խաչակնքելով և մի քանի անգամ շփելով, սաղմոսի խոսքերի համաձայն բարձրաձայն հռչակում եմ ի լուր հրեշտակների. «Սիրտս հալվում ու մաշվում է, բայց Տե՜րն է սրտիս զորությունն ու բաժինը հավիտյան». ամեն ու ամեն։ 

Փառք մեր սրտագետ Աստծուն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ