Նիկոլի առաջիկա անելիքների տրամաբանությունը հետևյալն է. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կասկած չունեմ, որ երեկ խորհրդարանում տեղի ունեցած պերֆորմանսը նախապես ծրագրված քաղաքական սցենար էր։ Փաշինյանի ագրեսիվ պահվածքը, ընդդիմադիր պատգամավորներին ուղղված վիրավորանքներն ու աղմկահարույց հայտարարությունները մի նպատակի էին ծառայում՝ Սահմանադրության շուրջ իր համար ցանկալի դիսկուրս ձևավորել և հերթական անգամ հանրային օրակարգի կենտրոնում հայտնվել։
Սա սեփական անձը հանրային քննարկման առարկա դարձնելու և իր առաջադրած թեզերը երկար ժամանակ շրջանառելու հերթական վարպետության դաս էր։ Նա ապահովեց անհրաժեշտ կոնտենտը, իսկ լրատվական ու քաղաքական դաշտը առաջիկա օրերին զբաղվելու է դրա վերարտադրմամբ։
Առանձնապես ուշագրավ էր հեռանալու մասին հերթական խոստումը։ Անշուշտ, հանրաքվեի երկու հնարավոր ելքերի դեպքում էլ հեռանալու պատրաստակամություն հայտնող Նիկոլին դժվար է հավատալ, քանի որ վերջինիս քաղաքական կենսագրությունը լի է դեպքերով, երբ մի բան է հայտարարել, հետո արել ճիշտ հակառակը։ Հեռանալու խոստումն այս անգամ էլ ավելի շատ քաղաքական բլեֆի է նման՝ հանրաքվեն իր անձնական ճակատագրի հետ կապելու և սահմանադրական փոփոխություններին լրացուցիչ լեգիտիմություն հաղորդելու փորձ։
ԱԺ-ում ինքնավստահության ցուցադրությունը հասավ այն աստիճանի, որ նա 2020, 2021, 2023 և 2024 թվականների ճգնաժամերը ներկայացրեց որպես անձնական հաղթանակներ՝ ընդդիմախոսներին հայտարարելով. «Դուք ի՞նչ եք, որ ես ձեզ չհաղթահարեմ»։ «Հերթական պասաժիրներ» անվանելուց մինչև ընդդիմադիր գործիչներին վիրավորելն ու նրանց հասցեին չհիմնավորված մեղադրանքներ, ապատեղեկատվություն և ֆեյք լուրեր տարածելը՝ նրա խոսույթում քաղաքական մրցակցությունը վաղուց փոխարինվել է հակառակորդին վարկաբեկելու և նվաստացնելու գործելակերպով։
Երեկվա հիմնական քաղաքական ուղերձը, սակայն, շատ ավելի վտանգավոր էր․ Նիկոլը հայտարարեց, որ ընդդիմությանը կա՛մ հանրային ճնշմամբ պետք է ստիպել լռել, կա՛մ հասնել նրան, որ այն այլևս խորհրդարանում չլինի։ Սահմանադրության շուրջ սկսվող գործընթացի իրական քաղաքական տրամաբանությունը հենց այս հայտարարության մեջ է։
Ըստ էության՝ Նիկոլի առաջիկա անելիքների տրամաբանությունը հետևյալն է․ հանրային քննարկումը կենտրոնացնել նոր Սահմանադրության վրա, այն կապել խաղաղության համաձայնագրի և անվտանգության խոստումների հետ, ընդդիմությանը ներկայացնել որպես այդ գործընթացի խոչընդոտ, ապա այդ հակադրությունն օգտագործել քաղաքական ճնշումն ուժեղացնելու համար։ Նրան անհրաժեշտ է, որ առաջիկա ամիսների քաղաքական օրակարգը պտտվի իր սահմանած հարցերի շուրջ, իսկ հանրային քննարկման ընթացքում աստիճանաբար սովորական դարձնի այն միտքը, թե «գործող ընդդիմությունը խանգարում է երկրի ապագային»։ Այդ ճանապարհին Սահմանադրության հանրաքվեն կարող է վերածվել նաև իշխանության և ընդդիմության հարաբերակցության վերաձևման գործիքի՝ որպես ջրբաժան։ Հետևաբար, առաջիկա գործընթացում առանցքայինը լինելու է ոչ միայն նոր Սահմանադրության նախագիծը, այլև այն քաղաքական միջավայրը, որը Նիկոլը կփորձի ձևավորել մինչև հանրաքվեն»։











































