Խաչը մեր փրկության նշանն է. խաչվերաց
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի սեպտեմբերի 11-ին տոնում է Խաչվերացը՝ Սըրբխեչը։ Այն Խաչին նվիրված ամենակարևոր տոնն է, խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակը: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Իսկ հաջորդող երկուշաբթին ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդ օրը մեռելոց է։ Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերաց նշանակում է Խաչը վեր բարձրացնել ի տես քրիստոնյա աշխարհի: Այս տոնը Տիրոջ խաչափայտի հիշատակության, փառաբանման տոնն է:
Խաչվերացի խորհուրդը խաչը գտնելու մեջ է, այս տոնը հաստատվեց խաչի երեք գյուտերի արդյունքում։ Խաչը կորցնում ենք անտարբերության, մեղքի և թշնամանքի, չարության պատճառով։ Իսկ գտնում ենք այդ ախտերը հաղթահարելու արդյունքում»։ Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց:
Տոնի հիմքում պատմական իրադարձություն է: 614 թվականին Պարսից Խոսրով թագավորը գրավում է Երուսաղեմը` գրեթե հիմնովին ավերելով այն: Պարսիկները, նյութական և հոգևոր արժեքների հետ գերեվարում են նաև Տիրոջ խաչափայտը և տանում Պարսկաստան: Տասնչորս տարի անց, Բյուզանդիայի Հերակլ կայսրը մեծ զորքով շարժվում է Պարսից երկիր` վերադարձնելու Փրկչի Խաչափայտը: Բյուզանդացիները խաչն ազատում են գերությունից և հանդիսավոր թափորով տանում Երուսաղեմ: Թափորն անցնում է նաև պատմական Հայաստանի Կարնո գավառով: Երեք տարի Պոլսում մնալուց հետո, կայսրն այն անձամբ Երուսաղեմ է տանում և ուսի վրա դրած բարձրացնում սուրբ Հարության տաճար ի տես բոլոր քրիստոնյաների: Հենց այդ ժամանակից էլ մեծ հանդիսավորությամբ նշվում է Սուրբ Խաչի գերությունից վերադարձի ու բարձրացման տոնը: Խաչվերացը հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Ըստ Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան: