Հայուհիների հետազոտությունները՝ գերմանացիների ուշադրության կենտրոնում
“Հայկական մշակութային աշունը“ Գերմանիայում շարունակվում է: Երեկ Բոխում քաղաքի կենտրոնական արխիվի նիստերի դահլիճում երիտասարդ չորս հայուհիներ ներկայացրել են իրենց թեզերը` երկուսը դասախոսություների, իսկ երկուսն արդեն տպագրված գրքերի տեսքով (Արուսյակ Գալստյան, Տաթեւիկ Իսպիրյան, Հասմիկ Մատինյան եւ Օֆելյա Սարգսյան): Նրանք բոլորն էլ կրթություն են ստացել նաեւ Գերմանիայում` հետազոտություններ կատարելով արդիական թեմաների շուրջ: Հասմիկի եւ Օֆելիայի մագիստրոսական աշխատանքներն այնքան բարձրակարգ եւ հետաքրքրաշարժ են եղել, որ գերմանական գիտական հրատարակչություներն իրենք են դիմել հայուհիներին` աշխատությունները տպագրելու խնդրանքով: Արդյունքում նրանց գրքերն արդեն Գերմանիայի գրախանութներում է հայտնվել:
Օֆելիայի աշխատությունը խիստ արդիական կարելի է համարել: Նա ուսումնասիրել է Հայաստանի եվրոպական միությանը ինտեգրվելու, միանալու հնարավորությունները: Իսկ Հասմիկի աշխատանքը, որը բավական բարձր գնով է վաճառվում (80 եվրո), ներկայացնում է Մուբարակաի կերպարը գերմանական մամուլում: Թե ինչպես է Մուբարակը ընկերոջից միանգամից դառնում դիկտատոր եւ պիտի հեռանա: Հեղինակը ցույց է տալիս գերմանական մամուլի ոչ օբյեկտիվ վիճակը:
„Մենք սրանով ուզում ենք ցույց տալ, որ երիտասարդ հայուհիները մտնում են գերմանական հումանիտար գիտության մեջ եւ լուրջ խոսք են ասում: Եղել են խառը գիտաժողովներ, բայց երիտասարդ հայուհիները գերմանական հումանիտար գիտության մեջ հանդես գալու դեպք չի եղել երբեւէ: Նման շատ երիտասարդներ ունենք, հատկապես եթե հաշվի առնենք, որ Գերմանաիյում այսօր ունենք մոտ 3000 հայ ուսանող եւ ասպիրանտ: Որպեսզի ծրագիրը շատ խիտ չլիներ, միայն այս հեղինակներին հրավիրեցինք,- պարզաբանում է Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը եւ հավաստիացնում, որ երտասարդներին պարբերաբար բեմ կտրամադրեն, որ իրենց գիտությունը ներկայացնեն նաեւ այս շրջանակներում, որ գերմանական գիտական աշխարհից բացի, ներկայացնենք նաեւ հայկական աշխարհին, որ առարկայորեն օրինակ ծառայեն մյուս հայ երիտասարդներին: Սա նաեւ հիանալի միջոց է, որ ստեղծվի հայագիտական ցանց: Օրդուխանյանի գնահատմամբ միեւնույն ժամանակ մշակութային ժողովրդի ցեղասպանության եւ համաշխարհային պատերազմի պատճառով կորած իմիջն է վերականգնվում:
„Հայկական մշակութային աշունը“ Գերմանիայում միջոցառումներից այս մեկը կազմակերպել են Հայ ակադեմիականների միությունը, Բոխումի պետական կենտրոնական արխիվը եւ Ռանգենդինգեն քաղաքի եվրոպական ինստիտուտը:
„Հետաքրքիր հանդիսատես էր հավաքված դահլիճում, Քյոլնից, Աախենից, Համբուրգից ու տարբեր քաղաքներից: Շատ ակտիվ, ինտենսիվ քննարկում տեղի ունեցավ, թեմաներն էին շատ հետաքրքիր“,- պատմում է Ազատ Օրդուխանյանը: – Հասմիկի գիրքը Մուբարաքի մասին եզակի է ընդհանրապես իր բնագավառում, նման դեպք չի եղել, մոտ կամ նման աշխատություն ոչ մեկը չի գրել, որը քննարկում է գերմանական մամուլի եւ քաղաքականության հարաբերությունը: Նա վերլուծել է չորս կենտրոնական թերթեր, շատ հետաքրքիր են համեմատականները Սադամ Հուսեինի եւ այլոց հետ: Երկու գրքերն էլ, դասախոսություններն էլ բավականին մեծ քննարկամն առիթներ հանդսացան: Արուսյակի թեման` Սփյուռքից դեպի սփյուռք, նրանց համատեղ աշխատանքի բարդություններն ու հնարավորությունները, երկու երեք սերունդների մեջ, շատ հետաքրքիր էր: Քննարկումը ակտիվ էր նաեւ Տաթեւիկի թեմայից հետո` նա ներկայացրեց ցեղասպանության ճանաչման գործընթացները Գերմանիայում եւ ԱՄՆ-ում երկկողմ հայկական համայնքների օրինակով: Մենք ստիպված էինք ռեգլամենտը պահելու համար քննարկումները հաճախ ընդհատել, շատ էին հարցադրումները:
Պատմությունը վկայում է, որ հարյուր տարի առաջ գերմանական հայագիտությունը շատ առաջատար դեր է ունեցել, շատ հայագետներ լուրջ ներդրումներ են արել շարունակ, հետո որոշ ժամանակածրջանում այն կոտրվել է ազգայնամոլների կողմից: Հիմա նորից վերականգնվում է հին ավանդույթը կարեւոր տարբերությամբ` նախկինի համեմատությամբ տղաների կողքին արդեն աղջիկներն էլ են խոսք ասում: Ահա սա է ցանկացել ցույց տալ Հայ ակադեմիականների միությունը:
Եվ չնայած վերոնշյալ թեմաներից մեկը գերմանական մամուլի ոչ օբյեկտիվ վիճակն էր ներկայացնում, այնուամենայնիվ երկու տեղական թերթերն էլ լուսաբանել են իրադարձությունը (Westdeutsche Allgemeine Zeitung եւ Ruhr Nachrichten):
Գայանե Առաքելյան