«Ուրախությունն իմ դուք գողացել եք»․ Բագրատ Սրբազանը բանաստեղծությամբ է արձագանքում կալանքի 8 ամսին

Ուրախությունն իմ դուք գողացել եք,
Որկորը տռզած առնետի նման…
«Բագրատ Սրբազանը կալանքի 8-ամսյակի առիթով բանաստեղծություն է գրել
Կարծես բոլորիս անունից գրած լինի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիդյա Մանթաշյանը՝ հրապարակելով Բագրատ Սրբազանի գրած բանաստեղծությունը.
Հաշտության Քարոզիչը
Իմ Հայրենիքը
Ուրախությունն իմ դուք գողացել եք,
Որկորը տռզած առնետի նման,
Երջանկությունս դուք գողացել եք,
Դարձրել ձեր կուռքին խնջույքի սեղան։
Երազները իմ դուք կողոպտել եք,
Երազն անհունի թռիչք ու ճախրանք,
Իմ եղբայրներին զոհաբերել եք,
Հայրենավաճառ բագինում արյան։
Տեսիլքները իմ դուք խավարել եք,
Ձեր հոգով խավար, երգով դիվական,
Իղձերիս վրա արբած պարել եք,
Կրքից գալարվող քրմուհու նման։
Իմ Հայրենիքը դուք հոշոտել եք՝
Ձեր ժանիքները սրտի մեջ խրած,
Ստի ու մեղքի գավով հափռել եք՝
Բորենու նման խրախճանք սարքած։
Իմ կյանքը, նույնիսկ իմ մահն եք փորձել,
Գողանալ ինձնից, դարձնել գերեզման,
Եվ հենց այդ շիրիմից դուք սարսափում եք,
Ճառագող լույսի շողից հավիտյան։
Բայց դուք անզոր եք, չեք կարող թաղել,
Պատիվը կյանքիս ու նաև մահվան,
Ուրախությունս՝ ձեզ դատավճիռ,
Երջանկությունս՝ ձեր ճամփին խարան։
Երազները իմ առավել են, քան
Կյանքի ու մահվան խաղը սիրական,
Նրանց չե’ք կարող, չե’ք կարող խեղդել,
Մութ զնդաններով անարգ ու դաժան։
Տեսիլքները իմ չունեն սահմաններ,
Լուսավոր ու պարզ երկնքի նման,
Իսկ հեքիաթներս հավերժ հյուսվում են,
Բարու շքերթի երգով հաղթական։
Իմացե’ք սակայն, դժգույն հոգիներ,
Անծագում, անսեռ և անդիմագիծ…
Իմ Հայրենիքը կրկին կհառնի՝
Նահատակներիս արյունով օծված,
Նրանց լուսավոր փառքի պսակը,
Մեծ Ճանապարհին և լո՜ւյս, և ասպա՜ր։
Իմ Հայրենիքը կրկին կհառնի,
Ազատ ու սիրով, տեսքով դյութական,
Հայոց Դրախտը նորից կծաղկի,
Հաղթական փառքով վաղ, թե անագան։
Իմ Հայրենիքը կրկին կհառնի,
Ամենակալի Աջով Հայրական,
Տիրոջ Սեղանի հաց ու գինու պես,
Կենսատու սիրով, կյանքով Հարության։
Կփթթան նորից ծաղիկներն ալվան,
Կժպտան դարձյալ դաշտ, գետեր ու ձոր,
Սեգ գագաթները երկրի մովի մեջ,
Ձայն կտան միմյանց վեհ լեռներն Հայոց։
Ու կծածանես թևերդ սփռած,
Աստվածապատգամ գույներով շողուն,
Կընթանաս խրոխտ ազգերի երթում,
Իմ անվախճան սեր, իմ Տուն Եռագույն։
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
24.02.2026
Ը ամիս











































