Գիշերային ջուրը և ցերեկային պոպուլիզմը

Նիկոլ Փաշինյան, Դավիթ, Խուդաթյան, Գևորգ Պապոյան և ուրիշներ․ Վեոլիա Ջուր ընկերության՝ գիշերային ջրանջատումների մասին հայտարարությունը պատահական չէր ու կապված է համակարգային պրոբլեմների հետ, մասնավորապես․
– համակարգը թարմացնելու (ժանգոտած խողովակաշարեր ևն) վերաբերյալ կառավարության ստանձնած պարտավորությունների չկատարում կամ թերի կատարում,
– մեծ ջրատարների վրա շինաղբի ապօրինի կուտակում և պայթյունավտանգ իրավիճակի ստեղծում,
– բազմաբնակարան բարձրահարկերի շինթույլտվություն, ինչի հետևանքով, օրինակ, 50 տան համար նախատեսված խողովակից պոմպով ջուր են մղում 500 բնակարանի համար,
– քաղաքաշինական խտացման (բարձրահարկերի կառուցման թույլտվության) հետևանքով կոյուղատարների ծանրաբեռնվածություն, խցանում, իսկ հաճախ՝ ջրահեռացման անհնարինություն,
– սեփական տների սեկտորի կողմից զանգվածային ջրագողություն և անթույլատրելի քանակով ջրի ծախս և այլն։
Հարց՝ նշված անձանց․ ի վիճակի՞ եք այս խնդիրները կարգավորել 2 ամսում։ Պատասխանը պարզ է՝ ոչ։ Այդ դեպքում ի՞նչ հիմքերով եք ստիպել Վեոլիա Ջրին՝ չանջատել ջուրը գիշերները։ Պատասխանը կրկին պարզ է՝ նախընտրական պոպուլիզմի կանոններով։ Անջատելու՞ է Վեոլիա Ջուր ընկերությունն ամռան գիշերները։ Իհարկե՝ այո։ Ինչպես ամեն տարի։ Տեսել ենք` վճարման կտրոններին գրում են 24 ժամ, բայց ամառը ողջ գիշեր ջուրն անջատում են։
Վերջին հարցը՝ ի՞նչ անուն տալ ձեր հայտարարությանն ու արածին․․․ Այս մասին գրառում է արել ընդդիմադիր ակտիվիստ Վահե Սարգսյանը: Շարունակելով Վեոլիա Ջուր ընկերության ամառային ջրանջատումների սկանդալային թեման՝ լրագրող Նաիրի Հոխիկյանը նշում է․ «Նիկոլին առաջարկում եմ հայտարարել, թե կառավարության միջամտության շնորհիվ Մարս մոլորակից հարձակումը Երկիր մոլորակի վրա կասեցվել է։ Ստի մեծ ու փոքր չի լինում։ Եթե սուտ են խոսում, թող ասեն՝ ինչքան հնարավոր է անհավատալի ստեր։
Նիկոլենց առերևույթ դրդումով «Վեոլիա ջուր»-ը հայտարարում է, թե ամբողջ ամառը մարդիկ գրեթե ջուր չեն ունենա, Նիկոլի թիմը արդարանում է, թե մարդիկ շատ են ջուր օգտագործում, դրա համար պետք է սովորեն ջրանջատումներին, որ նորոգումներ լինեն, հետո նույն նիկոլենք հայտարարում են, թե կառավարության միջամտությամբ ջրի անջատումներ չեն լինի։
Այս խեղկատակությունը ինձ հիշեցնում է «Քաջ Նազարը» հեքիաթը, երբ Նազարը հայտարարում է, թե ինքը կարողացավ այնպես անել, որ արևը դուրս գա արևելքից ու մայր մտնի արևմուտքում»։՝











































