Վաշինգտոնում քննարկել են արեւմտահայերենի պահպանության հարցը
Վաշինգտոնում անցած Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները: Համաժողովին մասնակցած անվանի ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, խնդիրն առավել քան արդիական է, հայտնում է Ամերիկայի ձայնը.
«Վտանգված լեզու է, մեր գեղեցիկ արեւմտահայ բառբառները, որով ես մեծացա: Մեր արեւմտահայ գրականությունը շատ հարուստ գրականություն է, բայց այսօր դժբախտաբար նահանջի մեջ ենք, որովհետեւ արդեն 100 տարի Սփյուռքի մեջ ենք եւ հետզհետե մեր սերունդները կդժվարանան»:
Ի տարբերություն Հայաստանում գործածվող արեւելահայերենի, արեւմտահայերենի ճակատագիրը այլ կերպ է դասավորվել, նշում է Կանադայի Մանքթոնի համալսարանի դասախոս Սիլվիա Կասպարյանը
«Արեւմտահայերենը մնացել է միայն որպես Սփյուռքի լեզու, կապված է Սփյուռքի հետ»:
Մինչդեռ, հայ համայնքներում երկրորդ եւ երրորդ սերունդներում հայերեն տանը գրեթե չեն խոսում՝ երեխաներին հայերենի գործում ապավինելով հիմնականում կիրակնօրյա դպրոցների վրա, պատմում է Կալիֆորնիայի համալսարանի ուսանող Ջեսի Առլենն, ով ինքն է կիրակնօրյա դպրոցում հայերեն դասավանդում.
«Կիրակնօրյա դպրոցները բավարար չեն լեզուն սերունդներին փոխանցելու համար»:
Համաժողովի կազմակերպիչ Գուլբենկյան հիմնադրամը ներկայացնող Անի Գարմիրյանի խոսքով, հիմնադրամն ունի արեւմտահայերենի պահպանության ծավալուն ծրագիր, որը նախատեսում է լեզվի ուսուցում, գրականության տպագրում, թարգմանություններ եւ ամենակարեւորը՝ ճամբարներ, որտեղ երիտասարդները կարող են արեւմտահայերեն սովորել.
«Իրար կծանոթանան, միասին հաճելի ժամանց կունենան, եւ կզարգացնեն իրենց հայերենը գրավոր, խոսակցական»:
Նոր ժամանակները արեւմտահայերենի պահպանման համար նոր մոտեցումներ են պահանջում, նշում են գիտնականները.
«ԱՄՆ-ում մենք ունեինք միայն արեւմտահայերենը մեր բառբառներով՝ Խարբերդի, Վանի եւ այլն», – Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով, վերջին քառորդ դարի ընթացքում նորանկախ Հայաստանից արտերկիր գաղթաց հարյուր հազարավոր հայերը փոխեցին Սփյուռքի լեզուն՝ իրենց հետ բերելով արեւելահայերենը: «Եվ Ամերիկայում հայերեն լեզուն փոխվեց եւ այսօր ամերիկահայությունը, եթե հայերեն է խոսում, ապա՝ արեւելահայերեն՝ Այդ իրարկե կազդե ամեն ինչի վրա»:
Ստեղծված իրավիճակում Ռիչարդ Հովհաննիսյանը կարեւոր է համարում, որ Սփյուքում զարգանան միաժամանակ ե՛ւ արեւելահայերենը, ե՛վ արեւմտահայերենը.
«Կարելի է երկու լեզուներով հանգիստ խոսել եւ ապրել ու չզգալ, որ միայն միալեզու դառնամ, կամ միամշակույթ լինեմ»: