25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է անհրաժեշտ մկրտվելը

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցերին պատասխանում է Տ. Նշան քահանա Ալավերդյանը

Տեր հայր, կնշե՞ք մկրտության խորհրդի նշանակությունը:

Փրկագործական ամբողջ առաքելությունը, այն ամենն, ինչ Քրիստոսն արել է, վերաբերում է մեզ այն դեպքում, եթե մկրտված ենք: Մկրտությունը դուռն է դեպի եկեղեցի, երկնքի թագավորության մեր քաղաքացիությունն է, որդեգրությունն է Աստծուն, քրիստոնյա լինելու ընթացքն է. առանց մկրտության չկա քրիստոնեություն: Այն մարդը, ով մկրտված չէ՝ քրիստոնյա չէ. մկրտությամբ դառնում ենք քրիստոնյա: Ս. Հովհան Օձնեցին ընդգծում է Մկրտության երեք կարևոր փուլերը. ջրի մեջ ընկղմամբ՝ վերստին ծնունդ, մյուռոնի դրոշմները մեզ վրա դնելով՝ որդեգրություն, Ս. Հաղորդությամբ՝ Աստծո սեղանից ճաշակում: Հոգևոր կյանք ոտք դնելով, Քրիստոսին իբրև փրկիչ ընդունելով՝ ամբողջ ճանապարհն անցնում ենք Քրիստոսի հետ:

Ո՞ր տարիքում է պետք մկրտվել:

Եկեղեցին սահմանել է այն, ինչն իբրև Աստծո օրենք Մովսեսի խոսքով պատվիրանների շարքում է ներառված, որտեղ ութ օրականի մկրտությունը դիտարկվում է որպես ուխտի կրում: Հրեաները ևս ութ օրականում էին տանում իրենց զավակներին թլպատության, ուխտի. դա Աստծո ժողովուրդ դառնալու ընթացք էր: Ութերորդ օրն անվանակոչություն էր արվում, որից հետո մանկանը 40-րդ օրը տանում էին ընծայելու տաճարին, Աստծուն: Մարդիկ մկրտությամբ դառնում էին Աստծո զավակ: Սուրբ եկեղեցում էլ միջնադարից սկսած սուրբ ավազանները փոքր են եղել՝ նախատեսված մանկան համար, երբևէ, կարծում եմ, մեր հայրերը չեն մտածել, որ կարող է գալ մի ժամանակաշրջան, երբ մասսայական չմկրտված մեծահասակներ լինեն:

Եթե Աստծուն ընդունողներին փորձենք հայաստանյան միջավայրում շերտավորել, ապա կան մարդիկ, ովքեր ընդհանրապես տեղյակ չլինելով, ավանդութային կարգով ապրում են այնպես, ինչպես իրենց հայրերը, գնում են եկեղեցի, մոմ վառում: Երկրորդ շերտն այն մարդիկ են, ովքեր մկրտված են և հոգու խորքում նրանց ապրելակերպը չի տարբերվում չմկրտվածներից՝ եկեղեցի գնալ, մոմ վառել, իսկ երրորդ տեսակը, որին պետք է միտվեն բոլորը և դառնան այդպիսին, այն է, երբ մարդը գիտակցաբար է մկրտվում՝ հասկանալով, թե ով է Քրիստոսը, կարդում է Ավետարանը, հստակ հավատում, կյանքը փոխելու որոշում կայացնում: Նույնը երեխայի դեպքում է. այս ամենն անցնում է իր կնքահոր և ծնողների խնամքի ներքո:

Իսկ ի՞նչ պետք է իմանա մկրտվողը մկրտությունից հետո:

Մկրտությունից հետո սկսում է մարդու իրական հոգևոր, Քրիստոսով մաքրված կյանքը: Այս ամենի մեջ ներառվում է Սուրբ Գրքի ամենօրյա ընթերցանությունը, աղոթական կյանքին մասնակից լինելը, անձնական աղոթքն՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում կլինի: Կարևոր երրորդ հանգամանքն ամեն կիրակի մատուցվող Ս. Պատարագին հաղորդություն ստանալն է:

Մկրտությունը կարևոր արարողակարգ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, բայց այն նորմերը, որոնք պետք է պահպանեն մկրտությունից հետո, կարծես այսօր ոչ բոլորն են պահպանում: Որո՞նք են դրանք:

Մարդու՝ իբրև Աստծո պատկերով ստեղծված արարածի, ամենակարևոր հատկանիշներից մեկը թերևս այն է, որ ունի ազատ կամք ու բանականություն: Ազատ կամքն Աստծո կողմից հարգարժան է: Ժամանակակից մարդու գերխնդիրներից է աշխարհիկացումը. ուշադրությունը ցրվում է, երբ մարդը որևէ բանի ամբողջությամբ իր միտքը չի տալիս: Ինֆորմացիան, որ պետք էր յուրացվեր, փոխարինվում է նոր տեղեկատվության հեղեղով: Մարդը չի հասցնում կենտրոնանալ: Ամբողջ խնդիրը հենց ազատ կամքով մինչև վերջ ճանապարհը գնալու հանձնառությունն է:

Ո՞րն է կնքահոր դերը մկրտության մեջ:

Խորհրդային ժամանակաշրջանում կնքահայր էին ընտրում մարդկանց, ովքեր հաճախ հոգևոր կյանքից տեղյակ չէին, այլ պաշտոնյա էին, հարուստ, կնքահայրությունը դիտարկվում էր որպես լավ թիկունք հանդիսացող մարդկանց ինստիտուտ: Իրականում մկրտության կնքահայրը պիտի լինի այն մարդը, ով եկեղեցու անդամ է, եկեղեցում իր մշտական ներկայությամբ հոգևոր սնունդ է ստանում, որպեսզի կարողանա այդ հոգևոր սնունդը փոխանցել իր հոգեզավակին, դառնալ առաջնորդ հոգևոր կյանքում: Կնքահոր նվերն էլ հոգևոր բնույթի պետք է լինի, առաջին Աստվածաշունչն ինքը պետք է նվիրի, սանիկի ձեռքը բռնած, հաղորդության մասին բացատրելով՝ եկեղեցի տանի, մշտապես նախանձախնդիր լինի, որպեսզի ծնողներն էլ հանկարծ իրենց առօրյա վազվզոցի մեջ աչքաթող չանեն հոգևոր կրթությունը: 

Անցյալում կնքահայր ընտրվում էին այն մարդիկ, ովքեր հավատի մեջ ամուր, առաջնորդող էին, օրինակելի, կարող էին իրենց պարզ կերպարով ոգևորել և օրինակ հանդիսանալ: Կնքահոր ամենամեծ օգտակարությունը հոգեզավակին՝ աղոթքն էր, ծնողները վստահ էին, որ նա կաղոթեր և ամենօրյա աղոթքում իր սանիկին կհիշեր: Հիմա աշխարհիկացման արդյունքում տեսնում ենք, որ հոգևոր, սրբազան շատ արժեքներ ոտնահարվում են, արժեզրկվում, անգամ՝ մարդու կյանքը: Եվրոպական շատ ազգերի համար գուցե սեփական շունն ավելի ավելի կարևոր լինի, քան հարևանը, սիրիացին, աֆրիկացին: Շատերի կողմից Աստծո մասին խոսելու արդյունքում Աստծո և մարդու հարաբերությունն է արժեզրկվում, ինչի արդյունքում զանազան աղանդներ են ձևավորվում: Ունենալով հարուստ հոգևոր ժառանգություն և անտեղյակ լինելով՝ օտար հոսանքների ենք հետևում՝ հաճախ քննադատելով սեփականը:

Ի՞նչ է տալիս մեզ մկրտությունը:

Մկրտությունն ավետարանական հստակ կոնցեպցիա է, անդամագրում, ընտանիքում ծնունդ, որովհետև մկրտվողը գրանցվում է այդ հասարակութան քրիստոնեական ընտանիքում: Մկրտությունը մուտքն է Աստծո տարածք: Եթե մարդը մկրտված չէ, նրան չեն կարող եկեղեցում պսակել, որովհետև պսակը վերաբերում է Քրիստոսի եկեղեցու անդամներին, չեն կարող ձեռնադրել հոգևորական, խոստովանություն վերցնել, հաղորդություն տալ, հիվանդների օծման կարգ կատարել:

Մկրտությամբ դառնում ենք Հայր Աստծո որդեգիր, Քրիստոսի ժառանգակից և Աստծո Սուրբ Տաճար, և Աստծո սուրբ սեղանից անընդհատ սնվելով՝ մեր մեջ ընդունում ենք Քրիստոսին: Մկրտության արարողության վերջում ստանում ենք հաղորդություն, որով Քրիստոսի խաչելությամբ փրկագործությունը մեզ է գալիս, և դրա համար մկրտության պահին ջնջվում են երկու տեսակի մեղքերը. Ադամից ժառանգականորեն փոխանցված մեղքերը, որ կոչում ենք ադամական մեղք և որոնք անգամ մեկ օրական երեխան ունի, և, եթե մկրտվողը չափահաս է, մինչև այդ տարիքը գործած բոլոր մեղքերը, որովհետև նախկին մարդը, ով այդ մեղքերն ուներ՝ թաղվեց ջրում, և ծնվեց նոր մարդ, Քրիստոսի հետ հարություն առավ նոր մարդ:

 

Պատրաստեց Նարե Ոսկանյանը

Աղբյուրը` qahana.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ