Ի՞նչ էին ասում մարգարեները Տիրոջ ծննդյան մասին
Նախագետ Աստված նախքան Իր կուսածին գալուստը բազում օրինակներով պատկերեց Իր մարդանալու և չարչարանքների խորհուրդը, որպեսզի երբ ճշմարտապես գա, մարդիկ չտարակուսեն, գրում է ter-hambardzum.net-ը:
Ըստ այդմ ասում է առաքյալը. «Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով» (Եբր. Ա 1): Տերը նախ երևաց առաջին արդարներին՝ Աբրահամին՝ երկուհրեշտակների ուղեկցությամբ, և նրա վրանում կերակրվեց, ապա՝ Հակոբ նահապետին՝ «սանդուղքի» տեսիլքով, որով Աստված ցույց տվեց օրինակը խաչի ուԽաչյալի, այնուհետև Հակոբի հետ գոտեմարտելով ցույց տվեց Իր միանալը մարդկային բնությանը: Նույն Տերը երևաց նաև Մովսեսին՝ «անկեզ մորենու» տեսիլքով, որն այրվում էր, սակայն չէր սպառվում, ինչը խորհրդանշում է կուսական արգանդը, որի մեջ իջավ Աստվածային Հուրը և վառեց մարմնի ճրագը՝ որպես Լույս աշխարհին: Նույնպես և մյուս մարգարեներին հայտնեց Իր Մարմնով գալստյան, ինչպես նաև ծննդյան ժամանակի ու տեղի մասին, որի համաձայն՝ Հիսուս Քրիստոս պետք է ծնվեր Դավիթ թագավորի հայրենի Բեթղեհեմ քաղաքում, նույն ցեղից սերող Կույս Մարիամից:
Արդ՝ տեսնենք, թե երբ պետք է գար Տերը: Մովսես մարգարեն ասում է. «Քո եղբայրների միջից քո Տեր Աստվածն ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի, Նրան կլսեք» (Բ Օրենք ԺԸ 15): Բայց այստեղ չի ասվում գալստյան ժամանակի և տեղի մասին: Քննարկենք Հակոբ նահապետի մարգարեությունը՝ ասված Հուդայի համար. «Հուդա՜, քեզ կօրհնեն քո եղբայրները», և դարձյալ՝ «Հուդայից իշխան չի պակասելու և ոչ՝ առաջնորդ նրա կողից, մինչև որ գա Նա, Ում պատկանում են հանդերձյալները, որովհետև Նա է հեթանոսների հույսը» (Ծննդ. ԽԹ 8, 10): Համաձայն այս մարգարեության՝ Տիրոջ գալստյան ժամանակ պիտի վերանար պետն ու իշխանը Հուդայի տնից: Ըստ Հովսեփոս պատմիչի՝ Հրեաստանի Հերովդես արքայի (ով եդոմացի էր հոր կողմից և արաբացի՝ մոր) թագավորության երեսունմեկերորդ տարում ծնվեց Հիսուս: Սրանով նշան տրվեց նաև, որ Տիրոջ գալստյան ժամանակ դադարելու էր հեթանոսների թագավորությունը:
Մեկ այլ նշան ևս գալստյան ժամանակի մասին. «Նրանց կհովվես երկաթյա գավազանով» (Սաղմ. Բ 9): Երկաթյա գավազան է անվանվում Հռոմեական թագավորությունը: Եվ իրոք, այն ժամանակ Իսրայելը Հռոմեական կայսրության մեջ էր:
Դարձյալ մեկ այլ մարգարեություն, որտեղ հայտնապես խոսվում է Քրիստոսի գալստյան ժամանակի մասին, որը լինելու էր Երուսաղեմը վերաշինելուց հետո. «Երուսաղեմի շինելուց մինչև առաջին օծումը կա յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ» (Դան. Թ 26): Արդ՝ վաթսունինը յոթնյակը կազմում է չորս հարյուր ութսուներեք տարի, այսինքն՝ Երուսաղեմի կառուցվելուց չորս հարյուր ութսուներեք տարի անց վերանալու էր իշխանն Իսրայելից, և ապա գալու էր այլազգի թագավորը: Եվ այդ տարի ծնվեց Քրիստոսը:
Այժմ՝ տեղի մասին. «Եվ դո՜ւ, Բեթղեհե՜մ, Եփրաթայի սակավամարդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզանից պիտի ելնի Ինձ համար Իսրայելի մի իշխան, և Նրա ծագումն աշխարհի սկզբի օրերից է» (Միքիա Ե 2): Իսկ Դավիթն ասում է. «Ահա Նրա մասին լսեցինք Եփրաթայում, և Այն գտանք մայրիների դաշտերում» (Սաղմ. ՃԼԱ 6): Քանզի Աբրահամը գնեց Սահառի որդի Եփրոնից նրա ագարակի սահմաններում գտնվող քարայրը (տե՜ս Ծննդ. ԻԳ 16-20), և հետագայում այնտեղ թաղվեցին ինքը, Սառան, Իսահակը, Ռեբեկան, Լիան, Հակոբը, քանի որ «հեռվից տեսան» Տիրոջ այնտեղ իջնելը: Այս վայրը Եփրոնի անունով կոչվեց Եփրաթա, որը թարգմանվում է պտղաբերություն, քանզի այնտեղից մեզ տրվեց կյանքի Պտուղը: Այնուհետև այն վերանվանվեց Բեթղեհեմ, որը թարգմանվում է հացի տուն, քանզի Երկնավոր հացը՝ Հիսուս Քրիստոս, Բեթղեհեմում ընծայվեց աշխարհին: Այստեղ է նաև նախամոր՝ Եվայի շիրիմը, ում Աստված ասաց. «Տրտմությամբ որդի ծնես» (Ծննդ. Գ 16): Եվ երջանիկ Մարիամն այստեղ՝ նախաստեղծի գերեզմանի վրա, ծնեց Բանն Աստծուն առանց տաժանելի երկունքի ու չարչարանքների և ազատեց նախամորը վտանգավոր երկունքից:
Իսկ թե ինչպես է գալու, այս մասին Եսային է ասում. «Ահա Կույսը պիտի հղիանա և որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14): Իսկ թե որ ազգատոհմից է լինելու Կույսը, այդ մասին ասում է սաղմոսերգուն. «Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին և չստեց նրան. քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո գահին» (Սաղմ. ՃԼԱ 11): Նաև ասում է. «Նրա սերունդը կհաստատեմ հավիտյանս հավիտենից և Նրա գահը, ինչպես օրերը երկնքի», ապա ավելացնում. «Ինչպես լուսին, Նրա աթոռն իմ առջև հավերժ հաստատված կմնա երկնքում» (Սաղմ. ՁԸ 30, 38): Այս խոսքերը Քրիստոսի համար ասվեցին և ոչ թե Սողոմոնի, որովհետև վերջինիս աթոռն իբրև արեգակ հաստատուն չմնաց և ոչ էլ իբրև լուսին: Սրանից իմանում ենք, որ Դավթի ցեղից է լինելու սուրբ Կույսը: Նաև ասում է. «Դու հանեցիր ինձ արգանդից» (Սաղմ. ԻԱ 9), այսինքն՝ առանց այր մարդու անկողնու, որովհետև «կույս արգանդից կորզված մարմին» է Նա ասվում:
Հեղինակ՝ Արամ Դիլանյան