Խոջալուի դեպքերը` ցեղասպանությո՞ւն
Փաստաբան Դավիթ Թումասյանը, ով օրերս է վերադարձել Սանկտ Պետերբուրգում կայացած գիտաժողովից, Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար զարմանալի է, որ 1992թ-ին Խոջալուում տեղի ունեցած դեպքերը ադրբեջանցիների քարոզչության արդյունքում ցեղասպանություն է որակվել:
“Մի շարք պետություններ, Մեքսիկան, Պակիստանը, ԱՄՆ-ի մի քանի նահանգ ճանաչել են դա որպես ցեղասպանություն”,-ասաց փաստաբանը:
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ինչպես միշտ, մնում է այն կարծիքին, որ հայկական կողմը պետք է հետեւողական լինի եւ դատի տա Ադրբեջանին` Աղդամի մոտակայքում 1992 թ. փետրվարի 27-ին Խոջալուի բնակիչների հետ տեղի ունեցածի վերաբերյալ ապատեղեկատվության եւ միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար:” Բացի դա հասարակական կազմակերպություններն էլ պիտի ակտիվ լինեն:
Օրինակ ես “Քաղաքական հետազոտությունների ակադեմիա”-ի անունից օրերս դիմել եմ Կանադայի Կալգարի քաղաքի քաղաքապետ Նահեդ Նենշին` ասելով որ չեղյալ անի իր որոշումը, որով այդ դեպքերը ցեղասպանություն է համարվել: Ես գտնում եմ, որ չպետք է լռել եւ օգտագործել բոլոր միջոցները”,- Henaran.am-ին ասաց քաղաքագետը:
Նա Կալգարիի քաղաքապետին ուղղված նամակում մանրամասն գրել է իրականությունը եւ առաջարկել շտկել իրավիճակը, պարզել ճշմարտությունը, չեղյալ հայտարարել ընդունված որոշումը, նաեւ հայցել հայության եւ հատկապես ադրբեջանահայության ներողամտությունը: