21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Խնձրիստանի Ջուխտակ եկեղեցին

Եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում և գործել է մինչև 17-րդ դարը։

Հետագայում ծառայել է որպես սրբատեղի մինչև 2023 թվականը։

Ջուխտակ եղցին գտնվում է Խնձրիստան գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, իսկ հարևան Խաչենից՝ 1,3 կմ արևմուտք՝ անտառապատ բլրի գագաթին։

Մատուռի մոտ տարածվում է միջնադարյան գերեզմանոցը։

Հավանաբար այն կառուցվել է 13-րդ դարում արդեն իսկ ձևավորված գերեզմանոցի տարածքում։

Դրա մասին են վկայում հուշարձանի պեղված և բացված փլատակներից գտնված խաչքարերի բեկորները, որոնք օգտագործված են եղել որպես շինաքար

(հայտնաբերվել են պեղումների արդյունքում)։

Հնավայրը կոչվում է Ջուխտակ եղցի, սակայն տարածքում պահպանվել է միայն մեկ մատուռ։

Տեղի բնակչության մոտ առավել հայտնի է Մեծ Նան և Փոքր Նան անվանումներով։

Մեծ Նան անվանումը տրվել է մատուռին, իսկ Փոքր Նանը՝ մատուռից մոտ 300 մ հյուսիս-արևելք գտնվող գերեզմանոցի խաչքարին։

Հուշարձանը պահպանվել է կիսավեր վիճակում․ կանգուն են պատերը՝ 1,5-2 մ բարձրությամբ։

Քանդված են թաղածածկի արևմտյան և մասամբ արևելյան հատվածները։

Աննշան պահպանվել է Խորանի գմբեթարդի թաղածածկը։

Ուղղանկյուն հատակագծով, 115 սմ միջին հաստությամբ պատերով միանավ փոքրիկ շինություն է։

Արևելյան հատվածում պայտաձև հատակագծով խորանն է, որի բեմը չի պահպանվել։

Խորանի կենտրոնում է տեղակայված միակ փոքրիկ լուսամուտը, իսկ ավելի ձախ՝ հյուսիսային պատին, կա մեկ ուղղանկյունաձև խորշ։

Մուտքը բացված է հարավային կողմից, չունի գեղարվեստական հարդարանք։ Վերնամասում, որպես բարավոր, օգտագործված է մեծաչափ երկարավուն սալաքար։

Հուշարձանի տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել 2012 թվականին։

Տարածքը մաքրվել և բարեկարգվել է։ Փլատակներից ի հայտ են եկել խաչքարերի բեկորներ, մեկ խաչքարի պատվանդան, որոնք տեղադրվել են մատուռի խորանում։

Ըստ հնագետ Գագիկ Սարգսյանի՝ հուշարձանը եղել է կղմինդրածածկ, և դատելով կղմինդրների բեկորների աննախադեպ առատությունից, ձևերի բազմազանությունից

և տարբեր ժամանակների նմուշների առկայությունից՝ կարելի է ենթադրել, որ կղմինդրե ծածկը բազմիցս լրացվել ու ավելացվել է, ընդ որում՝ ժամանակագրական զգալի

ընդհատումներով:

Համաձայն հնագիտական ուսումնասիրությունների՝ հաստատվել է, որ սրբատեղին շարունակական գործել է մինչև 17-րդ դարը։

2012 թվականին Արցախի Հանրապետության Զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ իրականացվել են հուշարձանի պեղման և մաքրման աշխատանքներ։

Ուսումնասիրությունը կատարել է հնագետ Գագիկ Սարգսյանը։

Մատուռի չափագրություններն իրականացրել է վերականգնող-ճարտարապետ Սամվել Այվազյանը։

Փլատակներից հայտնաբերվել են խեցեղեն անոթների սակավաթիվ բեկորներ, որոնք վերաբերում են 13-17-րդ դարերին:

Ի հայտ են եկել խաչքարերի փոքր բեկորներ, որոնք տեղադրվել են մատուռի խորանում:

Հայտնաբերվել են նաև տարբեր ժամանակաշրջանների թրծակավե կղմինդրներ։

Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի, ինչպես նաև Խնձրիստան, Խաչեն գյուղերի պատմամշակութային միջավայրի ուսումնասիրության համար։

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ