Ամենափրկիչ վանք
Գտնվում է Պատարա գյուղից մոտ 2,5 կմ հյուսիս – արեւմուտք, կոչվում է նաեւ Փրկչի վանք:
Վերաբերում է XII – XIIIդդ.:
Այստեղ, բացի եկեղեցուց, պահպանվում են գյուղատեղիի ավերակները եւ գերեզմանոցը, բազմաթիվ անարձանագիր տապանաքարերով:
Կան նաեւ մի շարք խաչքարեր, որոնց մեծ մասը խիստ քայքայված ու հողմնահարված է:
Նույն վիճակում է նաեւ եկեղեցու բարավորի քարը, ուր, հավանաբար, եղել է արձանագրություն:
Եկեղեցին ունի բազիլիկի հորինվածք.
արեւելքում ավագ խորանն է, որին երկու կողմերից կից են ոչ մեծ ավանդատները:
Արեւելյան ճակատում արտաքինից կան երկու եռանկյուն խորշեր, որոնք ձգվում են ամբողջ շենքի բարձրությամբ:
Տաճարն ունի երկու` հարավային եւ արեւմտյան կողմերից բացվող մուտք,
պատերը կառուցված են կոպտատաշ, իսկ որմնասյուներն ու շենքի անկյունաքարերը` տեղական սրբատաշ դեղնասպիտակավուն չեչ քարից:
Հարավային մուտքի մոտ, երեսով դեպի արեւմուտք կանգուն է մի մեծ խաչքար, որի ստորին մասում զինավառ հանդերձներով հեծյալի քանդակ է:
Եկեղեցու ավագ խորանի ճակատային վեց քարերի վրա համաչափ ու մեծադիր տառաձեւերով փորագրված է շինարարական արձանագրությունը, որից պահպանվել են ստորին երեք տողն ու վերին չորրորդ տողի որոշ հատվածներ:
Սա հուշարձանի տարածքում պահպանված գլխավոր արձանագրությունն է, որն առաջին անգամ հրատարակել է տեղագրող Մ. Բարխուտարյանցը.
<<Յանուն Այ ես Տէր .... շինեցաք զեկեղեցիսզ Դարապաս նկարաք...Ուխանին Մեծունիքն. յիս տվին արդ ծննդեան Ը աւրէքն եւ աղուհացից տաւներն եւ ի զատկէն ինձ ու նոր կիրակին զպատարագն մեզ առնեն. Դարապաս Վաճառն Հուռահոատներն եկեղեցւոյս>>:
Տեղագրողը գրի է առել նաև մեկ այլ արձանագրություն՝ եկեղեցու արևմտակողմ մուտքին ագուցված մի խաչքարի վրա՝
<<Աթանաս է. նա կաթողիկոս է Արբաին>>:
Վերջինս գահակալել է ընդամենը մեկ տարի՝ 1434թ. փոխարինելով Մատթեոս Գ-ին :