Հավատարմություն. ինչ է ասում Աստվածաշունչը
Հավատարմությունը դա կամքի հատկություններից մեկն է, որի շնորհիվ անձը հարատևում է ուրիշ անձանց և իր սկզբունքների նկատմամբ բարի տրամադրվածության մեջ և կատարում ու ամբողջացնում է հանձն առած գործերը. կարելի է հավատարիմ լինել սեփական ընտանիքին, ընկերներին, հայրենի հասարակությանը, կատարած խոստումներին, որդեգրած գաղափարականին։ Աստվածաբանական տեսանկյունից դիտված, մարդկային հավատարմությունը աստվածային հավատարմության անդրադարձն է, հայելացումը։
Ա) Աստծո հավատարմությունը
Սա Աստծո հատկություններից ամենաընդգծվածն է Աստվածաշնչում։ Հին Կտակարանում այն հանգստացնում էր ընտրյալ ժողովրդին և նրան վստահություն էր ներշնչում։ Հանուն այն ուխտի, որ կնքել էր Իսրայելի հետ, Աստված հանձն է առել պաշտպանել նրան և նա կարող է անմնացորդ վստահությամբ ապավինել Աստծո հավատարմությանը (2Օր 7, 9; 3Թգ 8, 23)։ Սրանից բացի, Աստված հավատարիմ է նահապետներին տված Իր խոստումներին (2Օր 4, 31; Միք 7, 20), Դավթի սերնդին (2Թգ 7, 28-29; 3Թգ 8, 26)։
Այն ամենն, ինչ արել և անում է, Աստված արել և անում է հանուն Իր սիրո և Իր հավատարմության (Սղմ 24, 10). սա ապահով երաշխիք է որևէ դեպքում (Սղմ 90)։ Նեղությունների մեջ, որոնց ներքո չարչարվում է, նաև այն դեպքում, երբ այդ նեղությունները կրում է որպես իր մեղքերի արդար պատիժ և հատուցում, Իսրայելի ժողովուրդը շարունակում է ապավինել աստվածային հավատարմությանը (Սղմ 88, 1-9.25-38)։ Հավատարմությունը Աստծո բնությանը սերտորեն աղերսվող հատկություն է, որին մաս են կազմում տևականությունն ու անսասան հաստատությունը. Աստված նման է ճաքեր չունեցող ժայռի (2Օր 32, 4; Սղմ 17, 32)։ Մարդիկ կարող են վստահությամբ ընդունել Նրա խոսքերն ու խոստումները, որովհետև Նա Տերն է և երբեք չի փոխվում (Մղք 3, 6), չի ստում և կարծիք չի փոխում (Թց 23, 19)։
Իսրայելի ժողովրդին տված Աստծո խոստումները գերազանց կերպով կատարվեցին հանձինս Հիսուս Քրիստոսի (Գրծ 13, 32-34; Հռմ 15, 8)։ Աստծո հավատարմությունը պանծացնող Նոր Կտակարանը (1Կր 1, 9; 10, 13; 1Թղ 5, 24; 2Թղ 3, 3), պանծացնում է նաև Քրիստոսի հավատարմությունը (2Տմ 1, 13), որը միշտ անփոփոխ կերպով մնում է Նա, Ով Է (Եբր 13, 8), հավատարիմն ու ճշմարիտը (Հյտ 19, 11)։ Քրիստոսը սիրեց մեզ և Իր անձը զոհեց մեր համար. մեզ երբեք չի լքելու և ոչինչ չի կարող բաժանել մեզ Իր հավատարիմ սիրուց (Հռմ 8, 28-39)։
Բ) Մարդու հավատարմությունը
Աստծո հավատարմությունը ճանաչելուց հետո, մարդու ինքնաբուխ ու հոժարակամ պատասխանը պետք է լինի Նրա հանդեպ անմնացորդ վստահությունն ու անպայմանադիր հավատարմությունը։ Բայց դա բավական չէ. մարդը պետք է ջանա նմանվել Նրան, Ում պատկերը կրում է իր մեջ, ուստի՝ պետք է իր վարքում, իր մերձավորի նկատմամբ գործադրի աստվածանման հավատարմությունը։
Բ.1) Աստծո հանդեպ հավատարմությունը
Ավելին է, քան պարզ վստահությունը. պահանջում է տևականություն, հարատևություն, նույն ինքն վստահության մեջ հերոսական ջանք, նաև երբ զանազան խոչընդոտները մթագնում են այն կամ դարձնում են յուրահատուկ կերպով դժվարին (հմմտ. Ես 26, 1-6; 28, 26; Ղկս 18, 8; 22, 31-32; 1Թղ 3, 1-7)։ Եվ եթե Աստված տալիս է օրենքներ, տվյալ դեպքում հավատարմությունը միահյուսվում է ամբողջական հնազանդության հետ այն ամեն ինչին, որ Աստված պատվիրում է։ Աբրահամը այս հնազանդ հավատարմության կատարյալ օրինակն է բոլոր ժամանակների համար (1Մկ 2, 52)։
Կարող ենք ուստի ասել, որ հավատարմությունը գրեթե նույնանում է աստվածաշնչյան հավատքի բաղադրյալ իրականության հետ, այն տարբերությամբ, որ հավատքը ավելի մտային ու տեսական իրականություն է մնում, մինչ հավատարմությունն արտահայտում է նրա գործնական տեսանկյունները։ Ինչպես նաև, Աստվածաշնչում երբեք մոռացության չի մատնվում այն փաստը, որ ամբողջական հավատարմությունն անհնարին է մարդու համար, եթե նա մնում է սոսկ իր ուժերի հույսին։
Մարդն ինքնըստինքյան տկար է և կարիքն ունի, որ Աստված իրեն թիկունք կանգնի։ Իսրայելի ժողովրդի պատմությունը համոզիչ կերպով փաստում է մարդկային այդ հակումը դեպի անհավատարմությունն ու անկայունությունը։ «Հավատարիմ սիրտը» ստեղծվելու է Աստծո կողմից, երբ գալու է Քրիստոսը (Երմ 31, 31-34; Եզկ 36, 26-28). Նրա միջոցով հնարավորությունն ունեցանք հաղթահարելու դժվարությունները և հավատարիմ լինելու մինչև վերջ (1Կր 1, 8-9; 10, 13; 1Թղ 5, 23-24; 2Թղ 3, 3)։ Մարդու հավատարմությունը խորքում արդյունքն է Աստծո հավատարմության, որը մարդու ազատ կամքը հարգելով հանդերձ՝ նրան երբեք լիովին չի լքում, այլ՝ Իր շնորհով ձգում է նրան դեպի Ինքը։ Որովհետև Աստված չի զղջում Իր տված պարգևների համար (Հռմ 11, 27)։
Բ.2) Մերձավորի հանդեպ հավատարմությունը
Այս արտահայտությամբ նախևառաջ հասկացվում են խոստմնապահության, պարկեշտ ուղղամտության ու աննենգ վստահելիության բնական առաքինությունները, որոնց վրա է հիմնվում մարդու հասարակական կյանքը։ Պարտավոր ենք հավատարիմ լինել մեր ընկերների նկատմամբ (Սրք 6, 14-16). ծառաները (1Թգ 22, 14), պաշտոնյաները (Դն 7, 4), պատգամավորները (Առկ 13, 17; 25, 13), դաշնակիցները (Նմ 9, 8), դատավորները (Սղմ 95, 13), վկաները (Առկ 14, 5) և հասարակության մյուս բոլոր անդամները պետք է գործադրեն հավատարմության առաքինությունը, որը շատ հազվադեպ, բայց անհրաժեշտ առաքինություն է (Առկ 20, 6), քանի որ ուր չկա հավատարմություն Աստծո հանդեպ, այնտեղից անհետանում է նաև հավատարմությունը մարդկանց հանդեպ։ Հոգու դառնությամբ էին մարգարեները տեսնում, որ այլևս անհնարին է վստահել մարդկանց (Եր 9, 2-8) և որ չկա այլևս ո՛չ անկեղծություն, ո՛չ խոստմնապահություն, ո՛չ էլ պարկեշտություն և աննենգ ուղղամտություն մարդկանց մեջ (Օվս 4, 1-2; Եր 5, 1-3; 7, 28)։
Աստծո շնորհով փոխակերպված լինելով, Քրիստոսի աշակերտներն ուրիշներից տարբերվում են մերձավորի հանդեպ գործադրված իրենց հավատարմությամբ։ Հավատարմությունը քրիստոնեական սիրո էական տարրն է. Քրիստոսի հանդեպ սերը չի կարող բաժանվել մերձավորի հանդեպ սիրուց, և այդ սերը երբեք չի դավաճանում (1Կր 13, 4-7)։
Մերձավորի հանդեպ հավատարմությունը պարզ բնական հատկություն չէ, այն փոխակերպվում, վերամբարձվում է Քրիստոսի հանդեպ հավատարմության միջոցով։ Նրանք, ովքեր Քրիստոսին «հավատում են» այս բառի ճիշտ իմաստով, բոլոր տեսանկյուններից դիտված՝ դառնում են Նրա հավատարիմները (Հյտ 17, 14), անսասան ուղղամտությամբ ապրելով Նրա կողմից պատվիրված կրկնակի սերը (Հվհ 15, 9-17)։ Ահա սա՛ է «հավատացյալ» բառի քրիստոնեական միակ ճշգրիտ իմաստը։
Աղբյուրը` mashtoz.org