23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրբ Եփրեմ Ասորու խրատն ապաշխարության մասին

Մենք` մեղավորներս, ջանանք իմանալ, թե ի՞նչ է գթությունը:

Ընչաքա՛ղց, ուսանի՛ր ինչպես բարեգութ լինել:

Եղբայրնե՛ր, աշխարհում միմյանց կարեկից լինենք ճշմարիտ կարեկցությամբ,

լի ամենայն մարդասիրությամբ, քանի դեռ նենգադավը այնքան ուժ չունի, որ առևանգի մեր հոգիները:

Ինչը որ հայտնի է դարձել ինձ Սուրբ Հոգով, հարկ է որ ամենքն իմանան:

Եթե ես անխոհեմ եմ և չեմ պահպանել իմ ուսանածը, թող մեկ ուրիշը ուսանելով պահպանի:

Եթե խոսքը մեռած է ինձանում, ապա թող մեռած և անպտուղ չլինի ձեզանում:

Չթաքցնե՛նք տաղանդն Արքայի, կյանքով լեցուն սերմե՛ր գնենք դրանով:

Ուշք մի՛ դարձրու ինձ վրա, աշակե՛րտ, եթե շեղվում եմ ուղուց:

Եվ եթե ինձ անկյալ ես տեսնում, իմ հետևից մի՛ քայլիր:

Աչքիդ առջև ունեցի՛ր Աստծուն և Սուրբ Գիրքը, թող նրա՛նք լինեն քո սնունդը:

Ինչպես որ ուսուցանում են նրանք, այդպես էլ ջանա պահպանել պատվիրանները,

ինչպես որ սովորել ես, այնպես էլ արա՛:

Սիրում եմ ուսմունքը, սակայն չսիրեցի ես պատիժը,

վախենում եմ, քանզի միշտ քայլում եմ վատթար ճանապարհներով և լեցուն եմ անօրենությամբ:

Ինքս ինձ բժշկելիս իմ վերքերը չեմ կապում, չեմ ջանում արմատախիլ անել մեջս աճած մոլախոտը,

սակայն ապրում եմ այդ հույսով և սպասում եմ:

Մի՛ տրտմիր, աշակե՛րտ, քեզ հետ միասին պատիժ է կրում և քո ուսուցիչը:

Ինչի՞դ է պետք, որդյա՛կս, անօգուտ տրտմությամբ տառապելը:

Ինչո՞ւ լալ մի լացով, որից օգուտ չկա:

Նենգադավը միշտ բորբոքում է քո միտքը, որպեսզի դու նրա ժառանգության մասնիկը դառնաս:

Սատանան չարամտորեն ջանում է վշտացնել շատերին, որպեսզի առևանգի և հուսաբեկության միջոցով նրանց գեհենը նետի:

Առևանգվա՞ծ է քո գանձը:

Բայց քո առջև դեռևս բաց է հիասքանչ գանձը գնելու ուղին,

դեռևս ժամանակ կա գանձը ժողովելու,

միայն թե հույսդ մի՛ կորցրու, այլ աշխատի՛ր հավաքել այն:

Թեպետ վիրավորել է քեզ նետը, սակայն լիովին մի՛ տապալվիր:

Նույնիսկ մինչև մահ դիմացի՛ր, հարվածից մի՛ վախեցիր,

քո սխրագործությունը ցույց տուր` անգամ հարվածի տակ լինելով,

որպեսզի քո պսակը հյուսվի պայծառ և փառավոր կտորից:

Եթե ավազակը քեզանից հագուստդ խլի, մի՛ ծուլացիր շարունակելու ճանապարհը:

Մարտի ժամանակ պատահում է և՛ հարվածել, և՛ հարվածներ ստանալ:

Եթե ցուրտը տարել է քո արտը, աճապարիր սերմ ցանել երկրորդ, երրորդ անգամ,

համառորեն, անխոնջ, առանց հապաղելու.

անկասկած ամպերը կգան, և երկինքն անձրև կպարգևի:

Չարագործը քեզ ուղուց չի շեղել:

Մի՛ վախեցիր բեռից, որ վերցրել ես վրադ, գնա՛ միշտ արքայական ճանապարհով:

Այն նույն մարտում, որտեղ դու վիրավորվել ես, կարող ես հաղթանակել:

Իսկ այն նույն վայրում, որտեղ նախկինում կողոպտվել է քո գանձը, կարող ես նորեն ժողովել այն:

Այնտեղ, որտեղ արքա Աքաբը թափեց Նաբովթի արյունը,

այնտեղ շները լիզեցին անառակ Աքաբի արյունը, ինչպես Սուրբ Գրքում է ասված:

Աքաբը Նաբովթին քշեց նրա սեփական այգուց,

իսկ քեզ մեղքն ուզում է հեռացնել Քրիստոսից:

Աքաբը դարձավ սատանայի կերպարը, իսկ Հեզաբելը` անառակության պատկերը:

Սատանան և անառակությունը տենչում են քո արյունը,

ինչպես անօրեն Աքաբն էր տենչում Նաբովթի արյունը:

Ինչպես նա խարդավանքով սպանեց արդարին, այնպես էլ ընդունեց Արդարի դատը,

փութաց խարդավանքով կործանել անմեղին, որպեսզի շուտով նրա համար վրեժխնդիր լինի Աստված:

Եվ այժմ մեզանում անտեսանելի պատերազմ է մղվում, ինչպես Սուրբ Գիրքն է ասում.

«Մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ,

այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփես. 6:12):

Սատանան մարդկանց դեմ մարտնչում է գաղտնի, դավադրաբար,

իսկ Քրիստոս բացահայտ ձախողում է նրա բոլոր դավերը և մեզ ուժ է պարգևում ոտնատակ տալու նրան:

Քո պատերազմը, եղբա՛յր, մի սովորական, ծիծաղի արժանի բան չէ,

ընդհակառակը, բոլոր հրեշտակները և նրանց Տիրակալը նայում են քո այդ պատերազմին, որը վարում ես թշնամու դեմ:

Այսպիսով, երբ դու հաղթես թշնամուդ, Աստված և հրեշտակները կծափահարեն քեզ,

իսկ հրեշտակները բերկրելով կփառաբանեն Աստծուն, որ նենգադավին հաղթելու ուժ պարգևեց քեզ:

Այդ պատճառով մարտն ավելի ու ավելի է կթեժանա, որպեսզի դու բարեհնար դառնաս,

Աստված փառաբանվի և մարդիկ հետևեն քեզ:

Ուստի և, ինչպես վերն ասացինք, եթե նենգադավ թշնամու նետը խոցի քեզ,

ամենևին մի՛ հուսահատվիր:

Ընդհակառակը, քանի անգամ էլ որ հաղթվես, պարտված մի՛ մնա,

այլ իսկույն ոտքի ե՛լ և մարտնչի՛ր թշնամու դեմ,

քանզի Սխրագործության Հիմնադիրը միշտ պատրաստ է Իր աջը մեկնելու քեզ և ընկածդ տեղից բարձրացնելու:

Հենց որ առաջինը Նրան երկարես քո աջը, այնժամ Նա էլ քեզ կմեկնի Իր աջը,

որպեսզի քեզ ոտքի կանգնեցնի:

Իսկ անպիտան թշնամու միակ ջանքն այն է, որ հենց ընկնես, քեզ անհուսության մեջ նետի:

Այսպիսով, սիրասո՛ւն, մի՛ հավատա նրան,

բայց եթե օրը յոթ անգամ էլ ընկնես, ջանա ոտքի ելնել և Աստծո գութը շարժել ապաշխարանքով:

Քսակը դատարկելուց հետո ի՞նչ միտք ունի թաքցնել այն:

Ո՞ր մի վաճառականը, երբ առևտուր չլինի, կժողովի մնացած ապրանքները և ծովը կնետի:

Մի՛ լքիր քո զենքը, որ քեզ Քրիստոսն է տվել, թիկունք մի՛ դարձրու թշնամուդ առաջ,

որպեսզի չվիրավորես Տիրոջը:
Ներկայացնում եմ քեզ բացահայտ և պարզ ապացույց:

Այս ունայն աշխարհի հակամարտիկը, եթե նույնիսկ թշնամին նրան խորը խոցի,

մարտից չի խուսափի ինքն իր մեջ հուսաբեկվելով, քանզի թեև առժամապես պարտված է,

սակայն հետագայում գուցե ի՛նքը հաղթանակի:

Մի՛ հետաձգիր, բարեկա՛մ, օրըստօրե քո աղերսն Աստծուն,

որպեսզի հանկարծ քեզ վրա չգա ահարկու Դատավորի դատաստանը,

որ կոչում է քեզ վերադարձնելու այն ամենը, որ ձեռք էիր բերել նրա տաղանդներով,

և որպեսզի դու գովասանքների փոխարեն ոտ ու ձեռքդ կապված,

դատապարտված չնետվես անհուն խավարը:

Քանի դեռ ժամանակ կա, ջանա՛ ծնկաչոք ընկնել Դատավորի առաջ,

որպեսզի Նա ների քո բոլոր մեղքերը, և մենք բերկրենք քեզ հետ, եղբա՛յր,

և Աստված փառաբանվի:

Նրան արժանի է փառք և պատիվ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ