23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայր Պաիսիոս Աթոսացին անխոհեմ և չափազանց ծնողական սիրո մասին

Հա՛յր, կարո՞ղ է արդյոք մայրը վնասել իր երեխային անխոհեմ սիրով:

– Իհարկե կարող է:

Օրինակ՝ մայրը տեսնում է, որ իր մանկիկը չի կարողանում քայլել սովորել և ասում է.

«Ի՜նչ մեղք է խեղճը, չի կարողանում քայլել», և պարբերաբար գիրկն է առնում նրան, փոխարենը երեխայի ձեռքից բռնած օգնի, որպեսզի ինքնուրույն քայլի:

Հարց է ծագում. փոքրիկն ինչպե՞ս պետք է քայլել սովորի:

Իհարկե, այդպիսի մայրը սիրուց դրդված է գործում, սակայն չափազանց հոգատարությամբ վնասում է իր զավակին:

Ես մի մարդու էի ճանաչում, որի որդին ծառայել էր բանակում:

Եվ ահա նա բռնում էր իր չափահաս որդու ձեռքն ու վարսահարդարի մոտ տանում:

«Ես իմ որդուն բերել եմ քեզ մոտ, որպեսզի նրա մազերը կտրես,- ասում էր հայրը,- ասա՛, որքա՞ն պետք է վճարեմ և ե՞րբ գամ նրա հետևից»:

Այսպես իր անխոհեմ հոգատարությամբ այդ մարդը խեղեց իր որդուն:

Սերը պետք է դատողության օգնությամբ «արգելակվի»:

Իսկական սերն անշահախնդիր է:

Այն իր մեջ եսասիրական կողմնակալություններ չունի և աչքի է ընկնում ողջամտությամբ:

Ողջամտությունն անհրաժեշտ է կանացի մեծ սիրուն, որպեսզի կինն իր սերն իզուր չվատնի:

Մի անգամ իմ խուց եկավ մի երիտասարդ, որը խիստ բարկացած էր իր ծնողների վրա:

Նրա խեղճ ծնողները լավ էին տրամադրված, սակայն չգիտեին, թե ինչպես օգնեն նրան:

Եվ ահա նա սկսեց ասել ինձ, որ ծնողները ճնշում են իրեն, որ իրեն չեն սիրում և այլն:

«Լսի՛ր,- ասացի նրան,- երբ դու փոքր էիր, և մայրդ փաթաթում էր քեզ մի քանի շորի մեջ, ինչո՞ւ էր այդպես անում:

Որ դու չմրսե՞ս, թե՞ որպեսզի քեզ ջերմային հարված հասցնի:

Քո մոր այդ գործողություններն իրենց մեջ մեծ սեր էին պարունակում»:

Վերջապես հասկանալով, թե ծնողներն իրեն որքան են սիրում, երիտասարդն սկսեց լաց լինել:

Նրա մայրը մեծ սեր ուներ, չնայած որ չկարողացավ օգնել իր որդուն, որովհետև իրեն այնպես էր պահում, որ նրա մոտ դիմադրություն էր առաջացնում:

Անհրաժեշտության դեպքում մայրն իրեն խիստ պետք է պահի երեխայի հետ:

Եթե նա հեշտությամբ է ենթարկվում երեխայի կամքին ու ամեն ինչում համաձայնում է նրա հետ, ապա դա երեխային օգուտ չի բերում:

Ադանայում այրի մի կին միակ որդի ուներ՝ Յանիսը:

Երբ տղան մի փոքր հասակ առավ, մայրը նրան ուղարկեց կոշկակարություն սովորելու:

Մի շաբաթ աշխատանքի գնալուց հետո տղան հայտարարեց.

«Մայրիկ, ես այլևս վարպետի մոտ գնալու կարիք չունեմ, կոշկակարությունը սովորել եմ»:

«Այդ ե՞րբ հասցրիր սովորել»,- հարցրեց մայրը:

«Այ, եթե ուզում ես,- պատասխանեց նա,- կարող եմ քեզ էլ ցույց տալ, թե ինչպես են կոշիկ կարում:

Ահա՛, նայիր. այսպես տակացուն են կտրում, ահա այսպես կաշին են ամրացնում, կրունկն են հարմարեցնում, մեխերով ամրացնում են…»:

Իսկ վարպետը, որի մոտ սովորում էր Յանիսը, շատ բարի մարդ էր:

Նա ցանկանում էր տղային արհեստը սովորեցնել, որովհետև Յանիսն առանց հոր էր մեծանում, և նա խղճում էր նրան:

Սակայն, տեսնելով, որ մեկ շաբաթ անցել է, և Յանիսը չի հայտնվում՝ նա անհանգստացավ.

չի՞ հիվանդացել արդյոք, և գնաց նրա մոր մոտ, որպեսզի հարցնի, թե ինչ է պատահել տղային:

«Ի՞նչ է պատահել Յանիսին: Ինչո՞ւ այլևս աշխատանքի չի գալիս:

Հիվանդացե՞լ է»,- հարցրեց վարպետը այրուն:

«Ոչ,- պատասխանեց նա,- նա առողջ է»:

«Այդ դեպքում ինչո՞ւ աշխատանքի չի գալիս»:

«Իսկ ինչո՞ւ գա,- պատասխանեց այրին,- չէ՞ որ արդեն տիրապետում է կոշկակարության արհեստին»:

«Ախր ինչպե՞ս կարողացավ մի քանի օրում սովորել»,- ապշեց կոշկակարը:

«Շատ պարզ,- պատասխանեց մայրը,- վերցնում է կաշին, քաշում է կաղապարի վրա, մեխում է,
հարմարեցնում է կրունկն, այնուհետև հանում է կոշիկը կաղապարի վրայից և պատրաստ է»:

Կոշկակարը ծիծաղեց, հրաժեշտ տվեց նրան ու հեռացավ:

Երբ նա արհեստանոց վերադարձավ, նրա օգնականները հարցրին նրան.

«Վարպետ, ի՞նչ է պատահել Յանիսին»:

«Ողջ և առողջ է,- պատասխանեց նա,- ոչ միայն Յանիսն է կոշկակարությունը սովորել, այլև՝ նրա մայրը»:

Եվ ահա ես տեսնում եմ, որ շատ ծնողներ են իրենց այս այրու պես պահում:

Նրանք կարծում են, թե սիրում են իրենց երեխաներին, սակայն իրականում կործանում են նրանց:

Օրինակ՝ մայրը, չափազանց սիրուց մղված, համբույրներով է ողողում իր երեխային ու ասում, ասենք.

«Ողջ աշխարհում իմ երեխայի պես հրաշալի երեխա չկա»:

Դրանով նա երեխայի մեջ հպարտություն և անառողջ ինքնավստահություն է սերմանում:

Այդպիսի երեխան հետագայում չի լսում ծնողներին՝ վստահ լինելով, որ ինքն ամեն բան գիտի:
Ծնողները պետք է երեխաներին օգնեն փոքրուց սովորել պատասխանատու լինել իրենց համար:

Թող երեխաներն ընտանիքում իրենց ուժերի ներածի չափով աշխատանք կատարեն.

նրանք չպետք է պահանջեն, որպեսզի ամեն ինչ իրենց պատրաստի մատուցեն:

Հակառակ դեպքում, երբ նրանք չափահաս դառնան, իրենց համար շատ դժվար կլինի:

Մի վարպետ օրնիբուն աշխատում էր, որ մեծացնի իր զավակներին:

Իսկ նրանք, քանի դեռ հայրն աշխատում էր, ողջ օրը փողոցներում թափառում էին:

Եվ նույնիսկ, երբ նրանք մեծացան, իրենց սեփական ընտանիքները կառուցեցին, միևնույն է, սպասում էին, թե երբ է հայրն ամեն ինչ պատրաստի բերելու:

Եվ երբ նա ասաց, որ ժամանակն է, որպեսզի իրենք հոգ տանեն իրենց տների ու ընտանիքների մասին, նրանք պատասխանեցին.

«Ինչպե՞ս թե, հայրի՛կ:

Չէ՞ որ դու մեզ չէիր թողնում, երբ մենք փոքր էինք:

Մի՞թե կարող ես մեզ հիմա լքել, երբ մենք մեծացել ենք և ընտանեկան պարտականությունների բեռն ենք կրում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ