Առաջավորաց պահքը
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն Հայ եկեղեցուն:
Այն 11 շաբաթապահքերից մեկն է, տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:
Այս պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո:
Ինչպես վկայում են եկեղեցական հայրերը՝ Պողոս Տարոնացին, Սբ. Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը և ուրիշներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորին մկրտելուց առաջ, 65 օր գիշեր-ցերեկ շարունակ քարոզեց, խրատեց, սովորեցրեց, գոտեպնդեց` իմաստուն բժշկի պես ջանալով գտնել օգտակար դեղը, աղոթքով հայ ժողովրդին պատրաստեց Ավետարանի վեհ պատգամների համար, ապա սահմանեց հնգօրյա ծոմապահություն՝ ի հիշատակ Հայաստանի լուսավորության:
Թագավորներն ու նախարարները, հինգ օր ծոմ պահելով, փրկվեցին իրենց տանջող ցավերից ու հիվանդություններից:
Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը հաստատեց այն ի հիշատակ վերոհիշյալ փրկչական ծոմապահության և պատվիրեց ամեն տարի շարունակեն նույնությամբ:
Եվ քանի որ այս պահքը առաջինը եղավ Հայաստանում, ուստի կոչվեց «Առաջավորաց պահք» կամ «Առաջավորք» և համարվեց հայոց առաջին ազգային պահքը:
Այս պահքի հինգերորդ՝ ուրբաթ օրը, պահոց օր լինելով հանդերձ, Հովնան մարգարեի հիշատակության օրն է՝ իբրև ապաշխարության և ծոմապահության օրինակ:
Իսկ հաջորդ՝ շաբաթ օրը, տոնում ենք Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնը:
Այստեղից էլ առաջացել է Առաջավորաց պահքի թյուրիմացաբար Սուրբ Սարգսի պահք անվանումը:
Քանի որ ըստ եկեղեցական կանոնի՝ սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետևաբար Սուրբ Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ, բայց ընդհանրացված թյուրիմացությունը շարունակվում է գործածվել:
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է:
Ի տարբերություն մյուս պահքերի՝ Առաջավորաց պահքի ընթացքում եկեղեցում Սուրբ Գիրք կամ Ավետարան չի կարդացվում և Սբ. Պատարագ չի մատուցվում, որովհետև այս պահքի մեջ խորհրդաբար Ադամի անկումն է հիշատակվում:
Ադամի և նահապետների ժամանակ «Գիրք և Մարգարէք» գոյություն չունեին:
Եվ քանի որ այս պահքը կարգվեց նահապետների կողմից, ովքեր Գրքերից, Օրենքից և Ավետարանից առաջ կային, ուստի այս պահքը պահում ենք առանց ընթերցումների ու Պատարագների:
Իսկ ուրբաթ օրը կարդացվում է Հովնանի մարգարեությունը՝ Նինվեի ազատության համար:
Առաջավորաց պահքը ունի նաև իր նվիրական կերակուրը՝ փոխինդը կամ փոխինձը, որով լուծվում է պահքը:
Ըստ հայ մատենագիրների վկայության՝ Առաջավորաց պահքը հնում գոյություն է ունեցել նաև հույների և լատինների մոտ:
Ինչպես նշվեց Առաջավորաց պահքը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հայ ժողովուրդը հինգ օր ապաշխարության պահքի մեջ եղան:
Բացի նշված բացատրությունից եկեղեցու հայրերը հնգօրյա պահքի հետևյալ բացատրություններն են տալիս:
Հնգօրյա պահքը զգայարանների սրբության համար է, որոնցով մեղքն առաջին անգամ մտավ մարդու մեջ, և հաջորդեց մահը:
Որովհետև Ադամն իր աչքերով՝ տեսողության զգայարանով, տեսավ ծառն ու այն ցանկացավ, ականջով լսեց խաբողի ձայնը, որն իրեն հաճելի թվաց, ապա ոտքով գնաց դեպի ծառը, շոշափելիքով հպվեց պտուղին ու քաղեց այն:
Այնուհետև ռունգերով զգաց անուշահոտությունը, ճաշակելիքով՝ քաղցրությունը, և դատապարտվեց:
Այսպես էլ այժմ մենք ենք հինգ զգայարաններով գործում բոլոր մեղքերը, որոնց համար էլ հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները:
Աստված ամբողջ աշխարհը ստեղծեց վեց օրում, իսկ մարդուն՝ վեցերորդ օրը:
Թեև մինչ մարդուն ստեղծելը ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրամանը, սակայն ուտելու հրաման դեռ չէր տվել:
Այդ հրամանը (Ծննդոց 1:29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն՝ հինգ օր հետո:
Ադամի ստեղծվելուց հետո պահքը լուծարվեց:
Քանի որ այդ հինգ օրերը ոչ ոք ոչինչ չէր ուտում, կարելի է ասել պահքի կամ ծոմի օրեր էին:
Ըստ ավանդության՝ երբ Ադամը դրախտից վտարվեց, հինգ օր պահք պահեց, ապա կերավ երկրի պտուղներից:
Սա եղավ առաջին պահքը արտաքսումից հետո:
Ադամի որդիներն էլ նրանից սովորելով հնգօրյա պահք պահեցին, օրինակ, Աբելը՝ զոհ մատուցելուց առաջ կամ Սեթը, երբ իր հայրը՝ Ադամը, մահացավ:
Պահեց նաև Ենոքը՝ հինգ օր յուրաքանչյուր ամսամուտին, իսկ Նոյը՝ տապան մտնելուց առաջ և այնտեղից դուրս գալուց հետո:
Հնգօրյա պահք են պահել Աբրահամը, Հակոբը և Հովսեփը:
Հինգ օր պահում էին նաև բոլոր անդրանիկները, երբ մահանում էին նրանց հայրերը:
Այսպիսով, ինչպես ասում է Սուրբ Բարսեղը, այս պահքը, հորից որդու ավանդվելով, եկավ հասավ մեզ:
Մովսես մարգարեն սահմանեց քառասնօրյա պահք պատվիրանները քառասուն օրում ստանալու պատճառով:
Ժողովուրդը հինգ օր պահելուց հետո տրտնջաց, որի պատճառով բարեկենդան արվեց նրանց համար և ամեն ամիս հրամայեց հինգ օր պահել՝ հորթապաշտության հանցանքները քավելու համար:
Ինչպես նշվում է Հովնանի մարգարեությունում Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն անօրինությունների մեջ էին:
Հովնանի քարոզչությամբ և՛ մարդիկ, և՛ անասունները, ինչպես նաև մանուկները առանց ուտելու և խմելու, երեքօրյա պահքով ապաշխարեցին և կործանումից փրկվեցին (Հովնան 3:4):
Ինչպես նինվեացիները մարմնով փրկվեցին, այնպես էլ այս պահքը պահողները հոգով են փրկվում:
Հինգից երեք օրերը նինվեացիների օրինակով ենք պահում, իսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերը՝ բնական պահքով:
Վերը նշվածի համաձայն՝ մեր առաջին կաթողիկոսի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված առաջին պահքը կոչվել է Առաջավորաց:
Եկեղեցու հայրերը Առաջավորաց կոչվելու նաև այլ պատճառներ են նշում.
այն կարգվեց մարդու ստեղծվելուց առաջ, և պահեցին առաջին նախահայրերը:
Ըստ եկեղեցու հայրերի՝ Առաջավորաց պահքը Մեծ Պահքի առաջին շաբաթն է և կոչվել է «Ավագ պահքի առաջավորը»:
Առաքյալները սկզբնապես կամեցել են Մեծ պահքը յոթանասուն օր սահմանել՝ ըստ նախահայրերի թվի, բայց քանի որ նորահավատ քրիստոնյաները տրտնջում էին պահքի երկար տևողությունից, առաքյալները երկու շաբաթը բարեկենդան արեցին, և այս շաբաթը ամեն տարի սահմանեցին պահք պահել՝ կոչվելով «Ավագ պահքի առաջավոր»:
Ըստ Հովհան Մանդակունու՝ առաջին սրբերը, երբ կամենում էին մերձենալ Աստծուն, նախ մաքրվում էին պահքով, ապա մերձենում Մաքուրին և աստվածատեսներ լինում:
Ապա ավելացնում է.
«Իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծո շնորհներից և բազում չարիքներով չարչարվեցին:
Ահա Ադամը հեռացավ պահքի պնդությունից և դուրս ելավ դրախտից դեպի տատասկոտ երկիրը:
Նոյի ժամանակների ազգի որդիները հեռացան պահքի պնդությունից և համաջինջ ջրհեղեղով սատակվեցին և հեղձվեցին:
Եբրայեցի ժողովուրդը հեռացավ պահքի պնդությունից, և ընտիրները սատակվեցին:
Սոդոմի բնակիչները հեռացան պահքից, և կայծակների հրացայտ անձրև տեղաց նրանց վրա:
Եվ տուժեցին բոլոր նրանք ովքեր արհամարհվեցին Աստծուց և Նրա ողորմությունից հեռացան»: