Սա գրել եմ 2018 թ. դեկտեմբերին, երբ տեսա, որ այն ինչ կոչում էին հեղափոխություն ոչ մի արժեք չփոխեց հասարակության մեջ
Սա գրել եմ 2018 թ. դեկտեմբերին, երբ տեսա, որ այն ինչ կոչում էին հեղափոխություն ոչ մի արժեք չփոխեց հասարակության մեջ: Հեռուստատեսությունն ավելի վատացավ, մարդիկ բաժանվեցին սևերի ու սպիտակների, իսկ մամուլն էլ դարձավ կռապաշտության ջահակիր: «Մենք մեր գործերի արժանին ենք ստանում» (Ղկ. 23:41):
Մեր կյանքում լավ բաներ չեն կատարվում, որովհետև մեզ հետաքրքրում են վատ բաները: Հին Հռոմում ժողովրդին հանդարտեցնում էին panem et circenses «հաց և զվարճանքներ» սկզբունքով: Հիմա էլ աշխարհում ոչինչ չի փոխվել: Նայում ես մեր մամուլին, ու ամենաշատ ընթերցված հոդվածներն են «այսինչ մարդը կիսամերկ նկարահանվել է այսինչ գովազդի համար», կամ, «այսինչ հայտնին ցուցադրել է իր կատվին»: Կամ այսինչ մարդը ներկայացրել է իր նոր սելֆին: Երբ խմբագիրներին հարցնում ես թէ ինչու էք այս աղբը թափում մեր ժողովրդի վրա, ասում են թէ ժողովուրդը սիրում է նման բաներ, մենք էլ փող ենք աշխատում:
Իսկ ժողովուրդը կարդում է, որովհետև վատ ու ջրիկ բաները ՀԵՏԱՔՐՔԻՐ են: Ահա և մեծամասնության արժեքները՝ ամեն ինչ գոտկատեղից ներքև: Արդյունքում մենք հեռանում ենք Քրիստոսի Եկեղեցուց, կորցնում ենք մեր մշակույթը, թուլանում է հայրենիք սփյուռք միասնությունը: Մեր թշնամիներն ուրախանում են: Իսկ «մենք արդարացիորեն մեր գործերի արժանին ենք ստանում» (Ղկ. 23:41): Մինչդեռ լուծումը շատ պարզ է: Մենք պետք է փոխենք մեր հետաքրքրությունների ուղղությունը ու սկսենք հետևել միայն ավանդված լավ բաներին: Լավը Քրիստոսն է իր բոլոր արժեքներով: Եթե ամեն մարդ սա չանի, ոչինչ չի փոխվի իր կյանքում:
Արմեն Հարեյան