Իմ հոգի՝ Տիրոջն օրհնիր շարունակ
Ի՛մ հոգի՝ Տիրո՛ջն օրհնիր շարունակ, իմ Տե՛ր Աստվածը մե՛ծն է ամենա: Զգեստավորված գովասանքներով և վայելչությամբ, լույսն իբրև թիկնոց ուսերիդ վրա: Դո՛ւ տարածեցիր երկինքը վերում՝ որպես սուրբ խորան, և նրա վերին հարկերն հիմնեցիր երկրի ջրերին: Դո՛ւ ես ի զորու՝ ամպերն իբրև գորգ փռել ոտքիդ տակ՝ քայլելով անցնել դրանց վրայով, հո՛ղմ առաջացնել և շրջել նրա հզո՛ր թևերով:
Դո՛ւ ստեղծեցիր հրեշտակներին՝ իբրև կենդանի շրջող հոգիներ, պաշտոնյաներիդ՝ դարձրեցիր այրո՛ղ կրակի նման: Դո՛ւ հաստատեցիր երկիրն այնպիսի՛ հիմքերի վրա, որ հավիտյա՜նս մնա անսասան: Խորքն օվկիանոսի Դու հագնվում ես որպես վերարկու, առատացնելով ջրերն՝ հանում վե՜ր՝ լեռնե՜րը ծածկում: Քո՛ սաստերից են ալիքներն այս կամ այն կողմի փախչում կամ դողդողո՛ւմ են, ահով ցնցվո՛ւմ Քո որոտալուց: Լեռների նման բարձրանում են վե՜ր և դաշտերի պես լա՛յն ու ընդարձակ՝ Քեզնով հանդարտվում ա՛յն սահմաններում, որ հաստատեցի՛ր ջրերի համար:
Այդ սահմանները, որ Դու կարգեցիր՝ նրանք չե՛ն անցնում, ուստի չե՛ն կարող կրկին ետ դառնալ՝ երկիրը ծածկել: Դո՛ւ գնացք տվիր ջրերին ամուր լեռների միջով և աղբյուրներին Ի՛նքդ առաքեցիր բխել ձորերից: Եվ գազաններին ամեն տեսակի խմեցրիր, որ ծարավն հագեցնեն և գոհ մնացին վայրի էշերն էլ: Եվ բույն դրեցին թռչուններն այնտեղ՝ ժայռերի միջև բարձրաձայնելով: Իր պահեստների թաքուն ջրերով լեռներին պիտի Նա՛ ջուր խմեցնի, արբեցնի՛ նրանց և Իր գործերի առատ պտուղով երկիրը լցնի՛: Լեռների վրա բուսեցնում է խո՛տ և տարատեսակ լավ կանաչինե՛ր՝ մարդկանց օգտակար: Երկրի հողից հա՛ց է վեր հանում, գինի՛, որով որ մարդն ուրախանա, և յո՛ւղ, որ մարդուն տա զվարթություն, և մարդու սիրտն է ամրացնում հացո՛վ:Պիտի հագենան ծառերը Տիրոջ և Լիբանանի մայրիները, որ Նա՝ Ի՛նքը տնկեց:
Եվ թռչունները երկնքի՝ այնտե՛ղ ձագեր հանեցին, արագիլներին բնե՛րն իրենց իսկ ապավեն եղան հենց այդ նո՛ւյն վայրում: Եղջերուների համար լեռները ապահովության վայրն եղան՝ իրենց բարձրաբերձությա՛մբ, նապաստակների համար ժայռե՛րը եղան հովանի:Դո՛ւ ստեղծեցիր լուսինը, որ մարդ՝ ժամանակների բաժանում անի, և արեգակը իր մայր մտնելու պահը իմացավ: Դո՛ւ ստեղծեցիր խավարը, որից և գիշերն եղավ և նրա՛ մեջ են շրջում անտառի գազանները ողջ: Եվ մռնչում են ձագերն առյուծի ու հափշտակո՛ւմ՝ փնտրելով Աստծով կերակո՛ւրն իրենց:
Արևածագին նրանք հավաքվում, հանգստանո՛ւմ են իրենց որջերում: Եվ արևի հետ մարդը ելնում է իր աշխատանքին ու վաստակո՛ւմ է մինչև երեկո՝ ի՛ր իսկ ձեռքերով: Եվ որքա՜ն մեծ են գործերը Քո, Տե՛ր, ամե՜ն- ամեն բան, ինչ արարել ես՝ կյանքի ես կոչել խո՛ր իմաստությամբ՝ լցնելով այդպես երկի՛րը ամբողջ: Եվ ահա ծովը մե՜ծ, լայնածավա՜լ, նրա մեջ ապրող կենդանիներին թիվ- համար չկա, մե՛ծ գազաններ են նրա մեջ ապրում, փո՛քր ու մեծ ձկներն անթի՛վ են այնտեղ, նավերն են գնում նրա վրայով, վիշա՛պն է խաղում նրա ջրերում: Ամե՜ն- ամենքն են Քեզ ակնկալում և Դո՛ւ ես տալիս նրանց կերակուր՝ հարկավո՛ր ժամին: Այդ Դո՛ւ ես նրանց կերակուր տալիս, Ձեռքդ բացելով՝ Ի՛նքդ ես ամենքին էլ սնուցանում՝ Բարի Կամքով, Տե՛ր:
Բայց երբ երեսդ շուռ տաս նրանցից՝ պիտի խռովվեն, իսկ երբ որ նրանց շունչն ես դուրս հանում, կյանքից պակասում ու վերածվում են հասարա՛կ հողի: Եվ կրկին շունչդ վար առաքելով՝ վերստեղծում ես նրանց ամենքին ու նորոգում ես երե՛սն երկրի: Տիրոջ փառքերը անհունից գալիս՝ շարունակվում են հավիտյա՜նս հավետ. Նա ուրա՛խ է Իր արարածներով: Եվ երբ Նա դեպի երկիր է նայում՝ դողդողո՛ւմ է սա՝ ահի մեջ ընկած. երբ մոտենում է լեռներին՝ սրանք ծո՛ւխ են արձակում:
Ես պիտի կյանքիս բոլոր օրերում Տիրո՛ջը օրհնեմ, սաղմոսնե՜ր ասեմ Աստծուս նվիրված, ապրում եմ քանի: Օրհներգությունն իմ քա՜ղցր է լինելու իմ Տիրոջ համար և Նրա առաջ պիտի հավիտյա՜ն ես ուրախանամ: Մեղավորները պիտի պակասեն երկրի վրայից, և չգտնվի ո՛չ մի ամբարիշտ, և հոգիս պիտի Տիրո՜ջը օրհնի հավիտենապե՛ս:
Սաղմոս 103
Փոխադրությունը գրաբարից` Մաքսիմ Ոսկանյանի