Երբ ալեկոծված են սիրտդ ու հոգիդ, մի շտապիր գինետուն կամ զվարճանքի վայր
Խորհե՞նք մնայուն բաների մասին: Մեզ մնայուն խաղաղություն է պետք: Երբ ալեկոծված են սիրտդ ու հոգիդ, մի շտապիր գինետուն կամ զվարճանքի վայր, ցրելու քո խռովահույզ մտքերը: Այդ վայրերում աշխարհի ժամանակավոր խաղաղությունն է տիրում, որը կարճ ժամանակից կլքի քեզ, իր սովորության համաձայն: Քեզ մնայուն խաղաղություն է պետք:
Այն խաղաղությունը, որ մեր Տեր Հիսուս ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, եւ չվախենաք»։
Հովհ 14:27
Իսկ մնայուն խաղաղություն կարող ես գտնել կիրակի օրերը եկեղեցում Պատարագի ժամանակ, երբ խորհրդակատար քահանան շրջվում և պարբերաբար խաղաղություն է տալիս, ասելով. «Խաղաղութիւն ամենեցուն»: Իսկ ժողովուրդը պատասխանում է. «Եւ ընդ հոգւոյդ քում»:
Սա կատարվում է մոտ տասներկու անգամ: Սարկավագը նույնպես պարբերաբար խաղաղության համար աղաչում է, ասելով. «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛: Օրհնեա՛, տէ՛ր»:
Հիմա տեսնո՞ւմ ես, թե որտեղ է խաղաղությունը: Ալեկոծված մարդը գնում է եկեղեցի և խաղաղվում է, ինչը նորություն չէ և շատերը կփաստեն այս մասին: Մեզ մնայուն խաղաղություն է պետք: Մնայուն հավատք է պետք: Մնայուն հույս է պետք, և մնայուն հավիտենական կյանքի ձգտում է պետք Տիրոջ ողորմությամբ: Մենք պարտավոր ենք ճիշտ տեղերում փնտրել մնայուն արժեքերը, նրանք աշխարհի մեջ չեն ՀԱՍՏԱՏ:
Աշխարհը իր այդչափ վայելքներով հանդերձ չունի այն ուրախությունը, որն ունի աղքատության մեջ ապրող Քրիստոսին ճանաչող մարդը: Այսքան զվարճությունների մեջ աշխարհը չի կարող մարդուն հավիտենական զվարճություն խոստանալ, սակայն ճշմարտությունը ճանաչող մարդը հավիտենական զվարճության մեջ է:
Ուզո՞ւմ ես հավերժ ապրել, ապրիր որպես մարդ… Սա երազանք չէ, այլ ջանք հանուն հավիտենականության:
Ծովիկ Դավթյան