02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված հարցնում է

«Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ։ Վարդապետ,  աչքերս թող բացվեն» (Մարկ․10։ 51)։

Այս խոսքը ես վերցրել եմ Մարկոս Ավետարանչի 10-րդ գլխի 51 համարից։

Որպեսզի կարողանանք լիովին հասկանալ, թե այս խոսքերով, Հիսուս ի՞նչ էր ուզում ասել կույրին, որը հավատքով դիմել էր նրան իր աչքերը բացելու համար, մեջ եմ բերում Մարկոս Ավետարանչի 10-րդ գլխի 46-52 համարները․

«Եվ եկան երիքով։ Եվ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով, բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կույր Բարտիմեոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին։ Երբ լսեց, թե անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել․ «Դավթի Որդի, Հիսուս, ողորմիր ինձ»։ Եվ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առավել ևս աղաղակում էր․ «Դավթի, Որդի, ողորմիր ինձ»։ Հիսուս կանգնեց և հրամայեց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին ու նրան ասացին․ «Քաջալերվիր, վեր կաց, կանչում է քեզ»։ Եվ նա, դեն գցելով իր զգեստները, վեր կացավ եկավ Հիսուսի մոտ։ Հիսուս նրան ասաց․«Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»։ Կույրը նրան ասաց․ «Վարդապետ, աչքերս թող բացվեն»։ Եվ Հիսուս նրան ասաց․ «Գնա, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ իսկույն նրա աչքերը բացվեցին, և ճանապարհին գնում էր նրա հետևից» (Մարկ․ 10։46-52):

Մարկոս Ավետարանչի այս պատմությունից կարելի է առանձնացնել երկու բան․

ա․ Կույրի երազը և խնդրանքը, որը գալիս էր Հիսուսի նկատմամբ ունեցած իր վստահությունից և հավատքից։

բ․ Նա խնդրում էր Հիսուսի ողորմածությունը, քանի որ հավատում էր Նրան և մտածում էր, եթե Տերը ողորմի իրեն, նաև կբուժի ու դրա համար, երբ Հիսուս նրան հարցնում է, թե՝ «Ի՞նչ է ուզում, որ Ինքը նրա համար անի», նա ներքին հուզումով ու հավատով պատասխանում է․ «Վարդապետ, թող աչքերս բացվեն»։ Նա վարդապետից լույս էր ուզում, լույս, որը ինքը կորցրել էր, լույս, որը իրեն հնարավորություն պիտի տար տեսնելու աշխարհի գեղեցկությունները․ «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»: (Հովհ. 8; 12)»,- ասում է Հիսուս։

Կույրը զրկված էր լույսից, քայլում էր խավարում։ Նա ոչինչ չէր տեսնում, այլ միայն լսում էր, որ կան գեղեցկություններ, որոնցից ինքը զրկված էր՝ արևի լույսից, աշխարհի գեղեցկություններից և նրանցից, որոնք հաճելի են մարդկանց։ Եվ երբ բարձրաձայն կանչում էր Հիսուսին․«Դավթի Որդի, Հիսուս, ողորմիր ինձ», Տերը լսում է նրա՝ աղաչողի ու խնդրողի ձայնը և պատասխանում է․ «Կանչեք ինձ մոտ նրան»։ Հիսուսի շուրջը գտնվողները կույրին ասում են․ «Քաջալերվիր, վեր կաց, Նա կանչում է քեզ», այսինքն՝ ուրախացիր, ցնծա, քո ժամը եկել է, խնդրանքդ տեղ է հասել ու շուտով Աստված քեզ կօգնի։

Այդ պահին ամեն մեկս էլ, եթե կույրի տեղը լինեինք, նույն բանը պիտի անեինք։ Ինչքան էլ մարդիկ փորձեին մեզ լռեցնել, մենք ավելի բարձրաձայն պիտի կանչեինք․«Դավթի Որդի, Հիսուս, ողորմիր ինձ», որովհետև մեր հույսը Աստված է, ոչ թե մարդիկ։ Բարտիմիոս կույրը հավատաց, որ իր աչքերը կարող են բացվել միայն Աստծու շնորհիվ ու Նրա զորությամբ։

Ես այս պահին ապրում եմ կույրի վիճակով։ Նա հույսով ու հավատով սպասում էր։ Երկար տարիների իր երազն էր, թե մի օր պիտի բացվեն իր աչքերը։ Եվ եկել էր ժամանակը, պահը, որ իր երազը իրականություն դառնար։ Ու իր այս հարցմանը, Հիսուս պատասխանում է․ «Գնա, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ Ավետարանիչը շարունակում է, թե՝ իսկույն նրա աչքերը բացվեցին, և ճանապարհին գնում էր նրա (Հիսուսի) հետևից»։

Մի րոպե դուք ձեզ պատկերացրեք կույրի դրության մեջ։ Խավար էր տիրում իր շուրջը։ Նա ոչինչ չէր տեսնում։ Հիսուսի հրամանով «Գնա, քո հավատը քեզ փրկեց», իսկույն խավարը լույսի է վերածվում։ «Ժողովուրդ, մարդիկ, սիրելիներ, ես տեսնում եմ, տեսնում եմ»,- բարձրաձայն գոռում էր կույրը։ Ուրախություն, ցնծություն, խնդություն։ Տերը լույս է սփռում՝ կույրերի աչքերը բացելով։

Մենք էլ շատ անգամ կույրի վիճակում ենք։ Մեր ֆիզիկական աչքերը բաց են, մենք տեսնում ենք աշխարհի լույսը, բայց դժբախտաբար փակ են մեր հոգու աչքերը, քանի որ լիիրավ աղոթքի կյանքով չենք ապրում։ Աղոթքը թեթևացնում է մարդու հոգին, մաքրում, զտում ու պարզություն է մտցնում մարդու հոգում։ Աղոթող մարդը միշտ էլ լավատես է, երբեք չի բողոքում, այլ գոհ է իր վիճակից ու Աստծուն փառք է տալիս իր ամենօրյա կյանքի համար։

Ես երբեմն զարմանում եմ, երբ մարդիկ բողոքում են իրենց կյանքից։ Կարծում եք նրանք շահո՞ւմ են այդպես բողոքելով։ Իհարկե, ոչ․ ընդհակառակը այդպես անելով նրանք իրենց սրտում ու հոգում կուտակում են ավելորդ տառապանք, հոգս ու տրտմություն։ Եվ դա կաթիլ առ կաթիլ ազդում է նրանց հոգեկանի վրա։ Աստծուն փառք տալով, մենք մեզ ապահովում ենք, քանի որ Տերն է հոգում ամեն ինչ։ Մեր հույսը դնենք նրա վրա։

Այսօր էլ Հիսուս մեզանից յուրաքանչյուրին կարող է հարցնել․ «Զավակս, ի՞նչ ես ուզում, որ Ես քեզ համար անեմ»։ Մենք պատրաստ պիտի լինենք այս հարցին պատասխանելու համար․ «Վարդապետ, թող բացվեն մեր հոգու աչքերը», որպեսզի մենք սրբված, մաքրված և հավատքի մեջ զորացած շարունակենք մեր կյանքը՝ ամեն օր փառք տալով Երկնավոր Հորը Իր բարիքների համար։ Ամեն։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ