Մարդասպան են
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔԻ ԱՐՄԱՏՆ Է։ ԱՅՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻԱԿ ԿԱՑԻՆԸ՝ ՍԵՐՆ Է:
Ատելությունը թշնամական մի կեցվածք է, որը մարդ ունենում է որևէ անձի նկատմամբ, երբ նրան սիրելուց դադարում է ու ցանկություն է ունենում հարվածելու: Նրա համար Առակագիրը գրում է. «Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում» (Առակ. 10:12): Ատելությունը բազմատեսակ մեղքերի դուռն է: Երկու տեսակ մարդասպանություն կա: Առաջինը` արյունով և մի անգամ, երկրորդը` առանց արյան ու անդադար` ատելության ոգով:
Ատելությունը թույնի է նման: Մարդը եթե այդ թույնը չկարողանա իր ատած անձի մեջ ներմուծել և նրան սպանել, անպայմանորեն այդ հյութից կամ նյութից ինքը պիտի թունավորվի ու նրա արյունով բարոյապես պիտի սպանվի:
Մեր Տերը` Հիսուս Քրիստոս ոչ մեկին չատեց, սաստեց, խարազանեց, սիրեց և առանց ատելու իր սկզբունքից շեղվելու խաչ բարձրացավ, կամովին մահը գրկեց, սակայն փարիսեցիների փառասիրությանց և եսասիրությանց խաղալիք չեղավ:
Համաձայն Անգլիացի նշանավոր գրող Բայրընի՝ «Ատելությունը սրտի խենթություն է»: «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել« (Ա. Հովհ. 4:20):
Այն քրիստոնյաները, որոնք ատում են իրար` մարդասպան են։ Ուրեմն մի’ ատեք իրար: Մի’ նախանձեք: Մի’ չարախոսեք: Ոխ մի’ պահեք: Մի’ անարգեք, այլ սիրեցեք ու ներեցեք իրար:
Տեր Հովսեփ քահանա Հակոբյան