Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա, Քրիստոսից զատ ժողովրդավար չկա
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/04/image-1.jpg)
Քրիստոսից մեծ հանդուրժող, Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա, Քրիստոսից զատ ժողովրդավար չկա, դրանից դուրս բոլոր նմանատիպ բաներ քարոզողները կեղծ են եւ սատանայական: Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, հանդուրժողականություն… աշխարհը այսօր՝ թողած Քրիստոսին, սատանայի գիրկն է վազում իր կեղծ ու անմարդկային արժեքներով: Ժողովրդավարությու՞ն են ուզում, Քրիստոսից կատարյալ ժողովրդավար չկա՛:
Ողորմած Աստված ծնվեց Սուրբ Կույսից, մեծացավ եւ հասակ առավ ինչպես բոլոր մարդիկ, մտավ ժողովրդի մեջ, նրանց հոգսերը ընկալեց, ցավերը դարմանեց… Ասացեք խնդրեմ, սրանից առավել ժողովրդավարություն կա՞: «Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մեջ բռնված մի կին եւ նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին. «Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»:
Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Հիսուս, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր: Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»: Եւ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր: Եւ այս լսելով՝ մեկ առ մեկ ելնում գնում էին՝ տարիքավորներից մինչեւ փոքրերը: Եւ Հիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ: Հիսուս նրան ասաց.
«Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եւ սա ասաց՝ ո՛չ, Տե՛ր: Եւ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»: (Հովհ. 8; 3-11) Տերը չդատեց, բայցեւ պատվիրեց, որ այլեւս մեղքի մեջ չընկնի եւ նման բան չանի: Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ, աշխարհը եղծում է այդ պատկերը, անճանաչելիորեն այլանդակում, հափշտակում, ոչնչացնում: Աստված Իր արարչության հոգատար Տերն է եւ խնամակալը, Իր զավակների սիրող եւ նվիրված Հայրը:
Աշխարհը մի անելանելի զնդան է ազատ ու երջանիկ ապրելու նպատակով ստեղծված մարդու համար, մի անբեկանելի դատավճիռ իրենք իրենց այդ զնդանին դատապարտածների համար: Բայց եթե մեկը կամենա ելնել այդ զնդանից, բանալին իր ձեռքերում է, եթե ինքնակամ չի հրաժարվել դրանից: Հայրենիքի կարոտը, վերադարձի փափագը, անգամ առանց բանալու, կարող են թույլ տալ ազատվել զնդանից՝ կոտրելով ճաղերն ու կողպեքը:
Աստված սիրում է մարդուն, սակայն ատում է նրան Իրենից բաժանող մեղքը, որը անդունդի նման ձգվում է իրենց միջեւ: Այդ անդունդը անէության ու չգոյության անհատակ անդունդն է, որի վրա Աստված գցեց իր սիրո կամուրջը՝ Խաչը, առանց որի Նրա կանչին արձագանքողները դատապարտված էին գլորման եւ կորստյան: Անօրինության որդին արդեն աշխարհում է եւ աշխարհը լցված է նրա թունավոր շնչով:
Այսօր ոտնատակ են տրվում աստվածադիր բարոյական օրենքները, շրջանցվում են եւ անտեսվում մարդկային օրենքները, կազմաքանդվում են անհատը, ընտանիքը, ազգը, պետությունը: Անօրինությունը հաստատվել է որպես միջազգային նորմ: Շատերը չեն հասկանում, թե ինչ սարսափելի ընկած վիճակում էր աշխարհը մինչեւ Քրիստոս, եւ՝ թե ինչ հականեխիչ աղ ու խավարը փարատող լույս եղավ քրիստոնեությունը աշխարհի համար:
Սակայն դա Քրիստոսին չճանաչող աշխարհն էր, իսկ հիմա աշխարհը մերժում է իրեն հայտնված Փրկչին եւ Նրա տված փրկությունը՝ հաշտությունը Հոր հետ: Անօրենի անունը հակաբուդդա կամ հակամուհամմեդ չէ, այլ Հակաքրիստոս է: «Լույսը խավարի մեջ լուսավորում է, եւ խավարը Նրան չնվաճեց»,- այս ավետիսով է սկսվում Հովհաննես աստվածաբան Ավետարանչի ավետարանը. խավարը Լույսին չնվաճեց:
Չի ասում՝ խավարը չի կարող նվաճել, կամ՝ չի կարողանալու նվաճել, կամ՝ չի նվաճելու, այլ որպես փաստ՝ չնվաճեց: Լույսը միշտ լուսավորում է հաղթության ճառագայթներով: Ի՞նչն է մարդուն անզգա դարձնում այդ ճառագայթների լույսի ու ջերմության դեմ. սեփական էության՝ խավարին հարազատ մասը կամ խավարի հարազատ մասը կազմող սեփական էությունը՝ նայած ախտահարության աստիճանին:
Եթե մարդը իր մեջ Լույսից մաս չունի, նրա համար Լույսը կլինի խորթ եւ օտար, անանհրաժեշտ, անգամ վտանգավոր: Աշխարհի զավակների համար տերության, իշխանության, ազատության ու ապահովության խորհրդանիշը ոսկե հորթն է՝ մամոնան, որ իսրայելացիները պատրաստեցին եգիպտական գողացված ոսկուց: Երբ իր պաշտամունքի առարկայի մեջ մարդը ներդրված է տեսնում իր համար թանկ ու կարեւոր իրողություններ, նա չի բաժանվի նրանից: Եթե մարդը Հիսուս Քրիստոսի անձի մեջ է տեսնում ամենաթանկն ու ամենակարեւորը, նա չի լքի իր պաշտելի Տիրոջը, քանզի այլընտրանք չկա Միակ Ճշմարտության համար:
Աշխարհի խաբեպատիր, ստվերային իրականության հետ մարդուն կապում են նրա ցանկությունները, եւ նրա կամքն է միայն, որ կարող է խզել այդ հիվանդագին, չհագեցնող, չբավարարող, ուժասպառ անող եւ սպանող կապը: Այդ կապը պաշտոնապես հաստատվեց Եկեղեցու եւ պետության ապահարզանից հետո:
Աստծո տիրությունը մերժելուց հետո սկսվեցին «ինքնիշխան» մարդու նոր կերպարի կերտման աշխատանքները: Նա առաջացավ կապկից, զրկվեց բանական հոգուց եւ նրա բնական պահանջները բավարարելու ձգտման իրավունքից, կապվեց իր համար միակ ընկալելի նյութական իրականությանը, դարձավ իր մարմնավոր ցանկությունների գերին եւ ապականող աշխարհի ստրուկը: Ժամանակակից մարդը այսպիսի «էվոլյուցիայի» ծնունդ է:
Բարոյականությունը եւ սրբությունը հոգեւոր իրողություններ են, հետեւաբար ավելորդ ու անարժեք են սեփական հոգու գոյությանը անտեղյակ ու գինը չիմացող մարմնավոր, նյութական արժեքներով մխիթարվող եւ դրանց հանդեպ կապվածությամբ ղեկավարվող էակների համար: Այդպիսի էակների ամբողջությանը՝ ամբոխին, կերակրելը եւ ղեկավարելը հեշտ է, պետք է ընդամենը թելադրել նրանց իրենց իսկ պահանջները եւ շտապել բավարարել դրանք:
Եւ շատ շուտով նրանք կպահանջեն սեփական կորուստը, կործանումն ու մահը, ինքնաբացարկ կհայտարարեն, ինքնաոչնչացում կվանկարկեն ու, կուրացած ինքնանպատակ տենչանքի մոլուցքից, կքայլեն դեպի անդունդը: Այդպիսի մարդիկ էին հետեւում Քրիստոսին Նրա կողմից բժշկություններից, հրաշքներից, մանավանդ հացի բազմացումից հետո: Այսօր էլ այդպիսի մարդկանց Հիսուս հորդորում է. «Գնացեք, այսուհետեւ, աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ հավիտենական կյանքի համար է»:
Այդպիսի մարդիկ են այսօր տոլերանտ վերաբերմունք պահանջում հասարակության ամեն տեսակ տականքների հանդեպ՝ առանց գաղափար անգամ ունենալու, թե ինչ է դա: Լսել են ու կրկնում են: Տոլերանտ վերաբերմունք. բժշկագիտական տերմինաբանության մեջ օգտագործվող հասկացություն է: Նշանակում է իմունային համակարգի՝ վնասակար մակաբույծների եւ օտարածին մարմինների նկատմամբ դիմադրողականության անկարողությունը:
Այս վիճակը ձեռք է բերվում թունավոր նյութերի հարատեւ ազդման միջոցով, որը բերում է իմունային համակարգի հյուծմանը եւ անկարող է դարձնում տարբերել օտարածին մարմինները եւ պայքարել դրանց դեմ: Իմունային համակարգի անտարբերություն: Ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ բարոյական իմաստով դա կործանարար եւ վտանգավոր է: Այս ճանապարհով էլ մարդկանց մոտ «հայտնագործվում է» ՄԻԱՎ «վարակը» եւ սկսվում է «բուժումը»:
Հաճախակի վանկարկվող եւ չարաշահվող հաջորդ բառն է հանդուրժողականությունը: Հանդուրժողությունը նշանակում է համբերատարություն, ներողամտություն, զիջողություն, բարեհաճություն, ողորմածություն: Այս երեւույթը առողջ հասարակության մեջ մարդկային հարաբերություններում ապահովում է փոխզիջում, փոխօգնություն, սրտացավություն, հոգատար վերաբերմունք՝ օգնելու համար միմյանց ավելի կատարելագործվել.
«Արդ, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկվածս, որ ընթանաք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք. կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերությամբ հանդուրժեցե՛ք միմյանց սիրով, ջանացե՛ք պահել հոգու միությունը խաղաղության կապով. մե՛կ մարմին եւ մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ» (Եփես. 4;1-4): Սակայն եթե այդ հասկացությունը դիտարկվում է որպես որեւէ վնասակար երեւույթի հանդեպ վտանգավոր անտարբերություն՝ գնահատելու, ընդունելու կամ հակազդելու անընդունակություն, բարոյապես անկյալ միջավայրում, ապա այն համարժեք է դառնում տոլերանտությանը:
Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» Սյունյաց Թեմի պաշտոնաթերթ N75