«Աղբյուրի ջուր խմիր, ակունքից, որ գտնես հողի հիշողությունը»
Ժամանակակից բանաստեղծուհի, արձակագիր Վեներա Վարդումյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է «Ցավի հետ մենակ» պատմվածքից մի հատված, ինչը ներկայացնում ենք ստորև.
«Հողի ամեն փշուր կյանք ունի, ջրի ամեն կաթիլ՝ հիշողություն:
Աղբյուրի ջուր խմիր, ակունքից, որ գտնես հողի հիշողությունը, որ չմոռանաս ո՜վ լինելդ:
Հիշու՜մ ես՝ հայրդ անտառից վայրի տանձենիներ էր բերել, որ վրան պատվաստ անի:
Երեքից միայն մեկն էր կպել, էն էլ մի ցուրտ ձմեռ չդիմացավ:
Էս երկուսը, տեսնու՜մ ես՝ ո՜նց են խշշում. առվի ջուր խմած են, դիմանում են:
Ճամպրուկներս կապել եմ, դուռս՝ փակել, բանալին մի տեղ խցկել, ասում ես՝ գնա եղբորս մոտ՝ օտար հողում ապրիր:
Գնում եմ, բայց էն պատվաստ արած տանձենու պես պիտի չդիմանամ:
Սա սովորական տուն չի, աղջիկ ջան, որ ես ապրել եմ, սա իմ կյանքն է, իմ ջղերը, իմ սերը, Երկիր մոլորակի ամենանվիրական տարածքը…
Մի օր բանալին կպտտես կողպեքի մեջ, դուռը կբացես ու քո ներսը լցվածից տեղ չես գտնի, որ նստես»…..