Հուշարձաններ Հալլեում և Ժնևում՝ Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին
Գերմանիայի Հալլե քաղաքի հայկական համայնքը, ինչպես հավաստիացնում է հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանը, ամենափոքր համայնքներից մեկն է: Այստեղ բոլորը Հայաստանից են եկել՝ շուրջ 40-45 ընտանիք է ապրում, մեծ մասը` Շիրակի մարզից: Միահամուռ ջանքերով կարողացել են 2006-ին ձեռք բերել և Էջմիածնի սեփականությունը դարձնել տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի շենքը՝ 1901-ին կառուցված կից շինության հետ միասին և 2010-ին վերաօծել Սուրբ Հարություն անվամբ: Համայնքի ակտիվ անդամներն այժմ աշխատում են տեղի իշխանություններին Հայոց ցեղասպանության հարցը հնարավորինս լսելի դարձնելու ուղղությամբ: Պատրաստվում են քաղաքի կենտրոնական որևէ այգում խաչքար տեղադրել:
“Մեր քաղաքապետուհին Հայաստան այցից հետո այցելեց մեզ, մենք էլ դիմեցինք, ասեց ինչու ոչ, նույնիսկ օրինակով, որ հրեաներն ունեն հրապարակ, դուք էլ կարող եք ունենալ, օգնեց մեզ, թե ում դիմենք, ինչպես, և դրական պատասխան ենք ստացել: Սպասում ենք, հիմա տեղն են որոնում, թե որտեղ հատկացնեն: Պահանջել ու խնդրել ենք, որ քաղաքի կենտրոնական հատվածներում լինի, որովհետև կարևոր նշանակություն ու խորհուրդ ունի”,- Henaran.am-ին ասել է Հալլեի հահ համայնքի ատենապետ Հարություն Մանուկյանը և հավաստիացնում, որ 2015-ին խաչքարը տեղադրված կլինի: Քարը կընտրվի և կպատրաստվի Հայաստանում:
Աշխատանքային ճիշտ նույն ընթացքի մեջ է Շվեյցարիայի հայկական համայնքը: Վերջինս անհամեմատ հնաբնակ է, ունի ավելի մեծ աշխարհագրություն` Իրանից, Սիրիայից, Թուրքիայից, Եգիպտոսից, Հայաստանից գաղթած շուրջ 2000 հայեր: Եվրոպայում եզակի հայկական համայնքներից է, որ սեփական եկեղեցին ունի, այն էլ կառուցել են տեղի հայերը` Հայաստանից բերված քարով:
“Մեր եկեղեցու մոտ մեկ ուրիշ հուշաքար կա, որ Jean-Claude Vaudroz-ի Վոլվոյի պատվին է, իր ժամանակ հայոց ցեղասպանությունն ընդուվեց Շվեյցարիայում: Եվ հիմա էլ աշխատում ենք Ժնևի կառավարության հետ մեկ այլ հուշարձանի համար՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Հարցը շատ առաջ է ընկել, արդեն հուշարձանի տեղի մասին ենք խոսում”,- Henaran.am-ի թղթակցինպատմել է շվեյցարահայ միության ատենապետ Նժդեհ Խաչատրյանը :