24 Հուլիսի, Չորեքշաբթի, 2019

Երբ է երազն Աստծուց

8523

«ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԵՐԱԶՆԵՐԻՆ, ՆԱ ՆՄԱՆ Է ՄԵԿԻՆ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԲՌՆԵԼ ՍՏՎԵՐԸ ԵՎ ՎԱԶԵԼ ՔԱՄՈՒ ԵՏԵՎԻՑ ․․․» (ՍԻՐԱՔ 31.2):

Շատ մարդիկ երազներ տեսնելուց հետո առավոտյան շտապում են վերցնելու չգիտես որտեղից ձեռք բերված երազահանը` իմանալու, թե ինչ է նշանակում իրենց տեսած երազը։ Կամ էլ այն պատմում են ընտանիքի անդամներին, ընկեր-ընկերուհիներին` լսելու նրանց կարծիքը։ Բացահայտելու համար երազի իսկությունը, նախ տեսնենք, թե ինչպիսին է մարդկային քունը։

Ըստ մեծանուն փիլիսոփա Արիստոտելի` ամեն կենդանի արարած պետք է ննջի, որպեսզի արթնության ժամանակ կարողանա գործել։ Քունը նաև նրա համար է, որպեսզի երբեմն Աստված կամ հրեշտակները հայտնվեն մարդուն, ինչպես որ եղավ Հակոբի պարագային, երբ նա երազում տեսավ սանդուղքով իջնող և բարձրացող հրեշտակներին և սանդուղքի վրա` Տիրոջը (Ծննդ. 28.12-13): Քունը օգտակար է նաև նրա համար, որպեսզի մարդիկ իմաստանան, ինչպես որ Սողոմոնը գիշերը քնած ժամանակ երազի մեջ իմացավ Աստծո բարի խորհուրդները (Գ Թագ. 3.5, 11-14)։

Երազի մասին հոգեբանները շատ աշխատություններ և կարծիքներ են գրել։ Սակայն տեսնենք, թե ինչ են ասում աստվածային իմաստությամբ լի սրբերը։

Երազները լինում են չորս տեսակի՝ ԲՆԱԿԱՆ, ՓՈՓՈԽԱԿԱՆ, ԴԻՎԱԿԱՆ ԵՎ ՏԵՍԼԱԿԱՆ։

ԲՆԱԿԱՆՆ ԱՅՆ է, երբ մարդն իր մտահոգություններից կամ օրվա աշխատանքից մնացած հիշողական պատկերներ է տեսնում։

ՓՈՓՈԽԱԿԱՆՆ առաջանում է մարմնի տարրերի որոշ փոփոխման հետևանքով։ Օրինակ` երբ մարդու ջերմությունը բարձրանում է, մարդը դրա պատճառով երազներ, մղձավանջներ է տեսնում։

ԴԻՎԱԿԱՆ երազները լինում են սատանայական չար ուժերի ազդմամբ` մարդկանց մոլորության մեջ գցելու համար։

ԻՍԿ ՏԵՍԼԱԿԱՆԻ ժամանակ Աստված տեսիլքներով մարդուն որևէ կարևոր բան է հայտնում, ինչպես որ ասվում է. «Տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ» (Ծննդ. 12.6):

Երազների մասին խոսելիս պետք է անպայման իմանալ, որ մարդկային հոգին բաղկացած է երեք մասից` տնկական, զգացական և բանական։

Քանի դեռ մարդն արթուն է, միտքը՝ բանական մասը, առաջնորդ է, և մյուս նշվածները սպասավորում են նրան։ Բայց երբ մարդը քնում է, առաջնորդ է դառնում հոգու տնկական մասը, որով լինում է կերակրի մարսումը և կարևոր նյութերի բաշխումը օրգանիզմին։ Քնի ժամանակ հոգու տնկական մասը ակտիվ գործում է, այդ իսկ պատճառով էլ մարդու քնած լինելը չի խանգարում կերակրի մարսողությանը և դրա հետ կապված այլ գործողություններին։

Քնի ընթացքում արդեն տնկականն է դառնում առաջնորդ, իսկ միտքը և զգացական մասը սպասավորում են նրան։ Դրա համար էլ երազները երբեմն այդքան խառնիճաղանջ են լինում։ Ընդհանրապես խորհուրդ է տրվում երազներին այդքան էլ ուշադրություն չդարձնել, որովհետև դրանք այն-քան էլ հատկանշական բաներ չեն։

Աստվածաշնչում` Սիրաքի իմաստության մեջ, ասվում է. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու ետևից։ Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ` երազներ տեսնելը։ Ունայն են այն գուշակությունները, նշաններն ու երազները… Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, և դրանց վրա հույս դնողները խոտորվեցին» (Սիրաք 31.2-3, 5,7):

Իսկ եթե երազն Աստծուց է, ինչը շատ հազվադեպ է լինում, ապա այն հատուկ ձևով կկրկնվի շատ անգամներ, և այդպիսի երազ տեսնելուց հետո պետք է անպայման խորհրդակցել հոգևորականի հետ` այն դիվական երազներից տարբերակել կարողանալու համար։ Այդ իսկ պատճառով երազահաններ ընթերցելու փոխարեն ընթերցեք սրբերի վարքը կամ Աստվածաշունչը, որոնցից անհամեմատ ավելի մեծ օգտակարություն կարող եք ստանալ։

Երազը երբեմն նման է նաև մեղքին։ Օրինակ` եթե մարդը քնի մեջ սպանություն է տեսնում, վախենում է, բայց երբ քնած մարդուն մեկը իրականում ուզում է սպանել, ապա նա, անտեղյակ լինելով, ոչ մի երկյուղ չի զգում։ Ճիշտ այդպես էլ մեղավոր մարդը մահից կամ հետագայում Աստծո պատժից չի վախենում, սակայն վախենում է այս կենցաղի հետ կապված տարμեր խնդիրներից։ Սրա համար էլ մենք ճշմարիտը իմանալով` մեր սրտերում տեղ պատրաստենք Աստծո համար, որպեսզի հետագայում Աստված էլ մեզ տեղ տա Իր Երկնային Արքայության մեջ։

Ադամ քահանա Մակարյան
«Քրիստոնեության իսկություն»-ը գրքից

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ