Մեքսիկայի կենտրոնական հեռուստանըկներությունը հեռարձակել է ՀՀ դեսպանի արձագանքը
Մեքսիկայի կենտրոնական “Canal 7” ալիքը հեռարձակել է Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի արձագանքը՝ ղարաբաղյան հիմնախնդրի մասին Ադրբեջանի դեսպանության պատրաստաված հաղորդմանը:
Մասնավորապես, դեսպանն իր արձագանքում նշել է, որ առաջին կարևոր բանը, որ պետք է իմանալ ԼՂ հիմնախնդրի մասին այն է, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև է, այլ այն սկիզբ է առել, երբ Ադրբեջանը իր ռազմական ուժի ողջ կարողություններով սանձազերծել է պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ, որից հետո Ղարաբաղի բնակչությունը անցկացրել է անկախության հանրաքվե:
Ենթատեքստը հասկանալու համար դեսպանն առաջարկել է անցկացնել զուգահեռականներ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի վերաբերյալ Բրիտանիայի արձագանքի և ԼՂ-ի անկախության հանրաքվեի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքի միջև:
Անհնար է պատկերացնել, որ Բրիտանիան կարող էր հակազդել, եթե նույնիսկ շոտլանդացիները կողմ քվեարկեին անկախությանը: Մինչդեռ ԼՂ անկախության հանրաքվեից քիչ ժամանակ անց Ադրբեջանը գործի դրեց իր ռազմական մեքենան և սկսեց ռմբակոծել Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, որը հազարավոր քաղաքացիական զոհերի պատճառ դարձավ: Իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծած արյունալի պատերազմը ավարտվեց Ղարաբաղի հաղթանակով:
Օրինական ճանապարհով քվեարկելով անկախության համար` Ղարաբաղի բնակչությունը պայքարել է իր ինքնորոշման իրավունքի համար, իսկ այդ պայքարը, հիրավի, կարելի է համարել անցած դարաշրջանի ամենահուզական, ամենահերոսական և անձնվեր ազատագրական պայքարը: Անցած 23 տարիների ընթացքում Ղարաբաղի բնակչությունը կառուցել է պետականություն` չնայած
շրջափակմանը, հետպատերազմյա ավերածություններին և Ադրբեջանի մշտական սպառնալիքներին: Եվ այդ պետականությունը ունի գործող ժողովրդավարական ինստիտուտներ, մրցակցային և թափանցիկ ընտրական գործընթացներ և բազմակարծություն: Իսկ դա Ադրբեջանի հակապատկերն է, որը անկախությունից ի վեր որդեգրել է ճնշումների և անհանդուրժողականության քաղաքականություն և դարձել Ալիևների կլանի ժառանգական ավտորիտար ղեկավարությամբ մի երկիր, որը Human Rights Watch-ի կողմից ճանաչվել է որպես ամենակոռումպացված և ոչ ազատ պետություննեից մեկը:
Ադրբեջանի մերժողական կեցվածքի պատճառով ԼՂՀ-ի անկախությունը մինչև օրս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Հայաստանը ևս դե յուրե չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը` բանակցային ճանապարհով խնդրիը լուծելու համար ստանձնած պատրաստակամության պատճառով:
Հանրային և խորհրդարանական դիվանագիտության մակարդակով վերջերս ակտիվորեն
ընթանում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: Օրինակ` վերջերս Կալիֆոռնիայի Խորհրդարանի կողմից։
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը միջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան:
Հայաստանը ցանկանում է հարցին տալ փոխզիջումների վրա հիմնված լուծում, մինչդեռ ադրբեջանական կողմը չի ցուցաբերում բարի կամք, փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և ահաբեկել ԼՂՀ-ին իր ռազմատենչ հայտարարություններով:
Տապալելով վերջին տասնամյակների խաղաղ բանակցությունները ` Ադրբեջանը դիմում է ռազմական միջոցների հակամարտության մեջ հաջողության հասնելու համար: Ս.թ. օգոստոսին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ կիրառած ռազմական սադրանքները անհաջողության են մատնվել:
Դեսպանն իր խոսքում նաև հանգամանալից անդրադարձել է Արցախի պատմությանը, նշելով, որ հայերը Ղարաբաղը անվանում են Արցախ` այս տարածքի պատմական անունով, որը դեռևս արձանագրվել էր հույն պատմաբան Ստրաբոնի կողմից: Արցախը միշտ էլ եղել է Փոքր Ասիայի արևմտյան քրիստոնյա քաղաքակրթության օրրաններից մեկը վաղ քրիստոնեական ժամանակշրջանի բազմաթիվ անգին հուշարձաններով:
Իսկ Լեռնային Ղարաբաղը 1920-ականներին Բոլշևիկների կողմից տված աշխարհագրական անունն է, որը Ստալինի կողմից բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին: Ադրբեջանի տիրապետության տակ 70 տարի մնալով` Արցախը պարբերաբար ենթարկվում էր էթնիկ զտումների և խտրական վերաբերմունքի: Գորբաչովյան “Վերակառուցման” քաղաքականությամբ ոգևորված` Արցախի
բնակչությունը ոտքի կանգնեց իր իրավունքների և անկախության համար` համաձայն Խորհրդային Սահմանադրության օրենքների և ընթացակարգերի: