28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դու իմ մեջ ես, թեկուզ ես Քեզ չեմ տեսնում

Ով Տեր, դա իսկապես օրհնյալ պահ է, երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, իրականում Քեզ հետ եմ մենակ մնում, որովհետև Դու իմ մեջ ես, թեկուզ ես Քեզ չեմ տեսնում։ Սա տարօրինակ չէ, քանի որ Դու աշխարհում էիր, և աշխարհը Քեզ չճանաչեց։ Երբ դեռ աշխարհում էի, ամենամեծ մեղքերիցս մեկն այն էր, որ խուսափում էի ինքս ինձ հետ մենակ մնալուց։ 

Ես ժամանակ չունեի ինքս ինձ հետ մենակ մնալու կամ, ավելի անկեղծորեն , ես վատնում էի Քո տված ժամանակը, փոխանակ ինձ անդրադառնալու, ինձնով զբաղվելու կամ ամեն առիթ օգտագործելու ինքս ինձ հետ մենակ մնալու կամ ավելի շատ Քեզ հետ լինելու համար։ Ախ, իմ հիմարության պատճառով, այդ ընթացքում ես նոր զբաղմունքներ էի փնտրում՝ ժամանակս լցնելու համար՝ կարծես թե ինքս ինձ հետ մենակ մնալը ծուլություն լիներ։

Ամեն անգամ ինքս ինձ հետ մենակ մնալով, զգում եմ, որ աշխարհից էլ թանկ եմ ես, ինչպես ասել ես. «Ի՞նչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի»: (Մարկ. 8.36)
Եվ երբ զգում եմ իմ արժեքը, աշխարհն արհամարհանքով եմ նայում և Քեզանից ստանում եմ ամեն ինչից հրաժարվելու կարողությունը։ Եվ երբ հրաժարվում եմ ամեն ինչից, շուրջս նայելով Քեզ եմ տեսնում, որ քաջալերում ես ինձ խոսքերովդ.

«Մի վախեցիր, որովհետև քեզ հետ եմ» (Ծնն.26.24)։

Երբ առանձնանում եմ ինքս ինձ հետ, ով Տեր, հայտնաբերելով ներքին անձս, տեսնում եմ, որ օտարները ներսումս հանդգնել են ապականել Քո սրբությունները։ Խոստովանում եմ Քեզ ամենը և խնդրում, որ ազատես ինձ օտարականների ձեռքից։ Ժամանակն արագ է ընթանում , իսկ ես դեռ շատ բան ունեմ Քեզ ասելու և ինձ ասելու։ Այսպիսով, մարդկային մխիթարությունն աչքիս քիչ արժեք ունի։ Բավականություն ստանալու համար այլևս ուրիշների ընկերակցությունը չեմ փնտրում, այլ ավելի շուտ մխիթարություն եմ գտնում առանձնության , մեկուսանալու ու անդորրի մեջ։ Սա ինձ չի զրկում ինքս ինձ հետ մենակ լինելուց, որն ինձ համար շատ կարևոր է, և որն իմ մեջ խոնարհություն և մաքրություն է ծնում։

Երբեմն , Տեր իմ, երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում ու ավելի խորն եմ քննում ինձ, սրտիս անկյուններում պառկած օձեր ու կարիճներ եմ հայտնաբերում։ Նրանք փորձում են իմ սիրտը կրծել անձայն ու թաքուն, և իրենց թույնը ներարկել արյանս, մտքերիս ու զգացմունքներիս մեջ, առանց իմ գիտության։ 

Երբ նայում եմ այս օձերին ու կարիճներին, նրանք արթնանում ու խայթում են գիտակցությունս, դրա համար էլ թողնում եմ քնեն, որպեսզի ցավ չպատճառեն ինձ։  Բայց ի՞նչ օգուտ նրանց չտեսնելուց, հանուն հանգստության նրանց այդպես թողնելուց ու աչք փակելուց։ Իրականում ինքս ինձ եմ խաբում ու փախչում ինձանից։ Ավելի լավ չի՞ լինի այդ սողուններին լույսին, պայքարել դրանց դեմ։ Ով Տեր, ողորմիր ինձ, քանի որ թույլ եմ և անզոր դրանց, նույնիսկ դրանց մի փոքր մասի դեմ։ Ինձ համար ավելի լավ է դրանց Քեզ բերել, Տեր իմ, որ Դու պայքարես իմ փոխարեն.

«Դու կփրկես ինձ թշնամու զայրույթից։ Ձեռքդ կմեկնես, և Քո աջը կփրկի ինձ»:

(Սաղմ.137.7)

Երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում և զգում եմ, թե որքան թույլ եմ ես, ավելի եմ կառչում Քեզանից, գիտակցելով, որ առանց Քեզ ոչինչ չեմ կարող անել։ Եվ որքան ավելի ամուր եմ կառչում Քեզանից, այնքամ ավելի ես Քեզ հայտնում ինձ, այնպես որ, կարողանում եմ տեսնել, թե որքան ավելի անբիծ ես Դու մարդկանց որդիների համեմատ։ Դու ինձ օգնում ես Քեզ հետ մենակ մնալն ավելի սիրել, քան մարդկանց հետ լինելը։ Ամեն անգամ, երբ մի նոր բան եմ հայտնաբերում Քո մեջ, հոգիս ավելի է փարվում Քեզ։ 

Խնդրում եմ, Տեր, օգնիր , որ թողնեմ մարդկանց և ավելի շատ մտածեմ ինքս ինձ ՔեԶ կապելու մասին։ Հետո օգնիր, որ մոռանամ ինձ և միայն Քեզ դարձնեմ իմ ուշադրությունը։

ՇԵՆՈՒԴԱ Գ ՀԱՅՐԱՊԵՏ

«Հոգու ազատագրում» գրքից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ