27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Գուցե Նիկոլը երեք տարի առաջ իսկապես անկեղծ էր. Հովասափյան

ՀՀԿ խորհրիդ անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2023 թվականի հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանին հարցրին, թե ինչ հայրենիք է թողնելու իրենից հետո։ Նրա պատասխանը կարճ էր. «Կթողնեմ՝ կտեսնեք»։

Այդ ժամանակ այս խոսքերը կարելի էր ընկալել որպես հերթական սարկազմ կամ լրագրողի հարցին տրված արհամարհական պատասխան։ Սակայն երեք տարի անց դրանց կարելի է վերադառնալ բոլորովին այլ դիտանկյունից։

Իսկ եթե Նիկոլն ուղղակի անկեղծ էր։ Եթե նա բառացիորեն ասում էր՝ կտեսնեք, թե ինչ Հայաստան եմ թողնելու։ Գուցե մենք այն ժամանակ չհասկացանք, որ այդ պատասխանի իրական իմաստը բացահայտվելու էր ոչ թե այդ պահին զուտ ասված խոսքի, այլ նրա հետագա քաղաքական որոշումների և դրանց հետևանքների միջոցով։

Հիշողության թեթև թարմացում. 2023 թվականի հուլիսին Արցախը դեռ շրջափակման մեջ էր։ Երկու ամիս անց Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Արցախը հայաթափվեց։ Ավելի քան 100 հազար հայ բռնի տեղահանվեց, դադարեց գործել Արցախի հայկական պետական համակարգը, իսկ Արցախի հարցը Հայաստանի իշխանության քաղաքական օրակարգում աստիճանաբար դուրս մղվեց՝ համարվելով «Հայաստանի վզին գցված թոկ»։

Դրան հաջորդեցին Տավուշում սահմանազատում կոչված գործընթացը, ինչի արդյունքում Ադրբեջանին հանձնվեց 4 գյուղեր: Վերանայվեց ՀՀ անվտանգային քաղաքականությունը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նոր պայմանները և արտաքին քաղաքականությունը շուռ տվեցին գլխի վրա։ Այս ամենը փոխեց Հայաստանի անվտանգային ու աշխարհաքաղաքական դիրքը։

Սակայն վերջին երեք տարիների կարևորագույն զարգացումներից մեկը վերաբերում է նաև Հայաստանի պետականության գաղափարական հիմքերին։ Օրերս հրապարակված նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը։ Հանված են նաև գործող Սահմանադրության նախաբանում ամրագրված՝ հայկական պետականության հիմնարար սկզբունքների և ազգային նպատակների մասին ձևակերպումները։

Փաշինյանն այս նախագիծը ներկայացնում է որպես Չորրորդ Հանրապետության հիմք։ Նրա հիմնավորումն այն է, որ Երրորդ Հանրապետությունը ձևավորվել է հակամարտության տրամաբանությամբ, իսկ նոր Սահմանադրությունը պետք է ամրագրի խաղաղության, անվտանգության և բարեկեցության սկզբունքները։

Այստեղ կա մի կարևոր քաղաքական հանգամանք։ Ադրբեջանը տարիներ շարունակ պահանջում է վերացնել Անկախության հռչակագրին սահմանադրական հղումը՝ այն համարելով Հայաստանի տարածքային պահանջների արտահայտություն։ Եվ հիմա հայաստանյան կառավարիչները փաստացի կատարում են այդ պահաջը:

Իսկ եթե Նիկոլն ուղղակի անկեղծ էր, քանի որ դասական սիմվոլիստ է և ոչինչ հենց այնպես պատահական չի ասում: Եթե նա բառացիորեն ասում էր՝ կտեսնեք, թե ինչ Հայաստան եմ թողնելու։ Գուցե մենք այն ժամանակ չհասկացանք, որ այդ պատասխանի իրական իմաստը բացահայտվելու էր ոչ թե այդ պահին, այլ նրա հետագա քաղաքական որոշումների և դրանց հետևանքների:

Եթե այդպես է, ապա նրա պատկերացրած հայրենիքը կարող է էապես տարբերվել այն Հայաստանից, որի պետականությունը վերականգնվել է 1991-ին։

Նիկոլի տրամաբանությամբ՝ Արցախի հարցի փակումն անհրաժեշտ է խաղաղության համար, Անկախության հռչակագրի սահմանադրական հղումից հրաժարվելը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, իսկ Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերի վերանայումը՝ նոր պետական մոդելի ձևավորման համար։

Այս մոտեցման մեջ հայրենիքի ապագան գնահատվում է իշխանության առաջադրած ծրագրի իրականացման տեսանկյունից։ Մինչդեռ պետականության գնահատման չափանիշներն այլ են՝ ինքնիշխանություն, անվտանգություն, տարածքային ամբողջականություն, ազգային շահերի պաշտպանություն և պատմական շարունակականություն։

Ի դեպ, չեմ բացառում՝ Փաշինյանը հետագայում կարող է նույնիսկ վերադառնալ իր երեք տարի առաջ ասած խոսքերին և, բոլորիս աչքերի մեջ ուղիղ նայելով, հայտարարի. «Դե ես չէի՞ ասում՝ կթողնեմ, կտեսնեք»։

Սա ոչ թե զուտ հռետորական ենթադրություն է, այլ քաղաքական պատասխանատվության հարց: Հաջորդ առանցքային բաղադրիչն այն է, թե իշխանություն կոչվածը սեփական որոշումների հետևանքները գնահատելու է Հայաստանի պետական շահերի՞, թե՞ զուտ իր քաղաքական ծրագրի հաջողության չափանիշներով։

Մի կարևոր նկատառում. պետության (ների) շարունակականությունը միայն իրավական կարգավիճակով և պետական կառույցների գոյությամբ չի սահմանափակվում։ Կարևոր է նաև, թե ինչ սկզբունքներով է պետությունը որոշում իր ապագան, ինչ պատմական հիմքեր է պահպանում և որքանով է կարողանում ինքնուրույն պաշտպանել իր ազգային շահերն ու նպատակները (որոնցից սրանք ամբողջովին հրաժարվել են)։

Եթե իշխանության քաղաքականության հետևանքով այդ հիմքերը վերանայվում են, ապա հաջորդ իշխանությունը ժառանգում է մի պետություն, որի առջև կանգնած է ոչ միայն անվտանգային ու տնտեսական խնդիրների լուծման, այլև պետականության գաղափարական հիմքերը վերականգնելու հարցը։

Գուցե Նիկոլը երեք տարի առաջ իսկապես անկեղծ էր։ Մենք պարզապես այն ժամանակ դեռ չգիտեինք, թե ինչ է նա համարում «հայրենիք թողնել»»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ