«Հայերը չեն կարող լինել մուսուլմանների բարեկամները»
«Հոգևոր առաջնորդների դերակատարությունն առավելապես կարող է վերաբերել ներքին հարցերին, քան ինչ-որ կոնկրետ, կարևոր քաղաքական հարցի: Պետք է նշեմ, որ մինչև հոգևոր առաջներդների հանդիպումը մամուլում ակտիվորեն գրում էին այդ թեմային մասին, բայց հանդիպումից հետո եղան պաշտոնական տեքստեր. դրանից ավելին պետք էլ չէր սպասել: Հոգևոր առաջնորդներն իրենք էլ քաջ գիտակցում են, որ քաղաքական խնդիրներ չեն լուծելու: Լավագույնն այն կլինի, որ նրանք փորձեն խաղասաիրական ինչ-որ տրամադրություններ ձևավորել», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպմանը:
Վերջինս շեշտեց՝ այդ հանդիպմանը վերաբերող բոլոը պաշտոնական հայտարարությունները ուսումնասիրել է և որոշակի անճշտություններ հայտնաբերել:
«Սկզբում խոսվում էր ռազմագերիների փոխանակման խնդրի մասին, բայց հետո ես տեքստերից հասկացա, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև բնակիչներին: Այսինքն՝ պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր հոգևոր հովվի համար իր հոտի յուրաքանչյուր անդամ հավասարապես թանկ է», – նշեց Թևան Պողոսյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ այս հանդիպումից հետո երեք երկրների հոգևոր առաջնորդները սեր կքարոզեն, իրենց աղթոքներում Աստծուն կխնդրեն, որ բոլոր կողմերն էլ զերծ նման նախահարձակ լինելուց ու ձգտեն խաղաղության:
«Օրինակ, Ալիևը վերջերս հայտարարեց, թե հայկական կողմը ոչնչացրել է իրենց մուսուլմանական հուշարձանները՝ փորձելով խնդրի կարգավորումը էլի ավելի բարդացնել, ցույց տալ, որ, իբր, կրոնական խնդիրների նկատմամբ հայերը նմանատիպ վերաբերմունք են ցուցաբերում: Ալիևը ցանկացավ աշխարհին մեսիջ հղել, թե հայերը չեն կարող լինել մուսուլմանների բարեկամները, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի նախագահն իր այս մոտեցումը ընդլայնում է ու փորձում է խոսել բոլոր մուսուլմանների մասին: Պետք է այսպիսի խնդիրների էլ անդրադառնալ ու փաստացիորեն ցույց տալ, որ ադրբեջանական կողմն ուղղակի ստում է», – նշեց Թևան Պողոսյանը: