Էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող երկրի ռազմավարական ոլորտը 2018-ից ի վեր մնացել է ինքնահոսի․ Սարոյան

ՀՀԿ խորհրդրի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատահական չեմ անդրադառնում գյուղատնտեսությանը, քանի որ դա հեռուն գնացող ռիսկ է պարենային անվտանգության տեսանկյունից, քանի որ նման կառավարման արդյունքում վաղ թե ուշ քաղաքացին կարող է բախվել սովի կամ սննդի հասանելիության ճգնաժամի հետ իր բոլոր տեսանելի և անտեսանելի հետևանքներով։
Մի տեղ կարդացի, որ վերջին կառավարության նիստում քննարկել են գյուղատնտեսության ապահովագրությանը վերաբերող հարց, որն ըստ պատասխանատու նախարարի բարձր ռիսկայնության համար չի աշխատել, իբր ստիպված բարձրացրել են պետության կողմից ապահովագրության սուբսիդիան, որ կենսունակ դառնա, բայց, ուշադրություն՝ դա չի գործի այսօրվանից, այլ կգործի 2027թ.-ից հետո։
Էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող երկրի ռազմավարական ոլորտը 2018-ից ի վեր մնացել է ինքնահոսի, իսկ հիմա դեմքի լուրջ արտահայտությամբ գյուղատնտեսության ոլորտը գնահատում են բարձր ռիսկային։
Բա եթե բարձր ռիսկային է, այդքան ականջահաճո շարադրված ծրագրերը ինչպե՞ս է իրականացվելու՝ այգեգործությունից մինչև անասնապահություն, խելացի գոմերից մինչև ջերմոցային տնտեսություններ։
Հիմա օրինակ՝ պատկերացրեք, գյուղացին լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա է գնում, պրոդուկտիվ սեզոնն աչքի է ընկնում անբարենպաստ եղանակներով, որի արդյունքում գյուղացին տուժում է, լիզինգի պայմանները չի կարողանում կատարել, իսկ ապահովագրությունն, ըստ Պապոյանի կսկսի գործել 2027թ-ից։ Մեծ ֆանտազիա պետք չէ պատկերացնելու համար, թե ինչ կլինի այդ գյուղացու հետ։
Հասկացա՞ք, թե ինչքան մենակ է գյուղացին։
Պետությունը, որը չի պաշտպանում իր հողը, իր հողագործին ու ֆերմերին իր հացահատիկ աճեցնողին, վաղը ստիպված է լինելու պաշտպանվել արտաքին շուկայից, դառնալու է կախյալ տարածք, օրինակ Թուրքիայից»։