Եթե նայում ենք Քրիստոսին ու ոչինչ չենք զգում
«Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհն, այլ որպեսզի փրկի աշխարհը։ Ով հավատում է Նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում, արդեն իսկ դատապարտված է»:
(Հովհաննես 3:17-18)
Աստված սեր է ու այդ սիրո ամբողջ հմայքն այն է, որ չկան պայմաններ. եթե լինես այսպիսին կամ այնպիսին՝ Ես քեզ կսիրեմ։ Աստված սիրում է հենց այնպես, առանց պատճառի: Սակայն այդ սերը մեր մեջ կարող է վերածվել օրհնության, կամ՝ դատապարտության։
Աստված չի դատում, այլ դատապարտությունը կախված է նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ սիրուն։ Օրինակ՝ տեսել ենք մի կտավ, որը մշակութային գլուխգործոց է ու ցանկանում ենք, որ մեր ընկերն էլ այն տեսնի ու հիանա վերջինիս գեղեցկությամբ։ Սակայն նա ոչինչ չի զգում, ասելով թե՝ սովորական կտավ է։ Մեր նպատակը այն չէ, որ նա գնահատական տար կտավին, այլ՝ նկատեր նրա գեղեցկությունը։ Իսկ արդյունքում ցույց տվեց իր կուրությունը։
Նույնը Քրիստոսի պարագային. եթե հանդիպում ես աստվածային սիրուն ու դրանից քո հոգին ցնծում ու ազնվանում է, ապա փրկության ճանապարհին ես, իսկ եթե ոչ՝ ապա դատապարտված։ Աստված չի դատում, Նա միայն սիրում է։
Ինչպես օրինակ՝ եթե արևի տակ դնես կավ և մեղրամոմ, առաջինը կկարծրանա, երկրորդը կհալչի։ Արևը նույնն է բոլորի համար, բայց ազդեցությունը տարբեր` կախված թե ինչ նյութ է։
Եթե նայում ենք Քրիստոսին ու ոչինչ չենք զգում, ապա Սերը դառնում է դատապարտություն։ Ուստի մնում է հասկանալ, թե մենք ի՞նչ նյութից ենք պատրաստված։
Տեր Եսայի քահանա Արթենյան