Մի դարձեք Աստծո ծաղրանքի առարկան
Ինչո՞ւ համար են խռովություն անում հեթանոսները, և ազգերը` ունայնություն մտածում: Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և Նրա օծյալի դեմ: Կոտրենք նրանց կապանքները և դեն գցենք նրանց չվանները մեզանից: Երկնքում բնակողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց: Սաղմոս 2.1-4 Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են մարդիկ անարգում ու ծաղրում Աստծո Խոսքը: Շատերը դուրս են գալիս Տիրոջ և Նրա օծյալի դեմ:
Գործք առաքելոցում կարդում ենք, որ երբ Սողոսը հալածում էր հավատացյալներին, Տերը հայտնվեց նրան և ասաց. «Սավո’ւղ, Սավո’ւղ ինչո՞ւ ես Ինձ հալածում»: Սողոսը հալածում էր ոչ թե անձամբ Քրիստոսին, այլ եկեղեցուն: Սակայն Տերն ասում է. «…ինչո՞ւ ես Ինձ հալածում»: Ուրեմն, ով դիպչում է Տիրոջ ծառային, դիպչում է Տիրոջ աչքի բիբին:
«Ինչո՞ւ համար են խռովություն անում հեթանոսները, և ազգերը` ունայնություն մտածում»: Այս խոսքերը վերաբերում են այն մարդկանց, ովքեր հաշտություն չունեն Տիրոջ հետ: Նրանք օգտագործում են մամուլը, հեռուստատեսությունը և այլ միջոցներ, որպեսզի դուրս գան Աստծո եկեղեցու դեմ, ծաղրեն Աստծո զավակների գործերը` առանց մտածելու, որ պատասխան են տալու Աստծո առջև: Աստվածաշունչն ասում է. «Երկնքում բնակողը ծիծաղում է, ծաղրում է նրանց»:
Այսօր ես ցանկանում եմ խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր դուրս են գալիս Տիրոջ դեմ. մի’ դարձեք Աստծո ծաղրանքի առարկան: Եթե Տերը ծաղրի, մարդը ողջ աշխարհի առջև ծաղրուծանակ կդառնա: Եկեք ապրենք Տիրոջ կամքով, չչարախոսենք մեկս մեկին, այլ, ինչպես Քրիստոսն ասաց, հանենք մեր աչքի գերանը: Այդ ժամանակ ուրիշի աչքի փուշը չենք էլ նկատի: Եկեք օրհնենք միմյանց և շարժվենք առաջ: Ամե’ն:
Արմեն Ալեքսանյան