Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված, իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն»:
Այս սնոտիաբանության հեղինակը ես չեմ՝ Նիկոլ Փաշինյանն է, ով փորձել է բացատրել, որ պետք է հավատալ խաղաղությանը, որպեսզի այն տեղի ունենա:
Դասական հիմարություն կլինի, եթե փորձեմ մեկնաբանել մանիպուլյացիաների և մարդկանց հիմարի տեղ դնելու նոմինացիայի գերաստղ Փաշինյանի մտավարժանքը:
Որքանով տեղյակ եմ՝ իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի: Այսինքն՝ ստացվում է, որ իսլամական աշխարհի հազարավոր մզկիթներում դարեր շարունակ խաղաղության ակնկալիքով արված աղոթքներն (սալաթ) անիմա՞ստ են եղել: Չէ՞ որ դրանից խաղաղություն չի եղել ու պատերազմները չեն դադարել: Թե՞ իսլամական աշխարհում չեն հավատում խաղաղությանը, բայց անիմաստ աղոթում են նրա համար:
Տասնյակ հազարավոր Քրիստոնեական եկեղեցիներում դարեր շարունակ խաղաղության աղոթքներ են հչել, բայց միևնույն է՝ հարյուրավոր պատերազմների միջով են անցել: Ստացվում է, որ առանց հավատալո՞ւ են աղոթել խաղաղության համար:
Եվ ընդհանրապես, կա՞ աշխարհում հավատքի որևէ օջախ, որտեղ չեն աղոթում խաղաղության համար կամ աղոթում են պատերազմի համար:
Իսկ իրականում, Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է: Այն ամբողջովին կախված է նրանց, թե աշխարհում հնարավոր կլինի՞ արդյոք պահպանել գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը: Արդեն խախտվում են համաշխարհային քաղաքականության բոլոր գրված ու չգրված տաբուները»:










































