ԱՄՆ-ն զգուշացնում է իր քաղաքացիներին. Թուրքիայում անվտանգ չէ
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ մեկնելուց: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի` պետքարտուղարության հայտարարությունում նշվում է, որ պատճառըմ Թուրքիայում ահագնացող ահաբեկչական գործողություններն են:
Բացի դրանից, պետքարտուղարությունը սահմանափակումներ է դրել այն ամերիկացի պաշտոնյաների այցելությունների վրա, որոնք պատրաստվում էին պաշտոնական այցեր կատարել Թուրքիայի Ստամբուլ քաղաք, ինչպես նաև հարավ-արևելյան շրջաններ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական գործողությունները հիմնականում լինում են մարդաշատ վայրերում, ինչպիսիք են ռեստորանները, գիշերային ակումբները, կրոնական վայրերը և այլն:
Առաջարկվում է նաև, որ Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներն ուշադիր հետևեն տեղական լրատվական աղբյուրներին և պահպանեն զգոնությունը: