Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով պահանջում է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտում պահվող հայ գերիներին․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարևիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որքան էլ քննադատենք եվրոպական կառույցներին, դժգոհենք, որ չեն աջակցում, բավարար չեն դատապարտում Արցախում տեղի ունեցած սպիտակ ցեղասպանությանը, մոտ 140 հազար հայ մարդու տնավեր լինելը, բռնի հայրենազրկվելը, միեւնույնն է, հասկանում ենք, որ ոչ մի եվրոպացի պաշտոնյա չի կարող եւ պարտավոր էլ չէ հայից ավելի հայ լինել, Հայաստանի խնդիրները տեսնել ու դրանց դեմն առնելու քայլեր ձեռնարկել հայ պատգամավորից, հայոց ընդդիմությունից, հայ մարդուց եւ հայկական կառույցներից ավելի։ Միաժամանակ, լինում են դեպքեր, երբ ուզում ես ամոթով ասել, որ երբեմն եվրոպացին շատ ավելի հայ է,միջազգային նորմերը հարգող, քան որոշ «նոր» հայեր։
Ահա, օրերս Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով պահանջում է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտում պահվող հայ գերիներին։ Քվեարկության թվերը ավելի քան խոսուն են։ 409 կողմ, 23 դեմ և 60 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված բանաձևով Եվրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ու անվերապահ ազատ արձակել Բաքվում պահվող հայ պատանդներին և ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:
Եւ այս ընթացքում ՀՀ Ազգային ժողովից չի հնչել նման, կամ՝ սրան մոտ որեւէ բանաձեւ, պահանջ, զգուշացում։ Դե, քպն «զբաղված է»՝ մեկ ինքն իր աշխատավարձերն է մի քանի զրոներով ավելացնում, ձեռքի հետ էլ «խաղաղության» չեղած փուչիկն է փչում, կողքից էլ՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր արշավանք է սկսում։
Եւ չկա, խանգարողը, թողնում են, որ «աշխատեն»։
Հ․Գ․Մեկնաբանությունում դիտեք ֆրանսիացի պատգամավորուհու ելույթը»։











































