Ո՞ւմ մոտ գնամ կամ ո՞ւմից օգնություն խնդրեմ
ԴՈՒ ԻՄ ՀԱՅՐՆ ԵՍ ՈՒ ՏԵՐՆ ԵՍ, ԻՄ ԱՐԱՐԻՉՆ ՈՒ ՍՏԵՂԾՈՂԸ, Ո՞ՒՄ ՄՈՏ ԳՆԱՄ ԵՎ ԿԱՄ ՈՒՄԻ՞Ց ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՄ
Եվ այժմ լվա մեղքերից և մաքրիր ցեխաթաթախ տիղմից: Քեզ խնդրեցի և Քեզ եմ աղաչում. կատարիր իմ փափագը. խառնի՛ր ինձ սուրբերի դասերին և արդարների ժողովին` նրանց, ովքեր հարաժամ վայելում եմ Քո բաղձալի տեսությունը: Համարձակ երեսով չեմ հայցում բարեգործի պես, այլ աղերսանքով խնդրում եմ, իբրև պարտապան և բազմամեղ: Ոչ … ունենալով համարձակվում եմ, իբրև մաքուր, այլ Քո մաքրությամբ իմ գարշահոտությունը մաքրել եմ աղաչում: Քանզի անթիվ են մեղքերիս բազմությունները և անօրենությանս հույլերը հանապազ խեղդում են ինձ, մշտապես ճմլում են սիրտս և հալում ու մաշում են մարմինս ու ոսկորներս:
Այն պատճառով եմ համարձակվում հանապազ պաղատել, աղաչել ու խնդրել, որովհետև Դու իմ Հայրն ու Տերն ես, իմ Արարիչն ու Ստեղծողը. ո՞ւմ մոտ գնամ և կամ ումի՞ց օգնություն խնդրեմ: Քո հանդեպ մեղանչեցի և Քո առջև եմ խոստովանում ու Քեզ եմ աղաչում. մի զրկիր ինձ Քո ողորմությունից և մի գցիր Քո երեսից:
Խնդրում եմ Քեզ` բարերար Տիրոջդ ու իմ բազմագութ Արարչիդ, հավիտենական ամոթով մի ամաչեցրու ինձ և այն մեծ Օրը մի դատապարտիր. տիեզերական հրապարակում ինձ մի հանդիմանիր, անողորմ տանջանքովդ մի տանջիր և սոսկալի գեհենովդ մի պատուհասիր: Այլ փրկիր հրացայտ հնոցներից ու հրեղեն հրահոսան գետերից, չարաժանիք որդերից ու անլույս խավարից, դառը դատաստաններից ու դաժան տանջանքներից, անքակտելի կապանքներից և անդադրում նեղություններից, մշտատև ողբերից ու ատամների կրճտոցից:
Այլ գթա մեղքերով վիրավորվածիս և բժշկիր անօրենությամբ հիվանդացածիս, ընդունիր, ինչպես այն հայհոյողին ու հալածչին, և ցրիր իմ մեղքերի բազմությունները, սրբիր պղծություններիցս, ինչպես այն պոռնիկին, և արդարացրու, ինչպես մաքսավորին: Ողորմիր ինձ, ինչպես այն քանանացուն, և ներիր իմ հանցանքները, ինչպես ավազակինը: Բնակեցրո՛ւ ինձ սրբերի դասերում և արդարների` (Քո) կամքը կատարողների խորաններում` անանց կյանքի վայելչության և անբավ բարիքների ուրախության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք հավիտյան. ամեն:
Սուրբ Եփրեմ Ասորի
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից