Բեռլինում բողոքի ցույց է տեղի ունեցել Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ
Երեկ` փետրվարի 25-ին Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների առջև տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են մի քանի տասնյակ գերմանահայեր, հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը:
Ցուցարարները կրում էին Սումգայիթի ողբերգական իրադարձությունները քննադատող պաստառներ: Ցույցի ընթացքում անցորդներին բաժանվում էին տեղեկատվական նյութեր` 1988թ. Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացված բարբարոսությունների վերաբերյալ:
Այս տարի կազմակերպիչները որոշել են ցույցն անցկացնել խաղաղ, որի հիմնական կազմակերպիչն էր Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Ներկա էին նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ ՍրբազանԳարեգինԲեկչյանը, Հյուսիսային Գերմանիայում հայկական համայնքների հոգեւոր հովիվ Տեր Գնելքահանա Գաբրիելյանը և հայկական համայնքի շատ անդամներ:
Խաղաղ ցույցի ավարտին հայկական եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագ՝ նվիրված Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ելույթներով հանդես են եկել Գերմանիայում հայոց ցեղասպանության հանձնախմբի ղեկավար, իրավապաշտպան, հայագետ տիկին Թեսա Հոֆմանը, դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Ցուցարարները կոչ են արել եվրոպացիներին անտարբեր չմնալ սումգայիթյան ողբերգության նկատմամբ, որոնց հաջորդեցին վերոնշյալ կոտորածները: Վերջիններս պահանջել են խստորեն դատապարտել ադրբեջանական իշխանությունների նվաճողական քաղաքականությունը։