Ասադը պատրաստ է խորհրդարանական ընտրություններ անցկացնել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է ռուս խորհրդարանականների հետ, որի ընթացքում ասել է, որ պատրաստ է քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունների հարցն ու անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին «Ինտեֆաքսի» հետ զրույցում նշել է ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն:
«Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայի Սահմանադրության փոփոխությունները, ինչպես նաեւ անցկացնել ազատ խորհրդարանական ընտրություններ բոլոր այն քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնց նպատակը Սիրիայի բարգավաճումն է»,- ասել է Յուշենկոն:
Հանդիպման ընթացքում Ասադը հրավիրել է ռուսաստանյան ընկերություններին մասնակցել Սիրիայի արդյունաբերական ու տնտեսական ներուժի վերականգնմանը, մասնավորապես` նավթի արդյունահանման եւ ազատված տարածքներում բնակավայրերի վերականգնման առումով: