24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կյանքը չի բուժվում ուժով, այլ Աստծո վստահությամբ. Մեծ պահքի 9-րդ օրն է

Այսօր Մեծ պահքի 9-րդ օրն է, և մեր խորհրդածության նյութը Առակաց գրքի 2․1 – 3․10 համարներն են։ Այս հատվածը մեզ կանգնեցնում է կյանքի ամենախոր հարցի առաջ՝ ինչի վրա ենք կառուցում մեր ճանապարհը․ մեր խելքի՞, թե Աստծո իմաստության։

Առակաց գիրքը իմաստությունը ներկայացնում է ոչ թե պարզապես որպես գիտելիք, այլ որպես կյանքի կերպ։ «Եթե ընդունես իմ խոսքերը և պահես պատվիրանները… ապա կհասկանաս Տիրոջ երկյուղը»․ այստեղ իմաստությունը ծնվում է հնազանդությունից։ Փիլիսոփայական իմաստով սա հակառակ է ժամանակակից մտածողությանը, որը մարդուն դնում է ամեն ինչի կենտրոնում։ Աստվածաշունչը, սակայն, ասում է․ մարդը ճշմարտությունը չի ստեղծում, այլ գտնում է այն՝ Աստծո կամքի մեջ։

«Մի վստահիր քո խելքին» խոսքը չի նսեմացնում միտքը, այլ բուժում նրա հպարտությունը։ Մարդկային բանականությունը սահմանափակ է ժամանակով, փորձով ու վախերով, իսկ աստվածային իմաստությունը բացում է այնպիսի հորիզոն, որում նույնիսկ տառապանքը կարող է դառնալ ուսուցիչ, իսկ կորուստը՝ նոր կյանքի սկիզբ։ Այստեղ փիլիսոփայական խոր միտք կա․ ճշմարտությունը ոչ միայն տրամաբանական է, այլ նաև էթիկական և հոգևոր։ Այն չի ապրում միայն գլխում, այլ նաև սրտում։

Առակացը ասում է․ «Քո բոլոր ճանապարհների մեջ ճանաչիր Նրան»։ Այս խոսքը մեզ հուշում է, որ հավատքը չպետք է սահմանափակվի աղոթքի պահերով։ Աստծո ճանաչումը նշանակում է Նրա ներկայությունը բերել աշխատանքի մեջ, ընտանիքում, որոշումների մեջ, նույնիսկ լռության մեջ։ Սա կյանքի ամբողջականության գաղափարն է․ երբ մարդը բաժանում է կյանքը «սուրբ» և «աշխարհիկ» մասերի, նա կորցնում է ամբողջությունը, իսկ երբ միավորում է դրանք Աստծո լույսի մեջ, կյանքը դառնում է իմաստավորված։

3-րդ գլխում հնչում է խոստումը․ «Պատվիրիր Տիրոջը քո կարողությունից, և քո շտեմարանները կլցվեն»։ Սա միայն նյութական օրհնության խոսք չէ։ Փիլիսոփայական իմաստով այստեղ խոսվում է նվիրաբերության գաղտնիքի մասին․ ով տալիս է, նա է իրականում ապրում։ Ով կուտակում է միայն իրեն համար, նա աստիճանաբար փակվում է աշխարհի առաջ։ Նվիրումը մարդուն դարձնում է բաց, իսկ բաց մարդը կարողանում է ընդունել թե՛ Աստծուն, թե՛ մյուսին։

Մեծ պահքը մեզ տանում է այս ճանապարհով․

ոչ միայն հրաժարվել սննդից, այլ հրաժարվել ինքնաբավությունից,

ոչ միայն լռեցնել մարմինը, այլ կրթել միտքը,

ոչ միայն աղոթել շուրթերով, այլ վստահել սրտով։

Այսօրվա ընթերցումը մեզ հիշեցնում է՝

իմաստությունը չի սկսվում գրքերից, այլ սկսվում է խոնարհությունից, ճշմարտությունը չի հաստատվում հաղթանակով, այլ հավատարմությամբ,

իսկ կյանքը չի բուժվում ուժով, այլ Աստծո վստահությամբ։

Թող այս պահքի օրը մեզ սովորեցնի ոչ թե ավելի խելացի լինել, այլ ավելի իմաստուն,

ոչ թե ավելի վստահ մեր վրա, այլ ավելի վստահ՝ Աստծո վրա,

և այդ վստահության մեջ գտնել մեր իրական խաղաղությունը։

Տեր Հեթում քահանա Թարվերդյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ