23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոգեկան վշտի արդյունքները

«Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծությամբ պիտի հնձեն» (Սաղմ. 125.5)։

Տառապանքը կամ վիշտը գոյություն ունի ամենուր. սա ամենքս էլ գիտենք: Այն մեր կամքից անկախ երբեմն գալիս ու ներխուժում է մեր ներաշխարհ, ջլատում է մեր կենդանությունը և սպառում մեզ՝ առանց ուշադրություն դարձնելու մեր գործադրած ջանքերին կամ ունեցած հարստությանը, տգիտությանը կամ իմաստնությանը:

Այն այնպես է վրա հասնում, որ մենք անկարող ենք լինում Ֆելիքսի՝ Պողոս առաքյալին ուղղած խոսքի նման ասել. «Դու առայժմ գնա՛, և երբ ժամանակը գա, ես կկանչեմ քեզ»:

Վիշտը չի սպասում, որ իր մոտ գնանք կամ իրեն հյուրասիրենք, նա ինքն է գալիս ու հաճախ հանկարծակի և ուժգին գրկախառնությամբ փարվում է մեզ: Եվ կարծես թե առանց նրա կամքի որևէ բան չի կարող մեզ ազատել նրա ճիրաններից:

Այն մարդը, որը չի տառապում և երբևէ չի տառապել ու այս աշխարհում վիշտ չի ունեցել, մի անհեթեթ բացառության դրսևորում է: Պիտի ասեի, թե այդպիսի մեկն ասես Աստծուց մոռացված լինի, սակայն պետք է գիտենալ, որ Աստված որևէ մեկին չի մոռանում:

Տառապանքը կամ վիշտն աշխարհում գոյություն ունեցող հնագույն խնդիրն է: Մի՛ լսեք ներկայիս մտածողներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ձեզ տարհամոզելու համար: Մի՛ հավատացեք նրանց խոսքերին, ովքեր ասում են. «Այս աշխարհի երեսին վիշտ չի լինի, եթե անտարբերությամբ ու հեշտասիրությամբ ապրես»:

Եթե մի հայացք նետենք հունական կամ հռոմեական հին աշխարհի վրա և քննենք նշանավոր փիլիսոփաների խոսքերը, միևնույն բանն է իբրև դարման առաջարկվում վշտի համար. հեշտասիրություն՝ Էպիկուրով, և անտարբերություն՝ ստոյիկյան Զենոնով:

Մեկ ուրիշ իմաստասեր էլ, որն ավելի խորությամբ է քննել վիշտը, նրա մեջ տեսել է նախախնամության խորհրդավոր գործիքը, որը ծառայում է մարդու դաստիարակությանը:

Այդ իմաստասերը Սենեկան է՝ հնագույն փիլիսոփայական աշխարհի մեծանուն այդ անձնավորությունը, որի գրությունները մի շարք հարցերում համապատասխանում են Ավետարանի բարձրագույն սկզբունքներին:

Սուրբ Գիրքը երբևէ դրութենական եղանակով չի խոսում ո՛չ այս կնճռոտ հարցի վերաբերյալ և ո՛չ էլ որևէ այլ խնդրի առնչությամբ: Սուրբ Գիրքը երբևէ փիլիսոփայական պատասխաններ չի տալիս մեր անկայուն ու հուզված մտքում հղացած բոլոր հայացքներին, սակայն Աստվածաշունչն այս կամ այն խնդրի մասին ինչ ասում է, բավարար է մեր մրմունջները կամ դժգոհությունները լռեցնելու համար, և սուրբգրային պատասխանները, միաժամանակ, մեր աչքերի առջև արդարացնում են նաև կենդանի Աստծու նկարագիրը:

Համաձայն Սուրբ Գրքի՝ վիշտը ոչ միայն մի բնական երևույթ է, ո՛չ թե պարզապես Արարչի սկզբնարար կամքի մի դրսևորում, և ո՛չ էլ ճակատագրական մի իրողություն, այլ այն հետևանք է Աստծու դեմ ուղղված անկարգության ու անհնազանդության:

Աստված չի ցանկացել և չի ցանկանում, որ վիշտը գոյություն ունենա. այն հաճելի չէ Աստծուն: Երբ մարդ հնազանդվում է Տիրոջն ու իր պարտավորությունները երկյուղածությամբ և ներդաշնակությամբ է իրագործում, այդ ժամանակ տառապանքն ինքնաբերաբար անհետանում է, և մարդ երջանիկ ու ուրախ է զգում ինքն իրեն:

Մարդ արարածը, սակայն, կարծես հնազանդությունից կամ համակերպությունից ավելի նախապատիվ է համարում ապստամբությունն ու ըմբոստությունը, և այդ պատճառով է, որ վիշտն անխուսափելիորեն ընկերակցում է մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ մարդն ապրում է աշխարհի երեսին:

Աստծուց հեռանա՛լն է, որ նշանակում է գերի լինել տառապանքին և վշտին. «Ապականվեցիր, ո՛վ Իսրայել, քանի որ հակառակվեցիր Ինձ՝ քո Օգնականին» (հմմտ. Օս. 13.9):

Ուրեմն վիշտն ու արտասուքը, տառապանքը և հեծկլտանքը, առհասարակ, հոգու ապստամբ կեցության հետևանքն են: Այն մեղքի նման գաղտնաբար սողոսկում է սրտի մեջ և սրտից՝ այդ մշտաբաց ու մշտաբուխ ակնաղբյուրից, համաչափորեն, համերաշխության խորհրդավոր օրենքով տարածվում է բոլոր, մինչև իսկ ամենաթույլ զգայարանների վրա:

Եվ այդպիսով ոչ մի օր, ոչ մի ժամ ու նույնիսկ ոչ մի րոպե մարդ առանց տառապելու և արտասվելու չի ապրում ու նույնիսկ չի մեռնում…

Մի կողմից Սուրբ Գիրքն ընդունում է այս մեծ սկզբունքը, ըստ որի՝ տառապանքն ու արտասուքը մեղքից են ծնվում, սակայն մյուս կողմից էլ պայծառ հնչերանգով հաստատում է, որ մեղքը նույն ինքը վիշտը չէ, և ոչ էլ ասել «վիշտ»՝ նշանակում է ասել «մեղք»:

Այլ խոսքով ասած՝ մեղքն ու վիշտը բնավ համարժեք չեն իրար: Սուրբ Գիրքը մերժում է այն գաղափարը, որ եթե մեկը վիշտ կամ արտասուք ունի, անկասկած մեղավոր մարդ է:

Աստվածաշունչն արգելում է, որ մենք մեր ձեռքը վերցնենք աստվածային կշեռքն ու մեր կարճ և անբավարար տեսողությամբ մեկնաբանենք Աստծու դատաստանը: Հոբ Երանելու վիշտն ու արտասուքը, տառապանքը և ցավը, կորուստներն ու հիվանդությունը մի՞թե մեզ պիտի մղեն ենթադրելու, թե այդ բարեպաշտ ու աստվածավախ մարդը մեղավոր մեկն էր. ո՛չ, բնա՛վ:

Արդյո՞ք Հիսուս էլ նույն բանը չի ուսուցանում, երբ Սելովամի աշտարակի տակ մնացածների մասին ասում է. «Կարծում եք, թե նրանք ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ: Ո՛չ, ասում եմ ձեզ»:

Մեր մեջբերած վերոնշյալ տեսակետներով մենք կարողացանք բավականաչափ քննել, թե վշտի մասին ինչ է վարդապետում իմաստասիրությունը, և թե ինչ՝ Սուրբ Գիրքը: Մենք, սակայն, նկատի առանք միայն խնդրի տեսական կողմը, կամ էլ, կարող ենք ասել, խնդիրը միայն մեկ կողմից ուսումնասիրեցինք:

Այժմ վիշտը դիտարկենք գործնական հողի վրա և տեսնենք, թե այն ինչ արդյունքներ ունի. այս կետը մեր քարոզի հաջորդ մասնաբաժինն է կազմում:

«Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծությամբ պիտի հնձեն»… Հոգեկան վիշտն ու արտասուքը սիրտն ու հոգին դաստիարակելու մեծագույն դերն ունեն մեր կյանքում: Առանց վարանելու կարող ենք ասել, որ ով արտասվելու և վշտի մեջ խոցված ու տառապած լինելու բախտին է արժանացել, սակայն շարունակել է բարի մնալ, նա ամուր կառչել է փրկության ճանապարհին:

Միևնույն ժամանակ, սակայն, ստույգ է, որ վիշտը կարող է բոլորովին հակառակ ազդեցությունն առաջ բերել: Սուրբ Օգոստինոսը վիշտը համեմատում է այն ջերմության հետ, որը հալեցնում է ոսկին, բայց և կարծրացնում է կավը, որը նպաստում է կյանքի արգասավորմանը, սակայն նաև արագացնում է մարդու տարրալուծումը:

Ուրեմն ամեն բան կախված է տառապողի ներքին վիճակից: Վիշտը, որը մենք կրում ենք, մեզանից ոմանց մեջ կարող է խոնարհություն ծնել: Արտասուքը ոմանց սիրտը նորոգում է, ոմանց էլ հյուծում և չարացնում է: Ոմանց համար դառնում է լուրջ ու հեզահամբույր հրեշտակ, որը մոտեցնում է ճշմարիտ կյանքին, իսկ ոմանց համար էլ զղջման արտասուքների նվիրական աղբյուր է դառնում:

Որոշ մարդկանց կիզող կրակի նման չորացնում ու խամրեցնում է նրանց հոգու խորքում գտնվող ապագայի բարոյական բոլոր սերմերը, ոմանց համար՝ օրհնություն, իսկ ոմանց համար էլ անեծք է դառնում:

Գողգոթայի բարձունքում հոգեվաքի մեջ գտնվող երկու թշվառներ կային, որոնք գտնվում էին Հիսուսի աջ և ձախ կողմերում. նրանք թեև հավասարապես նույն պատժին էին արժանացել, սակայն նրանցից մեկը հավատում էր, իսկ մյուսը՝ հայհոյում, մեկը զղջում էր, իսկ մյուսն՝ ընդվզում:

Նրանց, ովքեր տառապում են այն համոզմունքով, որ տառապանքը, վիշտն ու արտասուքն Աստծուց են ուղարկվել իրենց որպես բարերար և սրբարար բալասան, պիտի ցույց տամ, թե նմանատիպ տառապանքն ինչպիսի դրական հետևանքներ կարող է ունենալ և ինչպիսի բարերար պտուղներ կարող է տալ:

Վիշտը մոտեցնում է Աստծուն. շատերի համար Աստված միայն գաղափարական մի երևույթ է, առաջին մեծ Պատճառն ու Ստեղծիչը: Այդպիսի մարդկանց համար դա է բացարձակ ճշմարտությունը: Ուրեմն ի՞նչ պետք է անել, որպեսզի իմացական հավատքին կցվի ճշմարիտ, կրոնական հավատքը:

Շլայերմախերը՝ իմաստուն մտածողը, ասում է, որ մարդ պետք է ինքն իրեն կախման դնի Աստծուց: Այդ կախման զգացումից է, որ ծնվում է հավատքը: Ուրեմն ի՞նչն է, որ իսկապես առաջ է բերում այդ զգացումը. վիշտն ու արտասո՛ւքն են, որ խոնարհեցնում են մեր ամբարտավան գլուխները, և մենք նրանց «շնորհիվ» խոստովանում ենք մեր պարտությունը:

Վիշտն ու արտասո՛ւքն են, որ մեզ դեմ առ դեմ են հանում Աստծու առջև, և այնժամ մենք տեսնում ենք Նրա արդարությունն ու սրբությունը: Ահա ուրեմն արտասուքի ու վշտի բարի արդյունքը, որի մեջ ցնծության և ուրախության ձայներ կան Արարչին ու Նախախնամողին հասցեագրված:

Վիշտը բացահայտում է մարդուն. սա ապացուցելու առանձնակի կարիք չկա: Ժողովրդական իմաստությունն ասում է. «Մարդ այն ժամանակ է ճանաչվում, երբ տառապում է»: Ճանաչելի չէ նա, ում համար ամեն ինչ հաջող է ընթանում. ճանաչելի չեն այդպիսի մարդու ներքինը, սիրտն ու հոգին, սերը և հավատքը:

Պետք է ամենահարմարավետ վիճակից ցած ընկնել և անցնել թշվառության դառնությունների միջով՝ հասկանալու համար, թե ինչեր են տեղի ունենում մյուս մարդկանց սրտերում՝ թշվառացած աղքատի կամ կարծրասիրտ մարդու սրտում:

Հարկ է, որ մարդ վշտի մեջ ողբա արցունքներով ու տառապի, որպեսզի, եթե սրբություն և արդարություն ունի, բարություն ու անմեղություն ունի, դա է՛լ ավելի մեծ փայլով ու պայծառությամբ շողշողա:

Վիշտը ներգործում է գիտակցության վրա ու նվաճում է կամքը. վիշտն ու արտասուքն են, որ խորտակում և լուծարում են անձնասերների հպարտության շղթաները, ինչպես նաև համառ ու վայրագ ցանկությունների կապանքները:

Վիշտն ու արտասուքն էին, որ կռապաշտ քանանացուն մոտեցրին Քրիստոսին: Նա երբևէ չպիտի երազեր Քրիստոսի մոտ գնալու մասին, եթե իր սիրտն արյունոտված ու վիրավորված չլիներ իր դստեր սոսկալի և աղիողորմ պատկերով:

Արտասուքով ապրած ու վարած կյանքը ցնծության ողջույններով ամփոփվեց: Ո՞վ կարող էր այդ քանանացուց ավելի ուրախ և երջանիկ լինել. թերևս այդքան ցնծալից ուրախությամբ ու երջանկությամբ չողջուներ իր դստերն ու չկապվեր Հիսուսի սրտին, եթե չունենար այդ վիշտն ու տառապանքը:

Այդպես նաև Հայրոսը չպիտի կանչեր Հիսուս Փրկչին, եթե ականատես եղած չլիներ իր մահամերձ դստեր վիճակին: Հարցրե՛ք այն անթիվ հավատացյալներին, թե նրանք ինչո՞ւ են տարիներ ի վեր աշակերտում ու հետևում Քրիստոսին: Նրանք պիտի պատասխանեն, որ իրենց մտքով իսկ չէր անցնի դա անել, եթե իրենց սիրտը վշտերով խոցված չլիներ ու իրենց աչքերում արտասուք չհայտնվեր:

Առհասարակ, կարծիք կա, թե ուրախությունը հոգին սրտազեղ ու սիրելի է դարձնում, սակայն դա մի տեսակետ է, որն առաջանում է իրադարձությունների մակերևութային քննությունից: Այդ երևակայական, հարատև «երջանկությունն» այլ բան չէ, քան եսասիրությունը, որովհետև այդպիսի «երջանկության» ստույգ նպատակն է մոռացության մատնել նրանց, ովքեր տառապում են:

Դարձյալ, երբ Աստված կամենում է մեկի սրտից բխեցնել ճշմարիտ, խորին ու տևական սերը, գրեթե միշտ վշտով է բացում այդ սիրտը: Աստված վշտացյալներին հանձնեց մխիթարության գերագույն պատիվը: Այրին և սարկավագուհին ի սկզբանե կոչված էին այդ նույն գերագույն պատվին՝ մխիթարության ու վայելքի օրենքին, ճիշտ այնպես, ինչպես որ շնորհների օրենքի համաձայն էլ աղքատներն են, որ հարստացնում են ուրիշներին:

Ո՞րն է Եկեղեցու հաստատունության ու աշխարհի կերպարանափոխության պատճառը. օ՜հ, այդ միակ, անհամեմատելի ու անբացատրելի պատճառն այն վիշտն է, որն իր լրումը գտավ խաչի վրա…

Խաչի վրա է, որ մշտապես տեսանելի է վշտի ու արտասուքի անցամաքելի, բաց աղբյուրը, ուր մարդկության բոլոր սերունդները գալիս են իրենց ծարավը հագեցնելու… արտասուք, որը նորոգում ու պտղաբեր է դարձնում նույնիսկ ամենացամաքած սրտերը:

Եվ վերջապես, պետք է գիտենանք, որ հոգեկան վիշտն ու արտասուքը, իսկապես, թեև մեզ անհանգստություն և տագնապ են պատճառում, սակայն առաջացնում են նաև արդարություն ու ցնծություն, որոնք մարդ վայելում է խաղաղության և անդորրության մեջ (տե՛ս Ես. 32.17):

Ուրեմն գիտենանք, որ երբ վիշտ, արտասուք և տառապանք ենք ունենում, դրանք մեզ պիտի ավելի մոտեցնեն Աստծուն, պիտի ճանաչեցնեն մեր միջի մարդուն, պիտի խորտակեն մեր համառ կամքը, պիտի ոչնչացնեն մեր հպարտության, ինչպես նաև վայրագ ցանկությունների կապանքները, և մեզ պիտի դարձնեն սուրբ, հեզ, աստվածասեր ու մարդասեր, բարի և առաքինի, ու վերջապես մեզ պիտի արժանացնեն հավիտենական փառքի և պսակի, որպեսզի կարող լինենք փառաբանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. ամեն:

Ղևոնդ վրդ. Դուրյան (Կ. Պոլիս), «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար»,Կ․ Պոլիս, 1905 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ