Ո՞վ է «ապահովում» Հանրայինի եթերը․ պայմանագիր ռեստորանային ցանցի հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ 12.12.2025-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը պայմանագիր է կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ՝ «եթերի ցուցադրման ապահովման ծառայության» համար։
Պայմանագրի արժեքը՝ 2 մլն 148 հազար դրամ։
Բայց այստեղ խնդիրը միայն գումարը չէ, այլ՝ տրամաբանությունը։
Դավիթ Երեմյանի ընկերությունը հանրությանը հայտնի է որպես սննդի մատակարար և ռեստորանային ցանցի սպասարկման կազմակերպություն։ Հանրայինի եթերի «ապահովումը» ե՞րբ դարձավ ռեստորանային ծառայություն։ Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում, թե՞ սնունդ է մատուցում։
Եթե խոսքը տեխնիկական հեռարձակման մասին է՝ Հանրայինն ունի սեփական տեխնիկական ռեսուրս, բյուջե, աշխատակազմ։ Եթե խոսքը միջոցառման կազմակերպման մասին է՝ ինչո՞ւ է ձևակերպումը «եթերի ցուցադրման ապահովում»։ Իսկ եթե սա պարզապես հերթական ձևական ծառայությունն է՝ գեղեցիկ անվան տակ, ապա հանրությունը լիարժեք իրավունք ունի իմանալու՝ ինչի համար է վճարվել պետական միջոցներից 2 միլիոնից ավելի դրամ։ Համենայնդեպս պայմանագրի ուսումնասիրությամբ այս հարցերի պատասխանները չեն տրվում։
Հիշեցնենք, որ հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է հարկատուների հաշվին։ Այդ նույն հարկատուները իրավունք ունեն հասկանալու՝ եթերը հիմա խոհանոցում է ապահովվո՞ւմ, թե՞ մրցույթներն են հարմարեցվում արդեն հայտնի իշխանահաճո գործարար-գործընկերներին։
«Ժողովուրդ»-ը ներկայացնում է նաև պայմանագրի էկրանապատճեն՝ փաստաթղթային հիմնավորմամբ։
Հանրայինը պետք է բացատրի՝ կոնկրետ ի՞նչ ծառայություն է մատուցվել, ի՞նչ ծավալով, և ինչո՞ւ հենց ռեստորանային բիզնեսով զբաղվող ընկերությունն է ընտրվել եթերի «ապահովման» համար։
Փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Հովհաննես Մովսիսյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան»։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:









































