19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անհավասար պայքարի մեջ էր մրցակիցների, հիվանդությունների և աղքատության հետ. Այսօր Մոցարտի ծննդյան օրն է /վիդեո/

Այսօր` հունվարի 27-ին, աշխարհահռչակ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան օրն է:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել է 1756 թվականի հունվարի 27-ին ավստրիականԶալցբուրգ քաղաքում: Վոլֆգանգը ընտանիքի յոթերորդ երեխան էր: Ծնողներն անհանգիստ էին որդու կյանքի համար, քանի որ մանկական տարբեր հիվանդություններից մահացել էին նրա հինգ քույրն ու եղբայրը: Մոցարտը ծնվել է այնպիսի ընտանիքում, ուր իշխում էր սերն ու երաժշտությունը:

 

Վոլֆգանգ Մոցարտի առաջին ուսուցիչը նրա հայրն էր (ջութակահար և կոմպոզիտոր): Մոցարտը 4 տարեկանից նվագել է կլավեսին, 5–6-ից՝ ստեղծագործել: 1762 թ-ից հոր և քրոջ՝ Աննա-Մարիայի հետ 3 տարի համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Տաղանդավոր պատանու ստեղծած թովիչ մեղեդիները և պրոֆեսիոնալ կատարումները երաժշտասեր հասարակայնությունն ամենուր ընդունել է ցնծությամբ. նրան անվանել են «XVIII դարի հրաշամանուկ»: Մոցարտի ստեղծագործական հասունացմանը նպաստել է նաև նրա ծանոթությունը բազմաթիվ մշակութային կենտրոններին, հոգևոր արժեքներին և ժամանակի խոշորագույն երաժիշտների ու կատարողների հետ: 

Վեցամյա կոմպոզիտորի՝ ջութակի և կլավեսինի համար գրած ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են Ֆրանսիայում: Մոցարտը 8 տարեկանում գրել է առաջին սիմֆոնիան, 11–12 տարեկանում՝ առաջին երաժշտադրամատիկական գործերը («Ապոլլոնը և Հիակինթոսը», «Բաստիենն ու Բաստիենան»): 1770 թ-ին 14-ամյա Մոցարտն ընտրվել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ, որտեղ կոմպոզիցիայի դասեր է առել իտալացի տեսաբան և կոմպոզիտոր Ջովաննի Մարտինիից: 

1770 թ-ին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի պատվերով գրել է «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան, որը հաջողությամբ բեմադրվել է Իտալիայում: 

Մոցարտը 1769–77 թ-ին Զալցբուրգում  եղել է պալատական կոնցերտմայստերը, 1779 թ-ից՝ երգեհոնահարը, սակայն 1781 թ-ին հեռացել է պալատից, որտեղ ստեղծված  պայմանները վիրավորել են նրա արժանապատվությունը: Կյանքի վերջին 10 տարին ապրել է Վիեննայում: Այդ ժամանակահատվածը նրա ստեղծագործության ծաղկման շրջանն էր: 

Մոցարտի երաժշտությանը հատուկ են հոգեբանական խորությունը, դրամատիզմը, երաժշտական կատարյալ ձևերն ու վառ մեղեդայնությունը: Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում. գրել է 23 օպերա, 50-ից ավելի սիմֆոնիաներ, շուրջ 50 կամերային-գործիքային ստեղծագործություններ (տրիո, կվարտետ, կվինտետ), 27 կոնցերտ՝ տարբեր գործիքների և նվագախմբի համար, դաշնամուրի՝ 17, ջութակի և դաշնամուրի 43 սոնատներ, 12 մեսսա, 33 սերենադ և այլն: Մեծ է Մոցարտի ներդրումն օպերային ժանրում. «Առևանգում հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ» գործերը համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներից են: Մոցարտի վերջին ստեղծագործությունը հանրահայտ «Ռեքվիեմն» է, որը, կոմպոզիտորի ցանկությամբ, պետք է հնչեր իր հոգեհանգստին:

Մոցարտի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում: Նրա անունով է կոչվել խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

Անձնական կյանքը

Եվ չնայած իր ահռելի փառքին` Մոցարտը պարզ ու բնական մարդ էր: Տարիների հետ Մոցարտի կյանքը փոխվեց: Ցածրահասակ, գունատ, հասարակ արտաքինով Մոցարտը այդպես էլ չկարողացավ գրավել հարուստ հովանավորների ուշադրությունը, քանի որ ոչ ոք նրան չէր ընկալում որպես լուրջ ու հասուն կոմպոզիտոր: Նա այդպես էլ չկարողացավ այնպիսի աշխատանք գտնել, որը նրան հնարավորություն կտար լրջորեն զբաղվել ստեղծագործելով: Շատ թանկ ժամանակ էր ծախսվում երաժշտական դասերի վրա, որ Մոցարտը ստիպված տալիս էր, որպեսզի ապրելու փող վաստակի: Իր ողջ կյանքում Մոցարտը անհավասար պայքարի մեջ էր մրցակիցների, հիվանդությունների և աղքատության հետ: Այդ պայքարում Մոցարտը պարտվեց: Կոմպոզիտորն ու իր կինը` Կոնստանցիան իրենց հնարավորությունների չափով չէին ապրում: Նրանք սիրում էին վայելել կյանքը, իսկ փողը նրանք ֆանտաստիկ արագությամբ էին ծախսում: Նրանք սիրում էին հյուրեր ընդունել, իսկ դրա վրա նույնպես ահռելի գումարներ էին գնում: Մոցարտը մահացավ 35 տարեկանում երիկամների հիվանդությունից: Նա պարտք մնաց իր ընկերներին, դերձակին ու պաստառագործին: Ուժեղ անձրևի պատճառով կինն ու ընկերները չկարողացան գնալ գերեզմանատուն: 17 տարի անց միայն Կոնստանցիան իմանում է, որ Մոցարտին թաղել են աղքատների ու անտունների ընդհանուր գերեզմանոցում: Մանկուց Մոցարտը շրջապատված էր կանանցով: Նա վայելում էր նրանց հետ սիրախաղն ու մեկ անգամ չէ, որ ասել էր, որ եթե նա ստիպված լիներ ամուսնանալ բոլոր այն կանանց հետ, ում հետ երբևէ սիրախաղ է ունեցել, ապա առնվազն 100 կին էր ունենալու: Երբ նա 20 տարեկան էր, Մոցարտը սիրային նամակագրություն էր պահպանում իր սիրելի զարմուհու հետ: Իր բազմաթիվ համերգներից մեկի ժամանակ Մոցարտը լրջորեն սիրահարվում է 16-ամհա գեղեցկուհի Ալոիզա Ուեբերի հետ, ով պատրաստվում էր օպերային երգչուհի դառնալ: Երբ նրանց հարաբերությունների մասին իմանում է Մոցարտի հայրը, նա կարգադրում է որդուն իսկույն վերադառնալ, քանի որ համարում էր, որ Ուեբերներն իրենց հասարակական դիրքով զիջում էին իրենց: Մի քանի ամիս անց Մոցարտը կրկին հանդիպում է Ալոիզային, ով այդ ժամանակ արդեն օպերային երգչուհի էր: Պարզվում է, որ աղջիկն արդեն մոռացել էր Մոցարտին ու չէր պատրաստվում վերականգնել իրենց հարաբերությունները: 25 տարեկանում Մոցարտն ուշադրություն է դարձնում Ալոիզայի կրտսեր քրոջը` անգրագետ ու երաժշտությունից հեռու Կոնստանցիային: Հորն ուղղված նամակում Մոցարտը գրել էր, որ Կոնստանցիան գեղեցիկ չէ, սակայն ոսկի սիրտ ունի և հիանալի տան տիկին կլինի: Այս անգամ Ուեբերների մայրն ամեն ինչ անում է, որպեսզի Մոցարտին իրենցով անի: Նա ինքն է լուրեր տարածում, թե Մոցարտն արդեն չափազանց մոտ է Կոնստանցիայի հետ, ապա հայտնում է Մոցարտին, որ իրենց ինտիմ կապի մասին բոլորն են խոսում, և ինքը վստահ է, որ աղջկա պատիվը գետնով է տված: Խորամանկ կինը Մոցարտին ընտրության առջև է կանգնեցնում. կամ Մոցարտն առհավետ լքում է Կոնստանցիային, կամ էլ ամուսնանալու պարտադիր պայմանագիր է կնքում, որը խզելու դեպքում ստիպված էր տարեկան 300 գուլդեն մուծել: Մոցարտը չէր պատրաստվում լքել Կոնստանցիային: Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԵրբ նրանք ամուսնացան, Մոցարտը 26 տարեկան էր, Կոնստանցիան` 19: Նրանց համատեղ կյանքը տևեց 9 տարի և իսկապես երջանկացրեց նրանց: Նրանք սազում էին իրար: Կոնստանցիան երբեք չէր բողոքում դժվար կյանքից և փողի մշտական բացակայությունից: Ընտանիքում ծնված վեց երեխաներից կենդանի մնաց ընդամենը երկուսը: Մի անգամ նրանց տուն հյուր է գալիս և տեսնում, որ ամուսինները միմյանց գրկած պարում էին: Դա ոչ թե սիրո արտահայտում էին, այլ նրանք դա անում էին, որպեսզի տաքանան: Նրանք պարզապես փող չունեին, որ փայտ գնեն: Մոցարտի մահից հետո Կոնստանցիան սարսափելի հիսթերիկայի մեջ էր: Հետագայում նրա երկրորդ ամուսինն օգնում է նրան գրել Մոցարտի առաջին կենսագրությունը: Լեգենդները հավաստում են, որ Մոցարտը բազմաթիվ արտամուսնական կապեր է ունեցել: Սակայն նա երբեք Դոն Ժուան չի եղել: Լարված աշխատանքը խլում էր Մոցարտի ողջ ժամանակն ու ուժերը: Եթե նա որևէ տեղ էր գնում, ապա կնոջը սիրառատ նամակներ էր գրում: Այդ նամակներից կարելի է եզրակացնել, որ Մոցարտն ամուսնական հավատարմության իդեալ էր: Բացի այդ` Մոցարտն ինքն է մի անգամ խոստովանել, որ չի ցանկանում պատահական կապեր ունենալ, որովհետև վախենում է վեներական հիվանդություններից:

Աղբյուր` Blog.Liberal.am

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ