“Tagesspiegel” օրաթերթի անդրադարձը Հայոց Ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշմանը
Գերմանական “Der Tagesspiegel” օրաթերթը հունվարի 23-ին հրապարակել է Մաթիաս Մայսների հոդվածը՝ “Դաշնային կառավարությունը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին” վերնագրով:
Հեղինակը հոդվածը սկսում է այն իրողության ներկայացմամբ, որ աշխարհի ավելի քան 20 երկիր հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի տեղահանումն ու ջարդերը հստակորեն որակել է իբրեւ ցեղասպանություն: Նա միեւնույն ժամանակ փաստում է, որ չորս երկրում՝ Հունաստանում, Շվեյցարիայում, Սլովակիայում եւ Իսպանիայում ցեղասպանության ժխտումը կարող է ընդհուպ
քրեորեն հետապնդվել: Դաշնային կառավարությունը, սակայն, շարունակում է չցանկանալ կիրառել “ցեղասպանություն” եզրույթը. այս մասին պարզ է դառնում թերթին տրամադրված կառավարության պատասխանից՝ ուղղված ձախերի խորհրդարանական խմբակցության հարցմանը:
Հեղինակը հակիրճ ներկայացնում է ապրիլի 24-ի էությունը, մանրամասնում օրվա նշանակությունը:
Հիշյալ դիմում-հարցումը կառավարությանն էր ներկայացրել ձախ պատգամավոր Ուլլա Յելփկեն և մի քանի այլ պատգամավորներ: Ու. Յելփկեն անընդունելի է համարում հարցի շուրջ կառավարության որդեգրած դիրքորոշումը:
Թերթին տված մեկնաբանությունում նա ասել է, թե Դաշնային կառավարությունն իր այս պնդմամբ խուսափում է համատեղ պատասխանատվություն ստանձնել այն ժամանակվա հանցագործության համար. “Քանզի Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության մոտ դաշնակիցն էր, ինչպես նաեւ մեղսակիցը եւ ինչ-որ չափով նաեւ՝ հանցակիցը”:
Հեղինակն իր հոդվածում խոսում է նաեւ Բունդեսթագի՝ 2005 թվականին ընդունած բանաձեւի մասին, որտեղ եւս խուսափել են ուղղակիորեն կիրառել ցեղասպանություն բառը. տերմինը, այդուհանդերձ, մեկ անգամ հիշատակում են բանաձեւում՝ հղում անելով “բազմաթիվ անկախ պատմաբանների, խորհրդարանների եւ միջազգային կազմակերպությունների”:
Կառավարության պատասխանում ասված է նաեւ, որ “այս պահի դրությամբ” հարյուրամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառում Դաշնային կառավարությունը չի ծրագրել:
Ձախերին տված պատասխանում կառավարությունը խոստովանում է նաեւ, որ սահմանափակ ձեւով է հաջողվել դաշնային միջոցներով ֆինանսավորվող Լեփսիուսի տուն հետազոտական կենտրոնի շնորհիվ հաշտեցում ապահովել գերմանացիների, հայերի եւ թուրքերի միջեւ: Իբրեւ պատճառ առաջ է քաշվում թուրքերի գնահատականը՝ կենտրոնի հայամետ դիրքորոշում ունենալու մասին: