Ահավասիկ ես Տիրոջ աղախինն եմ
Ավետման տոնը բացահայտում է մեր կյանքի մեծագույն հրաշքը: Իսկ այդ հրաշքի էությունը կայանում է ոչ թե նրանում, որ Կույսը հղիացավ, այլ՝ որ Ինքն` Աստված Իրեն նույնացրեց մարդուն և այն ամենին, ինչ տեղի է ունենում մարդու կյանքում: Այս հրաշքը չէր կարող տեղի ունենալ միայն Աստծո կամքով: Հավանաբար, Սուրբ Գրքի բացահայտումներից ամենամեծն այն է, որ Աստված երբեք չի բռնանում մարդու կամքին, թույլ է տալիս մեզ ազատ ընտրության: Ուստի, Աստված հենց այնպես երկնքից չիջավ ու հանգրվանեց Սուրբ Կույսի արգանդում. նախ` Աստված Գաբրիել հրեշտակի միջոցով ակնկալում էր համաձայնությունը Աստվածամոր և միայն այն ժամանակ, երբ Աստվածամայրը խոնարհաբար համաձայնում է ասելով. «Ահավասիկ ես Տիրոջ աղախինն եմ, թող լինի Տիրոջ կամքը», Սուրբ Հոգին իջնում է Աստվածամոր վրա և Բանը Մարմին է դառնում, որտեղից և սկսվում է ավետարանական մյուս պատմությունները` Ծնունդ, փախուստ Եգիպտոս, փորձություն, բժշկություններ և հրաշքներ, Վերջին ընթրիք և ձեռբակալություն, Խաչելություն և Հարություն: Մեր փրկության ամբողջ պատմությունը սկսվում է Ավետման տոնի խորհրդից, երբ հրեշտակը սպասում է Կույսի պատասխանին: Աստված ոչ թե միայն խոսում է մարդու հետ, այլ նաև ցանկանում է լսել նրան: